Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել Դավիթ Սարգսյանը:
Վարչապետի որոշումը հրապարակվել էր փետրվարի 26 -ին:
Դիլիջան քաղաքի ղեկավարի փոփոխության լուրի մասին արդեն մեկ շաբաթ է՝ խոսում են Դիլիջանի քաղաքացիները:
Սակայն փետրվարի 25-ին Aravot.am -ի հետ զրույցում լուրը մերժել էր Դիլիջանի փոխքաղաքապետ Արա Մարտիրոսյանը՝ պնդելով, որ լուրերը չեն համապատասխանում իրականությանը և Դիլիջանի ղեկավարի պաշտոնին շարունակում է մնալ Արմեն Սանթրոսյանը:
Կարդացեք նաև
Պաշտոնական հայտարարությունից հետո փորձեցինք կապվել Դիլիջանի համայնքապետարանի հետ, սակայն ընդունարանի աշխատակիցը տեղեկացրեց, որ նոր պաշտոնակատարը դեռ չի ներկայացել, իսկ համայնքի նախկին ղեկավար Արմեն Սանթրոսյանը դադարեցրել է իր լիազորությունները:
Նշենք, որ սոցցանցերում ձևաթուղթ էր հրապարակվել, որտեղ նորանշանակ ղեկավարն իր անձնական տվյալները լրացնելիս վրիպումներ էր թույլ տվել: Մասնավորապես սեռը նշելու հատվածում գրել էր՝ արու, իսկ մասնագիտություն բաժինը ջնջումներով էր լրացրել:
Փաստաթղթի վերաբերյալ Դավիթ Սարգսյանը պարզաբանում էր գրել իր ֆեյսբուքյան էջում՝ պնդելով, որ ներկայացված ձևաթուղթը կեղծված է.
«Սիրելի՛ դիլիջանցիներ, վերջին ամիսներին հայ հասարակությանը մշտական սթրեսի մեջ պահող, ստերի ու զրպարտությունների անհատակ ջրհոր հիշեցնող տելեգրամյան հայտնի ալիքը հրապարակել է մի խեղված, կեղծված ձևաթուղթ, որում ես իբր սխալ եմ նշել ուսումնառությանս վայրը, ջնջել, ուղղել և մի ուրիշ սխալ էլ իբր արել եմ սեռի համար նախատեսված դաշտում։
Ցավով եմ արձանագրում, որ հայրենիքումս գործող լրատվամիջոցները առանց ինձ հետ կապ հաստատելու, սրա իսկությունը ստուգելու փորձերի իրար հերթ չտալով տարածում են այս ցնդաբանությունը»։
Սաթենիկ ՀՈՎՍԵՓՅԱՆ