Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Վարդանյանը Հայաստանում իրավիճակի զարգացման երկու սցենար է տեսնում

Փետրվար 27,2021 13:41

Ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել ռուսական RBK հեռուստաալիքին՝ պատմելով Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր պատկերացումների մասին և ներկայացնելով իրավիճակի զարգացման երկու սցենար:

«Սա շատ վտանգավոր պահ է, երբ դու ընտրում ես ոչ թե ըստ դրական օրակարգի, այլ որովհետև՝ միայն թե սրանք կամ նրանք չլինեն: Ես հիմա չեմ ցանկանում գնահատական տալ, քանի որ Հայաստանի ներքին գործն է ընտրել իրեն առաջնորդներ: Բայց հարցն այն է, որ այլընտրանքը պետք է լինի այնպիսին, որին մարդիկ պետք է զգան և տեսնեն, որ միայն սրանք կամ նրանք չեն»,- ասել է Վարդանյանը:

Գործարարը նշել է, որ Հայաստանում մշտապես խոսում են անցյալի մասին, բայց չեն քննարկում երկրի ապագան: «Կա տարբերակ, որ մենք կարող ենք դառնալ շատ հանդարտ, ոչ այսքան ակտիվ վայր, որտեղ կմնա 1.5-2 մլն մարդ, որտեղ կուղարկեն այն նույն 2 մլրդ դոլար օգնությունը (հայկական սփյուռքից-խմբ.): Մարդիկ կապրեն ավելի լավ, քանի որ քիչ թվով բնակչությանը ավելի շատ գումար բաժին կընկնի, քանի որ շատ մարդիկ հեռացած կլինեն: Կլինի Աբխազիայի նման մի երկիր»,- ասել է Վարդանյանը:

Նրա խոսքով՝ այդ սցենարը «միանգամայն իրատեսական» է, քանի որ, ըստ նրա, արդեն այս տարի 200 հազար մարդ մտադրված են լքել երկիրը, իսկ ևս 200-300 հազարը մտածում են այդ մասին: Հանրապետության բնակչությունը հիմա 3 միլիոնից էլ պակաս է: «Այդ մարդիկ քվեարկում են ոտքերով: Նրանք չեն հավատում, որ հենց իրենք կամ իրենց երեխաները այդ երկրում հաջողության կհասնեն»,- ասել է գործարարը:

Վարդանյանի խոսքով՝ այդպիսի սցենարի դեպքում երկրում կմնան պասիվ մարդիկ: Նրանք վատ կապրեն, բայց ընդհանուր առմամբ գոհ կլինեն: Դրան (դրսից եկող գումարին-խմբ.) սովորում ես: Այն կարծես թմրանյութ լինի: Նպաստ, բայց որը ոչ թե պետությունն է քեզ տալիս, այլ քո հարազատները»,- ասել է նա:

Ընդ որում, Վարդանյանի կարծիքով՝ դեռ հնարավոր է մեկ այլ սցենար, որի դեպքում Հայաստանը կդառնա պետության և հանրության համագործակցության բացառիկ հաջողակ օրինակ: Սակայն այդ դեպքում, ըստ գործարարի, անհրաժեշտ է երկրի կյանքում սփյուռքի առավել ակտիվ մասնակցություն: «Ոչ թե պարզապես Մոսկվայից, Պետերբուրգից, Փարիզից կամ Լոս-Անջելեսից քննադատել և ասել, թե ինչ վատ է այստեղ: Կամ մի քիչ գումար ուղարկել և խիղճը մաքրված համարել: Պատրա՞ստ են նրանք արդյոք վեր կենալ և գալ: Ընդ որում գալ ոչ թե նախարարի պաշտոնում, այլ գնալ գյուղ»,- հարցադրում է կատարել Վարդանյանը:

«Մենք խոսում ենք հարյուր հազարավոր մարդկանց մասին: Մենք չենք խոսում մի քանի տասնյակ թոփ-մենեջերների մասին, որոնք կգան Հայաստան և այն դրախտային անկյուն կստեղծեն: Դա փոփոխությունը կլինի այն մոդելի, թե «ժողովուրդ ջան, մենք էստեղ գլուխ կհանենք, իսկ դուք մեկ-մեկ եկեք, Արարատին նայել, լացեք, խորոված կերեք ու հետ գնացեք»,- ասել է Վարդանյանը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728