Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գերագույն հոգևոր խորհուրդն ավարտել է իր աշխատանքները

Փետրվար 27,2021 14:42

Փետրվարի 23-ից 26-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով ընդլայնված կազմով: Ժողովի նիստերն ատենապետեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային բաժնի տնօրեն Տ․ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը։

Քառօրյա ժողովի ընթացքում քննարկվեցին պատերազմի հետևանքով արձանագրված կորուստների, ներքաղաքական իրավիճակի, հետպատերազմյան վտանգների, զոհվածների ընտանիքների, գերության մեջ հայտնվածների, անհայտ կորածների, պատերազմից տուժած մյուս անձանց, ինչպես նաև Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության հետ առնչված խնդիրներ և անդրադարձ կատարվեց հիշյալ հարցերի ուղղությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից ձեռնարկվող քայլերին։

ԳՀԽ անդամները կարևորեցին Եկեղեցու հետևողական ջանքերը՝ ի նպաստ հանրային կյանքում առկա զանազան մարտահրավերների հաղթահարման։ Կենսական նկատվեց անհրաժեշտ հոգևոր խնամքի հետ մեկտեղ շարունակելու դեռևս պատերազմի օրերին Եկեղեցու նախաձեռնած հումանիտար աջակցության ծրագրերը՝ թեթևացնելու պատերազմի հետևանքով առաջացած սոցիալական խնդիրները, նպաստելու Հայաստանում ապաստան գտած արցախցի ընտանիքներին հնարավորության դեպքում վերադառնալ իրենց բնակության վայրերը։

Գերագույն հոգևոր խորհուրդն ի մասնավորի թելադրեց շարունակել գերության մեջ հայտնվածների վերադարձի և անհայտ կորածների հայտնաբերման ուղղությամբ տարվող աշխատանքները։

Մասնավոր մտահոգություն արտահայտվեց ՀՀ Զինված ուժերի հրամանատարության փետրվարի 25-ի հայտարարության և վարչապետի արձագանքին հետևած նոր լարվածության կապակցությամբ, որի առնչությամբ Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես եկավ առանձին հայտարարությամբ։

 

ԳՀԽ անդամներին ներկայացվեց նաև Մայր Աթոռի Կրթական հարցերով ենթախմբի զեկույցը ԿԳՄՍ նախարարության կողմից նախաձեռնված կրթական բարեփոխումների և ի մասնավորի՝ հանրակրթական դպրոցում «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի հետագա դասավանդման շուրջ նախարարության ներկայացուցիչների հետ ունեցած քննարկումների արդյունքների վերաբերյալ։ Տեղեկացվեց, որ ենթախումբը կրթական բարեփոխումների կարևորությունը դիտարկում է ապագա սերնդի բացառաբար հոգևոր-ազգային կրթության և դաստիարակության համատեքստում և այս ուղղությամբ պնդում է Հայոց Եկեղեցու պատմության ամբողջական ծավալով, իբրև առանձին առարկա ուսուցման անհրաժեշտությունը։ Միաժամանակ մտահոգություն արտահայտվեց պետական լիազոր համապատասխան մարմնի կողմից առարկայի առչությամբ որդեգրված ոչ ընդունելի մոտեցումների կապակցությամբ։

Գերագույն հոգևոր խորհուրդը, ընդգծելով «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդման կարևորությունը, թելադրեց ենթախմբին մեկ անգամ ևս գրությամբ ԿԳՄՍ նախարարության ուշադրությանը հանձնել «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդման հետ կապված Եկեղեցու դիրքորոշումները։

Քննության առնվեցին նաև բարեգործական որակվող ծրագրերի շրջանակներում Մայր Աթոռի կողմից իրականացվող մի շարք ծառայությունների և աշխատանքների հետ կապված հարցեր։ Ընդգծվեց, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարոգործական մի շարք ծրագրեր պետական համապատասխան լիազոր կառույցի կողմից որակվել են որպես այդպիսին և աշխատանքներն այդ ուղղությամբ ընթանում են։

Միաժամանակ մտահոգությամբ արձանագրվեց, որ որոշ խնդիրներ են առաջացել Մայր Աթոռի կողմից ներկրվող ապրանքների, մասնավորապես՝ մոմի հումքի մաքսազերծման հարցում։ Առաջացած հիշյալ խնդիրների պատճառով էապես նվազել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մոմերի պաշարները, ինչն առաջիկայում դժվարացնելու է եկեղեցիներում մոմավառության պատշաճ կազմակերպման գործընթացը։
Գերագույն հոգևոր խորհրդի անդամներն իրենց տարակուսանքն արտահայտեցին դրսևորված նման մոտեցումների առիթով՝ նկատի ունենալով, որ Եկեղեցին երբևէ, անգամ խորհրդային շրջանում, նման դժվարությունների առջև չի գտնվել։ Գերագույն հոգևոր խորհուրդը թելադրեց Մայր Աթոռի համապատասխան կառույցներին պետական պատկան մարմինների հետ քննարկել հիշյալ խնդիրները և հետամուտ լինել դրանց կարգավորմանը։

Գերագույն հոգևոր խորհրդի ժողովում լսվեցին զեկույցներ և քննարկումներ ծավալվեցին Ազգային-Եկեղեցական ժողովի գումարման կազմակերպչական աշխատանքների, Մայր Տաճարի ամրակայման և հիմնանորոգության ընթացքի մասին։ Ներկայացվեց նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի 2020 թվականի գործունեության տեղեկագիրը։

Ժողովը փակվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի գնահատանքի խոսքով և աղոթքով։

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728