«Միանշանակ է, որ ոչ մի արդարացում չունի սահմանադրությամբ ամրագրված Զինված ուժերի քաղաքական չեզոքության խախտումը: Այդ հայտարարությունն ամբողջությամբ հակասում է Զինված ուժերի քաղաքական չեզոքության եւ ժողովրդավարական վերահսկողության սկզբունքին, որն էլ ավելի է խորացնում երկրում ստեղծված ճգնաժամը»,-այսօր Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկման ժամանակ ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով Գլխավոր շտաբի հայտարարությանը:
Պարոն Սաքունցի կարծիքով, Գլխավոր շտաբի հայտարարության պատճառն այն էր, որ լեգիտիմություն ունեցող Ազգային ժողովը, պատերազմից ու եռակողմ հայտարարությունից հետո՝ պետության համար ճակատագրական պահին, կամք չդրսեւորեց քննարկումներ հրավիրելու՝ անկախ այն բանից, որքան ծանր էին լինելու այդ քննարկումները. «Որովհետեւ, եթե քննարկումներ չեն հրավիրում, դա տեղափոխվում է փողոց: Հարցը կայանում է նրանում, որ սահմանադրականության երաշխավորության հիմնական մարմինը՝ Ազգային ժողովը, երբ չի իրականացնում իր գործառույթները, առաքելությունը, ապա սահմանադրական մյուս մարմինները՝ Գլխավոր շտաբը եւ այլ մարմինները մղվում են այնպիսի դաշտ, որտեղ քաղաքական քննարկման թեժացում է առաջ բերում»:
Արթուր Սաքունցի խոսքով, նոյեմբերի 10-ին Աժ նախագահի դեմ հարձակումը մեծ հարված էր պետական այդպիսի մարմնին, բայց, այնուամենայնիվ դա քաղաքական պատասխանատվության հարց էր, եւ այդ պատասխանատվությունը թելադրում էր կամք դրսեւորել ու շարունակել աշխատանքը. «Մենք տեսանք, որ նիստեր լինում էին, բայց խոսքը վերաբերում է նրան, որ Ազգային ժողովի օրակարգը համապատասխանի այն հարցերին եւ այն խնդիրներին, որոնք ունի պետությունը, ժողովուրդը»:
Նրա կարծիքով, եթե այդ քննարկումները լինեին Ազգային ժողովում, կլինեին պարզաբանումներ, բացատրություներ եւ կանխատեսելի կլիներ՝ իշխանությունն ինչ է անում, ինչպես է անում. «Որովհետու ամենամեծ անորոշությունը հանրության մեջ է: Իսկ Գլխավոր շտաբի հայտարարությունն էլ ավելի է խորացնում ու շիկացնում մթնոլորտը, որը ողջամիտ չես կարող համարել: Եվ քաղաքական որոշ ուժեր շահարկում են այդ չլուծված խնդիրները եւ ճիշտ են անում: Պառլամենտական մեծամասնությունն օրակարգ չի առաջարկում, բացի վարչապետի կողմից հրապարակած ճանապարհային քարտեզից, որի իրականացման շուրջ նույնպես քննարկումներ չեղան Ազգային ժողովում»:
Կարդացեք նաև
Արթուր Սաքունցի խոսքով, արտախորհրդարանական ընդդիմությունը որեւէ ասելիք չունի, բացի իշխանություն ուզելուց եւ նախկին դիրքերը վերականգնելուց, ինչը, ըստ նրա, ակնհայտ ռեւանշ է:
«Երբ Սահմանդարական մարմինները Սահմանադրությամբ նախատեսված իրենց պարտավորությունները չեն կատարում ապա դա վատ օրինակ է, որ սահմանադրական մյուս մարմինները նույնպես չգտնվեն իրենց պարտավորությունների շրջանակում եւ այս իրավիճակը շատ մտահոգիչ է: Հայաստանի քաղաքացիների մեծ մասն ակնկալում է հստակ կանխատեսելի վարքագիծ: Իսկ առանց սահմանադրական նորմերի պահպանման, չեն կարող երաշխավորված լինել հետագա զարգացումները»,-ասաց իրավապաշտպանը:
Ինչ վերաբերում է վարչապետի՝ Գլխավոր շտաբի հայտարարությունից հետո քաղաքացիներին հրապարակ հրավիրելու կոչին, ապա Արթուր Սաքունցը կարծում է, որ հանրահավաքը չի կարող փոխարինել պետական ինստիտուտներին. «Պետական ինստիտուտները պետք է աշխատեն եւ գլխավոր ուղղությունը, որը պետք է ցույց տրվեր եւ ձեւակերպեր անելիքները, դա Ազգային ժողովն էր: Եթե այն որպես մարմին դադարում է իր լիազորությունները կատարելուց, անհրաժեշտություն է առաջանում Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների»: Արթուր Սաքունցի խոսքով, պետք է հրատապ կարգով փոփոխություններ կատարել Ընտրական օրենսգրքում եւ, եթե դա էլ չի կատարվում, միեւնույն է, պետք է գնալ արտահերթ ընտրությունների:
Հարցին, թե հանրապետության նախագահը չի շտապում ստորագրել վարչապետի առաջարկած Գլխավոր շտաբի պետի՝ պաշտոնից ազատման հրամանագիրը, արդյոք այս իրավիճակը կարող է քաղաքական նոր խնդիրների պատճառ դառնալ, Արթուր Սաքունցն ասաց՝ վերապահում ունի, որ նախագահ Արմեն Սարգսյանը կարողանում է պահպանել սկզբունքային անկողմնակալությունը, քաղաքական անաչառությունը։ Բայց, ըստ պարոն Սաքունցի, ուրիշ ռեսուրս էլ չկա եւ այստեղ քաղաքական երկխոսության իրականացման թիվ մեկ պատասխանատուն կրում է քաղաքական մեծամասնությունը. «Քաղաքական մեծամասնությունը կարող է եւ պարտավոր է նախաձեռնել, երբ չի նախաձեռնում, հանրապետության նախագահը վերցնում է որոշակի գործառույթներ: Կամքը միայն հայտարարելով չի, պետք է գնալ եւ Ազգային ժողովում քննարկումներ կազմակերպել»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ