Անի Սամսոնյանի ելույթը ԵԱՀԿ ԽՎ Մարդու իրավունքների կոմիտեում
Ինչպես գիտեք, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ և Սիրիայից բերված վարձկաններին ներգրավելով, ագրեսիվ հարձակում գործեց Արցախի վրա։ Շուրջ 44 օր տևած պատերազմից հետո հայտարարվել է հրադադար Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև նոյեմբերի 9-ին կնքված հրադադարի եռակողմ հայտարարությամբ։
Հայաստանը կետ առ կետ կատարել է իրեն վերաբերող պայմանագրով նախատեսված բոլոր պարտավորությունները։ Հայտարարության դրույթներից մեկով Հայաստանը և Ադրբեջանը ստանձնել են պարտավորություն փոխանակելու ռազմագերիների և գերեվարված այլ անձանց։ Նույնիսկ եթե այս կետը չլիներ պայմանագրում, միջազգային մարդասիրական իրավունքի՝ Ժնևի 3-րդ կոնվենցիայի համաձայն ռազմական գործողությունները դադարելուց անմիջապես հետո ռազմագերիները պետք է ազատ արձակվեն և հայրենադարձվեն։ Հայաստանը և Ադրբեջանը պայմանավորվել էին նաև ռազմագերիներին փոխանակել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։
Սակայն Ադրբեջանը ոչ միայն արհեստական ձգձեց այս գործընթացը, այլև պատերազմից հետո հարձակում գործեց Արցախում հայկական ուժերի տիրապետության տակ գտնվող Հադրութի շրջանի երկու գյուղերի վրա և ևս 64 հայ զինվոր գերեվարեց։ Ավելին՝ նրանց նկատմամբ Ադրբեջանում հարուցվեցին քրեական գործեր, որպեսզի վերջիններիս ներկայացնեն որպես ահաբեկիչներ և պատժեն։
Կարդացեք նաև
Պետք է նշեմ, որ գերիների հայրենադարձման հարցը բացառապես միջազգային մարդասիրական իրավունքի հարց է, որն Ադրբեջանը քաղաքականացնում է և դրանով փորձում է անընդհատ ճնշում գործադրել Հայաստանի վրա, այսպիսով նաև օգուտներ քաղել միջազգային իրավունքի խախտումով։ Պաշտոնական Բաքվի կողմից այս վարքագիծը որակում ենք որպես ահաբեկչական։
Ադրբեջանը մինչև այսօր նույնիսկ չի հաստատում, թե քանի հայ ռազմագերի կա իրենց մոտ և քանի կյանքի համար է այդ երկիրը կրում պատասխանատվություն։ Հաշվի առնելով էթնիկ ատելության և հայատյացության բարձր մակարդակը Ադրբեջանում՝ մենք չենք կարող հանգիստ լինել մեր ռազմագերիների կյանքի և առողջության համար, որ նրանց չեն ծեծի, չեն խոշտանգի, առողջությանը վնաս չեն հասցնի միայն նրա համար, որ նրանք հայ են։ Առկա են բազմաթիվ տեսանյութեր և փաստեր ադրբեջանցիների կողմից հայերի նկատմամբ վատ վարվելակերպի մասին։
Հարգելի գործընկերներ, մարդասիրական այս գործընթացի չարաշահումը պետք է խիստ գնահատականի արժանանա միջազգային կառույցների և հանրության կողմից։ ԵԱՀԿ ԽՎ անդամ պետություն Ադրբեջանին պետք է ստիպել վերադարձնելու բոլոր հայ ռազմագերիներին։
Հակառակ դեպքում՝ համարում ենք, որ Ադրբեջանը ահաբեկչական երկիր է, որը ռազմագերիներին պահում է որպես պատանդներ՝ նրանց վերադարձնելու դիմաց անընդհատ ինչ-որ զիջումներ կորզելու նպատակով։
«ԼՈՒՍԱՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ