Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախի Հանրապետությունը չի կարող լինել Ադրբեջանի մաս, չի կարող լինել որևէ ինտեգրում, և մեր ժողովուրդը չի կարող ապրել մեր սեփական երկրում որպես «Ադրբեջանի քաղաքացի». Արտակ Բեգլարյան

Փետրվար 27,2021 14:18

«Արցախպրես» – Արցախի Հանրապետությունը չի կարող լինել Ադրբեջանի մաս․ այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ փետրվարի 26-ին տեղի ունեցած ասուլիսի ընթացքում արած այն հայտարարությանը, թե Արցախի կարգավիճակի հարցը պետք է դուրս գա քաղաքական օրակարգից։

«Արցախի Հանրապետությունը չի կարող լինել Ադրբեջանի մաս, չի կարող լինել որևէ ինտեգրում, և մեր ժողովուրդը չի կարող ապրել մեր սեփական երկրում որպես «Ադրբեջանի քաղաքացի»:

Մեր իրացված ինքնորոշման իրավունքը պետք է ամբողջությամբ և միջազգային մակարդակով ճանաչվի»,- գրել է Արտակ Բեգլարյանը։

ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը հակազդել է նաև Ալիևի՝ գերիների մասին այն պնդումներին, թե իբր Ադրբեջանում գտնվում են միայն ահաբեկիչները, և պաշտոնական Բաքուն վերադարձրել է բոլոր գերիներին և զոհվածների մարմինները:

«Ալիևը ստում է, քանի որ Ադրբեջանը պահում է ոչ միայն հետպատերազմյան շրջանում գերեվարվածներին, այլ նաև՝ պատերազմական ժամանակաշրջանում գերեվարված քաղաքացիական անձանց (ներառյալ կանայք և տարեցներ) և բազմաթիվ ռազմագերիների՝ անհերքելի ապացույցներով: Ինչ վերաբերում է հետպատերազմյան ժամանակաշրջանում Խծաբերդում գերեվարված 62 անձանց, ապա նրանք ոչ մի մարտում չեն ներգրավվել»,- գրել է Բեգլարյանը:

Ըստ պաշտոնյայի՝ Ադրբեջանը խոշտանգելով բանտում սպանել է որոշ գերիների՝ հավանաբար նկատի ունենալով Ալիևի կողմից ներկայացված Միշա Մելքումյանի և այլ դեպքերը:

«Հայատյացության մակարդակը Ալիևի խոսքում շարունակական է, ինչը խաղաղ տրամադրությունների նշան չէ:

Հայերի նկատմամբ քսենոֆոբիան Ադրբեջանի հասարակության մեջ ունի խորը, տարածված և ագրեսիվ դրսևորումներ, որոնք հստակ խրախուսվում են իշխանությունների և հենց նախագահի կողմից»,- ընդգծել է Արտակ Բեգլարյանը։

«Եթե Ալիևն ասում է, թե իբր ոչ մի ապացույց չի հայտնաբերվել Ադրբեջանի կողմից վարձկանների ներգրավման վերաբերյալ, ապա ի՞նչ կասեք կալանավորված վարձկանների, նրանց վկայությունների, Ռուսաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Իրանի և այլ երկրների կողմից ամենաբարձր մակարդակով հնչեցված հայտարարությունների մասին:

Նա կարծես ասում է աշխարհին. «Մենք արեցինք, բայց դուք չկարողացաք ապացուցել»»,- եզրահանգում է Բեգլարյանը:

Անդրադառնալով Արցախ մուտքի վիզայի վերաբերյալ Ալիևի հոխորտանքին ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը գրել է. «Ադրբեջանը չի կարող որևէ դեր ունենալ Արցախի Հանրապետություն օտարերկրացիների մուտքի ընթացակարգերում:

Դա մեր բացառիկ իրավունքն ու գործառույթն է, որը տեխնիկապես իրականացվում է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հետ միասին: Որևէ միջամտություն անընդունելի է»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728