Նախաբան
44-օրյա պատերազմի աղետալի արդյունքները, հետագա զարգացումների հետ կապված անորոշություններն ու չարագուշակ ենթադրությունները պահանջում են գնահատել 2018թ. իշխանափոխությունից հետո Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ տեղի ունեցած փոփոխություններն ու դրանց ազդեցությունն այդ պատերազմի արդյունքների և այդ ոլորտում Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման վրա:
Որևէ ժամանակաշրջանում որևէ ոլորտում իրականացվող քաղաքականությունը գնահատելու համար անհրաժեշտ է ունենալ նախընթաց շրջանի վերաբերյալ մասնագիտական հետազոտություն, դրա եզրակացությունների հիման վրա ձևակերպված խնդիրների լուծման հայեցակարգ կամ ծրագիր և դրա արդյունքներն արձանագրող փաստաթուղթ: 2018թ. Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո որևէ, այդ թվում՝ արտաքին քաղաքականության ոլորտի, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ մասնագիտական ուսումնասիրություն կառավարությունը չի պատվիրել և չի հրապարակել: Բնականաբար, չէին կարող արձանագրվել առկա խնդիրները, և չի ներկայացվել դրանց լուծման հայեցակարգ կամ ծրագիր: Կառավարության գործունեության 2018թ. և 2019թ. ծրագրերում և դրանց արդյունքները ներկայացնող հաշվետվությունում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին վերաբերող արձանագրումները տպավորություն են ստեղծում, որ 2018թ. իշխանափոխության արդյունքում ձևավորված կառավարությունը շարունակել է նախորդի քաղաքականությունը: Դրանցում առկա 2 նախադասությունները ոչնչով չեն տարբերվում, օրինակ, 2017-22 թվականների ծրագրի համապատասխան հատվածից. «Արտաքին քաղաքականության ոլորտում Կառավարությունը գործելու է՝
– ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում ղարաբաղյան հիմնախնդրի՝ բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ, ինչի հիմքում պետք է ընկած լինեն միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, մասնավորապես, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքը։ Արցախի կարգավիճակը և անվտանգության ապահովումը բանակցային գործընթացում Հայաստանի առաջնահերթ գերակայություններն են»:
Կարդացեք նաև
Իսկ 2020թ. փետրվարի 27-ին հաստատվել է կառավարության գործունեության ծրագրի կատարման արդյունքները ներկայացնող զեկույցը՝ արձանագրելով. «Հայաստանը շարունակել է սերտ համագործակցությունը միջազգային միջնորդների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ, որի հիմքում ընկած են եղել միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, մասնավորապես, ժողովուրդների իրավահավասարությունը և ինքնորոշման իրավունքը»։ Մինչդեռ հիմնախնդրին վերաբերող իրադարձությունների զարգացումը 2018-2021թթ. վկայում է, որ արմատապես փոխվել է Հայաստանի քաղաքականությունը՝ հանգեցնելով աղետալի արդյունքների: Դա է վկայում նաև Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Ի. Պոպովը՝ 2021թ. հունվարի 13-ին պատասխանելով դրանից մի քանի օր առաջ Հայաստանի վարչապետի հրապարակած «44-օրյա պատերազմի ծագումը» հոդվածի հաստատագրումներին. «Ո՛չ հայկական, ո՛չ ադրբեջանական կողմերը չեն մերժել այդ առաջարկությունները, թեև լիարժեք համաձայնության հասնել չէր հաջողվում։ Ընդհուպ մինչև 2018թ., երբ Երևանն առաջադրեց նոր մոտեցումներ» (ընդգծումն իմն է – Տ.Թ.):
Ոչ միայն դիվանագետների, այլև ցանկացած ողջամիտ մարդու համար միանգամայն պարզ է Ի. Պոպովի ձևակերպումը՝ գործընթացը տապալվել է «Երևանի առաջադրած նոր մոտեցումների» հետևանքով: Այդ «նոր մոտեցումները» որևէ ձևով չեն արտացոլվել կառավարության ծրագրային փաստաթղթերում, այլ ճիշտ հակառակը՝ դրանցում արձանագրվել է, որ իբր Հայաստանը շարունակել է սերտ համագործակցությունը: Հետևաբար, կառավարության ծրագրային փաստաթղթերի մակարդակով տեղի է ունեցել կեղծիք, և դրանք չեն կարող հիմք դառնալ այդ ժամանակահատվածի արտաքին քաղաքականության վերլուծության համար: Հավաստի պաշտոնական փաստաթղթերի բացակայության պատճառով ստորև «թավշյա» շրջանի արտաքին քաղաքականության կարևորագույն՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին առնչվող զարգացումների գնահատման հիմք են ընդունվել կառավարության ղեկավար Ն. Փաշինյանի վերոհիշյալ հոդվածը, որտեղ նա փորձում է գնահատել խնդրի կարգավորման ընթացքը մինչև 2018թ. և իր քաղաքականության արդյունքում տեղի ունեցած աղետի պատճառները:
Արտաքին քաղաքականության «թավշյա» և նախընթաց շրջանները
2020թ. հուլիսին հրապարակվեց «ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի փուլերը, իրավիճակն ու հեռանկարները» հոդվածը, որտեղ ամփոփ ներկայացվում էին ՀՀ առաջին երեք նախագահների և ներկայիս վարչապետի կառավարման ժամանակաշրջաններում ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի զարգացումները, ձեռքբերումներն ու ձախողումները: Հրապարակման նպատակներն էին նախընթաց շրջանի էությունը սեղմ, մասնագիտական հիմքերով ներկայացնելն ու 2018թ. իշխանափոխությունից հետո արձանագրվող վտանգավոր դրսևորումների բացահայտումը:
Հոդվածում ցույց էր տրվում, որ 2018-ից Հայաստանի դիրքորոշումները խիստ արտառոց դրսևորումներ են ունեցել, որոնք, ըստ եզրակացության, կարող են հանգեցնել վտանգավոր արդյունքների. «ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը չափազանց բարդ ու տևական երևույթ է, որտեղ պահանջվում է խիստ համախմբվածություն, նպատակաուղղվածություն, ռազմավարական ու մարտավարական ծրագրերի մասնագիտական մշակումներ ու իրականացում, հատվածական շահերի, հների ու նորերի բաժանումների բացառում: Թե՛ ՀՀ-ում, թե՛ ԼՂՀ-ում հակամարտության կարգավորման գործընթացում նոր դերակատարների ներգրավումն իշխանության փոփոխության արդյունքում օբյեկտիվ մարտահրավերներ է ձևավորում և բանակցություններին, անգամ բանավեճերին առանց անհրաժեշտ գիտելիքների ու նախապատրաստության մասնակցությունը թուլացնում է դիրքերն ու վտանգներ ստեղծում անբարենպաստ լուծումների համար: Հետևաբար, հատկապես այդ շրջանում պետք է զերծ մնալ հեղափոխական քայլերի ձգտումներով ու չկշռադատված առաջարկներով պայմանավորված հախուռն գործողություններից» (ընդգծումն իմն է – Տ.Թ.):
Հայաստանի ներկայիս վարչապետի վերոհիշյալ հոդվածը վկայում է, որ աղետալի հետևանքների հասցրած նրա թյուր պատկերացումները վերաբերում են ոչ միայն հակամարտության ներկայիս փուլին, այլև նախընթաց շրջանին: Ստորև մանրամասն անդրադարձ չի լինի այդ շրջանի վերաբերյալ նրա ընդհանրական, անհիմն գնահատականներին, ինչպես, օրինակ՝ «բանակցային գործընթացը 1994թ. մայիսի 12-ի զինադադարի կետից նահանջի մի մեծ գործընթաց է»: Նման գնահատականը կարող է հետևանք լինել կա՛մ բացարձակ տգիտության, կա՛մ բացարձակ կեղծիքի, քանի որ, օրինակ՝ «ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի փուլերը, իրավիճակն ու հեռանկարները» հոդվածում անհերքելի հիմնավորումներով ցույց է տրվում, որ բանակցային գործընթացը բաղկացած է միմյանցից էականորեն տարբերվող 4 փուլերից, որոնցից առաջինի ընթացքում, օրինակ, բանակցային փաստաթղթերում ոչ մի խոսք չի եղել ԼՂ ինքնորոշման մասին, մինչդեռ երկրորդ և երրորդ փուլերում ինքնորոշման սկզբունքը եղել է կարգավորման գործընթացի երեք գլխավոր սկզբունքներից մեկը: Բանակցային գործընթացում նահանջի մասին կարող է խոսք լինել միայն 4-րդ՝ 2018թ. սկսված փուլի դեպքում, ինչը հաստատում է նաև ռուսաստանցի համանախագահ Ի. Պոպովի վերոհիշյալ արձանագրումը:
Ստորև ցույց կտրվի, որ այդ ընթացքում մի կողմից՝ դրսևորվում էր «Երևանի նոր մոտեցումների» լիակատար տգիտությունը, մյուս կողմից՝ Ռուսաստանին ու Մինսկի խմբի մյուս համանախագահներին վերագրվում էին այնպիսի անհեթեթ մոտեցումներ, որոնք ոչ միայն որևէ կապ չունեն իրականության հետ, այլև չեն կարող չզայրացնել անգամ ամենահամբերատար միջնորդներին: Որո՞նք էին այդ մոտեցումները, որոնք նպատակ ունեին «փոխելու բանակցային տրամաբանությունը»:
Ըստ Ն. Փաշինյանի՝ այդ խնդրի լուծմանն էին ուղղված իր գործողությունները 2018 թվականից ի վեր, և գործընթացը գագաթնակետին հասավ 2019 թվականի մարտի 12-ին Ստեփանակերտում տեղի ունեցած՝ Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստում, որտեղ ինքը հանդես է եկել «Արցախի իշխանությունների հետ համաձայնեցված ծրագրային ելույթով… Այդ ելույթի թեզերը հետևյալն էին. բանակցային գործընթացում Արցախի ներկայացուցիչների մասնակցության հարցը պետք է լինի մեր օրակարգում, Մադրիդյան սկզբունքները պետք է ունենան միասնական մեկնաբանություն, որովհետև Ադրբեջանն այն յուրովի է մեկնաբանում, Հայաստանը՝ յուրովի, ինչը գործընթացը դարձնում է անարդյունավետ, և հետո՝ հասարակություններին պետք է պատրաստել խաղաղության և Ղարաբաղի հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Արցախի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար»:
Առաջին ձևակերպումը՝ «Արցախի ներկայացուցիչների մասնակցության հարցը պետք է լինի մեր օրակարգում», որևէ կապ չունի բանակցային գործընթացի հետ, քանի որ «մեր օրակարգն» ու «բանակցային օրակարգը» միանգամայն տարբեր բաներ են և ակնկալիքը, որ քո օրակարգում հարց ներառելով, այն կհայտնվի բանակցային օրակարգում՝ կա՛մ պարզունակ տգիտություն է, կա՛մ երեսպաշտություն: Հատկապես որ արմատական որևէ փոփոխության առաջարկ Բաքվի համար լավ առիթ կլիներ իր համար անբարենպաստ զարգացումներից խուսափելու համար՝ խափանման մեղքը բարդելով հայկական կողմերի վրա: Դժվար չէր կանխատեսել այդ «մոտեցման» նկատմամբ համանախագահների վերաբերմունքը, քանի որ նրանց դրական արձագանքի որևէ դրսևորում կխթաներ Ադրբեջանի համապատասխան արձագանքը և կխափաներ ավելի քան մեկ տասնամյակի իրենց ջանքերը:
«Մոտեցումների» հիմքում մնում է երկու պնդում՝
1) Մադրիդյան սկզբունքները պետք է ունենան միասնական մեկնաբանություն, որովհետև Ադրբեջանն այն յուրովի է մեկնաբանում, Հայաստանը՝ յուրովի,
2) Ղարաբաղի հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Արցախի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար:
Առաջին պնդումը բացարձակ տգիտության հետևանք է: Միջազգային հարաբերություններ մասնագիտությամբ մագիստրատուրայում սովորող յուրաքանչյուր ուսանող գիտի, որ հակամարտությունների կարգավորման գործընթացն ունի երկու հիմնական բաղադրիչներ՝ իրավական և քաղաքական: Հակամարտության կողմերի դիրքորոշումները նրանց քաղաքական տեսակետներն են և կարող են չհամապատասխանել միջազգային իրավունքի իրավական նորմերին: Հնարավոր չէ որևէ մեկից պահանջել, որ ապահովի կողմերի «միասնական մեկնաբանություն»: Ավելին, կողմերը միջազգային իրավունքի նորմերը «մեկնաբանելու» լիազորություն չունեն: «Մադրիդյան սկզբունքներ» կոչվող բանակցային փաստաթուղթը հիմնված է միջազգային իրավունքի հիմնական սկզբունքներից երեքի վրա, որոնց վերաբերյալ միջազգային իրավունքը տվել է հստակ և սպառիչ ձևակերպումներ: Կողմերն իրենք են որոշում, թե իրենց քաղաքական դիրքորոշումներն ինչքանով են համապատասխանում իրավական նորմերին: Նրանք, իրենց նպատակներից ելնելով, ներգրավում են համապատասխան մասնագետներ, որոնք կարող են կարծիք ներկայացնել այս կամ այն հարցը միջազգային իրավունքի շրջանակներում լուծելու կամ, եթե այդ կողմի շահերն այլ բան են պահանջում, խոչընդոտելու համար:
Միջազգային իրավունքի և միջազգային բանակցությունների վերաբերյալ տարրական գիտելիքներ ունեցող յուրաքանչյուր ոք գիտի այն պարզ ճշմարտությունը, որ միջազգային իրավունքի նորմերը կարող են մեկնաբանել համապատասխան կառույցները, օրինակ, հակամարտությունների դեպքում՝ Արդարադատության միջազգային դատարանը: Կան ՄԱԿ-ի այդ կառույցի մի շարք կարծիքներ, որոնցում հստակ և սպառիչ մեկնաբանվել են և՛ ինքնորոշման իրավունքը, և՛ տարածքային ամբողջականության սկզբունքը:
Չի եղել գեթ մեկ հակամարտություն, որի կողմերը նույն ձևով ընկալեն միջազգային իրավունքի նորմերը, առավել ևս՝ «մեկնաբանեն»: Պարզ տրամաբանությունը հուշում է, որ այդ դեպքում հակամարտությունն անմիջապես կլուծվեր և բանակցությունների կարիք չէր լինի: Ավելին, չի եղել ինքնորոշման գեթ մեկ հակամարտություն, որի լուծումը ձեռք բերված լիներ բանակցությունների միջոցով: Լուծումները պարտադրել է ՄԱԿ-ը՝ միջազգային իրավունքի հիման վրա:
Երկրորդ «մոտեցումը» և՛ տգիտության, և՛ երեսպաշտության հետևանք է: Չի եղել որևէ ինքնորոշման հակամարտություն, որի լուծումը բավարարի բոլոր կողմերին: Նման լուծում չի էլ կարող լինել, քանի որ որևէ մետրոպոլիա երբեք չի համաձայնել ինքնորոշվող կողմի անկախությանը և չի համաձայնի, քանի որ մետրոպոլիայի իշխող քաղաքական ուժի համար դա կլինի քաղաքական ինքնասպանություն:
Մի՞թե հնարավոր է ողջամտորեն ակնկալել, որ նման «մոտեցումներ» ներկայացնելով՝ հնարավոր է փոխել բանակցությունների տրամաբանությունը, եթե որպես այդպիսիք չեն ենթադրվում դրանց հիմնովին ձախողումն ու աղետալի հետևանքները:
Զարհուրելի է, որ այդ «ծրագրային ելույթը» լսած ՀՀ և ԼՂՀ Անվտանգության խորհուրդներում չի գտնվել գեթ մեկը, ով «բանակցային տրամաբանությունը» փոխելու նման աղետալի փորձերին ընդդիմանալու քաջություն ունենար:
Սակայն տգիտության ու երկրի համար կենսական նշանակություն ունեցող հիմնախնդրի լուծումը մեծապես վտանգող դատողությունների, կեղծիքի ու աճպարարության օրինակները ՀՀ կառավարության ղեկավարի հոդվածում և երկրի արտաքին քաղաքական գործունեությունում բազմաթիվ են ոչ միայն «ծրագրային» մակարդակով, այլև ԼՂ հիմնախնդրին վերաբերող կոնկրետ խնդիրների վերաբերյալ: Ստորև կներկայացվեն հիմնախնդրի կարգավորման տեսակետից բացառիկ նշանակություն ունեցող՝ սերտորեն փոխկապակցված երկու հարցերի՝ այսպես կոչված «ռուսական առաջարկների» և ԼՂ կարգավիճակի հետ կապված խեղաթյուրումները, կեղծիքներն ու տգետ ձևակերպումները:
«Ռուսական առաջարկները» և ԼՂ կարգավիճակի հարցը
Ըստ Ն. Փաշինյանի՝ «ռուսական առաջարկների» «առանցքային պրոբլեմը Արցախի կարգավիճակի դուրսմղումն է բանակցային օրակարգից»: Դա «հիմնավորելու» նպատակով նա ամբողջությամբ խեղաթյուրում է կարգավորման գործընթացը.
«2015-ին վերջնականորեն ձևակերպվում են հիմա արդեն հանրահայտ ռուսական առաջարկները, որոնք նախատեսում են 7 տարածքների վերադարձը Ադրբեջանին՝ 5+2 բանաձևով, փախստականների վերադարձ, ռուս խաղաղապահների տեղակայում: Առաջարկությունների փաթեթը որևէ կերպ չէր անդրադառնում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցին, շրջանցում էր այդ հարցը… Ֆորմալ առումով 2016 թվականից հետո էլ բանակցային գործընթացը շարունակում է տեղի ունենալ Մադրիդյան սկզբունքների կամ դրանց կոնֆիգուրացիայի հիման վրա, բայց ռուսական առաջարկները կան, գոյություն ունեն և նրանց ներկայությունը զգացվում է ամենուր, առնվազն այն տրամաբանությամբ, որ 7 տարածքների հանձնումը 2018 թվականի դրությամբ բանակցային գործընթացի հիմնական, եթե ոչ միակ թեման է: Ինչ վերաբերում է ԼՂ կարգավիճակին, ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունը արդեն տեղավորվել է այն տրամաբանության մեջ, որ այդ հարցը քննարկելի է այնքանով, որքանով քննարկելի է Ադրբեջանի համար (ընդգծումներն իմն են – Տ. Թ.)»:
Արդարանալու նպատակով Հայաստանի վարչապետը չի խորշում անգամ հանրահայտ փաստերի ու բանակցային փաստաթղթերի բովանդակության կեղծումից ու Ռուսաստանին ու Մինսկի խմբի մյուս համանախագահող երկրներին մեղադրանքներ ներկայացնելուց: Դրանք այնքան աղաղակող են, որ ռուսաստանցի համանախագահ Ի. Պոպովը դիմել է դիվանագիտական հարաբերություններում խիստ հազվադեպ հանդիպող քայլի՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության կայքում բացահայտել է կեղծիքը և վերը բերված «դատողությունների» ողջ սնանկությունը՝ կրկին հիշեցնելով առաջարկությունների բովանդակությունը.
«Ռուսական առաջարկներ ասելով` հավանաբար ենթադրվում է փուլային կարգավորման պլանը, որի վերջին խմբագրումը կողմերին փոխանցել են Մինսկի խմբի համանախագահները 2019թ. հունիսին: Կազանյան փաստաթղթի հետ շատ բաներով համընկնող այդ պլանի հիմքում ընկած են ԼՂ կարգավորման բազային սկզբունքները, որոնց շարքում առաջին փուլում հինգ շրջանների վերադարձն է Ադրբեջանին, իսկ երկրորդ փուլում՝ երկու շրջանների, ընդ որում, հատուկ ընդգծում եմ, դա կապելով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հետ: Առաջին փուլի Երևանի հետաքրքրություններն արտացոլող տարրերից են Լեռնային Ղարաբաղի՝ իր բնակչության լիարժեք կենսագործունեության ապահովման իրավունքի ընդունումը, ԼՂ ներկայացուցիչների մասնակցությունը ԵԱՀԿ նիստերին, շրջափակման վերացումը, ուժի չկիրառման վերաբերյալ կողմերի պարտավորությունների ստանձնումը և այլն: Այդ պատճառով պնդումը, որ Ռուսաստանը առաջարկում էր 7 շրջանները վերադարձնել «հենց այնպես» և մոռանալ կարգավիճակի մասին, չի համապատասխանում իրականությանը:
Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի խնդրի լուծման տարբերակներին, ապա վերջին տարիներին բանակցությունների սեղանին գտնվող առաջարկները՝ որպես վերջնական նպատակ նախատեսում էին, մեջբերում եմ. «Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշումը կողմերի համաձայնեցրած ժամկետներում ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի հովանու ներքո համաժողովրդական քվեարկության անցկացում, որը կարտահայտի Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամարտահայտությունը և կունենա իրավականորեն պարտադիր բնույթ՝ միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների համաձայն: Ընդ որում, քվեարկության դրվող հարցը կամ հարցերը որևէ ձևով չեն սահմանափակվի, իսկ քվեարկության ցանկացած արդյունք կողմերը կհարգեն»: Ի դեպ, Լաչինի միջանցքի լայնությունն ու կարգավիճակը ևս առաջարկվում էր դիտարկել միայն երկրորդ փուլում՝ հաշվի առնելով Քելբաջարի և Լաչինի շրջաններն Ադրբեջանին վերադարձնելը:
Ո՛չ հայկական, ո՛չ ադրբեջանական կողմերը չեն մերժել այդ առաջարկությունները, թեև լիարժեք համաձայնության հասնել չէր հաջողվում։ Ընդհուպ մինչև 2018թ., երբ Երևանն առաջադրեց նոր մոտեցումներ»:
Ի. Պոպովի այս արձագանքը թույլ է տալիս հստակորեն ձևակերպել մի քանի հետևություններ.
- Մինչև 2018թ. իշխանափոխությունը, երբ քննարկման առարկա է եղել խնդրի փաթեթային լուծման և երկփուլ կարգավորման պլանը, որը հստակորեն սահմանում էր բոլոր, այդ թվում՝ նաև ԼՂ կարգավիճակի խնդիրը, դրա լուծման մեխանիզմով և դրա իրագործմամբ էր պայմանավորում Քարվաճառի (Քելբաջար) և Քաշաթաղի (Լաչին) շրջանների վերահսկողության հարցը: Այդ պլանը սկսել է ձախողվել, երբ պաշտոնական Երևանը 2018թ. իշխանափոխությունից հետո առաջադրել է «նոր մոտեցումներ», որոնց անհեթեթությունն ու վտանգավորությունը բացահայտվել է ինչպես վերևում, այնպես էլ դեռևս 2020թ. հուլիսին հրապարակված հոդվածում:
- Ն. Փաշինյանի այն հայտարարությունը, որ «առաջարկությունների փաթեթը որեւէ կերպ չէր անդրադառնում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցին, շրջանցում էր այդ հարցը», դիվանագիտական հարաբերությունները կոպտորեն ոտնահարող աղաղակող հերյուրանք է համանախագահների հասցեին:
- Մինչև 2018թ. իշխանափոխությունը, քննարկված պլանը միայն պայմանականորեն կարելի է համարել «ռուսական», քանի որ, թեև այն մշակել են Ռուսաստանի ներկայացուցիչները, սակայն մի քանի անգամ ներկայացրել են Մինսկի խմբի համանախագահները: Ակնհայտ է, որ տարիների ընթացքում քննարկումների առարկա եղած պլանի մերժումը Երևանից՝ ներկայացնելով բացարձակապես անհիմն, անլուրջ ու խելացնոր «մոտեցումներ», չէր կարող համապատասխան վերաբերմունք չառաջացնել համանախագահների շրջանում:
- «Թավշյա» կառավարության արտաքին քաղաքական արկածախնդրության արդյունքները՝ հազարավոր զոհեր, հարյուրավոր գերիներ, տասնյակ հազարավոր վիրավորներ, պաշտպանական բնագծերի կորուստ, 7 շրջանների և նախկին ԼՂԻՄ-ի զգալի տարածքների կորուստ, համատարած ավերածություններ Արցախում, նյութական ու ռեսուրսային հսկայական կորուստներ, բարոյահոգեբանական ծանր հարված հայությանը և այլն, համեմատության որևէ եզր չունեն այն արդյունքների հետ, որոնք հայկական կողմերը կարող էին ստանալ, եթե անգամ պարզապես իրագործվեր համանախագահների պլանը, որը փորձ է արվում ներկայացնել որպես «ռուսական»:
Կարո՞ղ էր աղետը կանխվել: Այո, քանի որ ահազանգ հնչեցնում էին ոչ միայն երկրի ներսում, այլև արտաքին քաղաքական գործընկերները, իսկ աղետալի գահավիժումը տեղի է ունեցել աստիճանաբար՝ խելացնոր «մոտեցումների» համառ առաջմղմամբ: Դեռևս 2019թ. մարտի 9-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարել են.
«Մինսկի խմբի գործունեության բնույթի վերաբերյալ վերջերս արված հակասական հրապարակային հայտարարությունների առնչությամբ համանախագահները վերահաստատում են, որ արդար և տևական կարգավորումը պետք է հիմնվի Հելսինկյան եզրափակիչ ակտի առանցքային սկզբունքների վրա, ներառյալ ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառումը, տարածքային ամբողջականությունը և ժողովուրդների ինքնորոշման իրավունքը: Այն պետք է նաև ներառի լրացուցիչ տարրեր, որոնք 2009-2012 թվականներին առաջարկվել են համանախագահ երկրների նախագահների կողմից, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքների վերադարձը Ադրբեջանի վերահսկողության ներքո, Լեռնային Ղարաբաղի ժամանակավոր կարգավիճակը՝ անվտանգության և ինքնակառավարման երաշխիքների ապահովմամբ, Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ կապող միջանցքը, Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի ապագա սահմանումը՝ իրավական ուժ ունեցող կամարտահայտության միջոցով, բոլոր տեղահանված անձանց և փախստականների վերադարձի իրավունքն իրենց բնակության նախկին վայրեր, անվտանգության միջազգային երաշխիքները, որոնք ներառելու են խաղաղապահ գործողություն»:
Պահպանելով դիվանագիտական տոնը՝ համանախագահները, առանց հասցեատիրոջն ուղիղ մատնանշելու, զգուշացրել են իրենց առաջարկներին չհամապատասխանող հայտարարությունների վերաբերյալ, սակայն Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովի պարզաբանումները՝ իրադարձությունների ընթացքի վերաբերյալ, միանշանակորեն վկայում են, որ այդ հայտարարության հիմնական հասցեատերը ՀՀ իշխանություններն էին, որոնք ձգտում էին «փոխել բանակցային տրամաբանությունը» այնպիսի «մոտեցումներով», որոնք ինքնին զուրկ են որևէ սկզբունքից ու տրամաբանությունից, հակասում են ինչպես միջազգային իրավունքի սկզբունքներին, այնպես էլ հակամարտությունների կարգավորման պրակտիկային:
Դրանցից առաջինը Ս. Լավրովը հրապարակայնորեն բարձրաձայնեց 2020թ. ապրիլի 21-ին՝ Գորչակովի անվան հանրային դիվանագիտության աջակցության ակումբում տեղի ունեցած կլոր սեղանի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ: Մասնակիցներից մեկի հարցին ՌԴ արտգործնախարար Ս. Լավրովի պատասխանի հետևյալ հատվածը իրարանցում առաջացրեց հայաստանյան քաղաքական և մերձքաղաքական շրջանակներում. «…Կան «Մադրիդյան սկզբունքները», ինչպես նաև փաստաթղթեր, որոնք պատրաստվել են 2010-2011թթ. Ռուսաստանի Դաշնության կողմից՝ այսպես կոչված «Կազանյան փաստաթուղթը»: Կան նախագծեր, որոնք տարածվել են մեկ տարի առաջ (անցած տարվա ապրիլին) Մոսկվայում, Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ժամանակ, որին մասնակցում էին համանախագահները: Դրանք այսօր ակտիվորեն քննարկվում են: Այդ փաստաթղթերը ենթադրում են շարժում դեպի կարգավորում՝ փուլային մոտեցման հիման վրա, առաջին փուլում նախատեսելով առավել արդիական խնդիրների լուծում՝ Լեռնային Ղարաբաղի հարակից մի շարք շրջանների ազատում և տրանսպորտային, տնտեսական և այլ հաղորդակցության ուղիների ապաշրջափակում»: Հայաստանի արտգործնախարարը երեսպաշտորեն հայտարարեց, որ 2014թ. տարբերակը չի քննարկվում, այդ գերատեսչության մամուլի խոսնակն էլ ասաց, որ բանակցային սեղանին փուլային տարբերակ չկա: Նորից՝ կեղծիք (Լավրովը 2014թ. առաջարկների մասին չէր խոսել) և սուտ: Խնդիրը վերաբերում էր ոչ թե կարգավորման փուլային բնույթին, այլ մեկ փաթեթով սահմանված կարգավորման ողջ ընթացակարգը երկու փուլով իրականացնելուն:
Որ վերոհիշյալ տարբերակն օրակարգում էր մնում ագրեսիայից մի քանի օր առաջ, վկայում են անգամ թուրքական աղբյուրները: «Միլիյեթ» պարբերականում 2020թ. հոկտեմբերի 12-ին տպագրված «Մոսկվայի ռազմավարությունը» հոդվածում Դ. Քիլիսլիօղլուն նշում է, որ սեպտեմբերին Մոսկվա այցելած Ադրբեջանի խորհրդարանի նախագահի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի արտգործնախարարն ասել է, որ քննարկվում է յոթ շրջաններից հինգը Ադրբեջանին վերադարձնելու և Շուշի-Լաչին միջանցքում ռուսական խաղաղապահների տեղադրման հարցը:
Լավրովի հաջորդ հրապարակային գնահատականը հնչեց արդեն պատերազմի ընթացքում՝ 2020թ. հոկտեմբերի 14-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ. «Իհարկե, քաղաքական կարգավորումը հնարավոր է: Առաջարկները, որոնք մշակել են և շարունակում են մշակել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, մնում են բանակցային սեղանին: Դրանց բովանդակությունը հայտնի է. դա Լեռնային Ղարաբաղի շրջակա շրջանների փուլային, աստիճանական ազատումն է՝ պահպանելով նրա անվտանգության երաշխիքները և ապահովելով Հայաստանի և Ղարաբաղի հուսալի կապ մինչև կորոշվի նրա վերջնական կարգավիճակը: Այդ սխեման լավ հայտնի է… Այդ տխուր իրադարձությունները պետք է օգնեն ակտիվացնել քաղաքական գործընթացները՝ «գետնի վրա» անվտանգության հարցերը լուծելուն զուգահեռ:
Բոլոր պայմանավորվածությունները, որոնք վերջին շրջանում քննարկվել են և լրջորեն ընկալել են կողմերը, ենթադրում էին առաջին փուլում հինգ շրջանների ազատում՝ պահպանելով երկու շրջանները երկրորդ փուլի համար, որի համար թողնվում էր նաև Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը: Առաջին փուլում, բացի հինգ շրջանների ազատումից, պետք է բացվեին բոլոր հաղորդակցությունները, տնտեսական կապերը, տրանսպորտային շփումները, պետք է տեղակայվեին խաղաղապահներ, որոնք կերաշխավորեին ռազմական գործողությունների չվերսկսում: Այդ մեխանիզմը հիմա պետք է գործի շփման փաստացի գծի երկայնքով: Դա արդեն հինգ շրջանները չեն, որոնց փոխանցումն առաջարկում էին համանախագահները»:
Ինչպես երևում է, անգամ հոկտեմբերի 14-ին բոլոր պայմանավորվածությունները, այդ թվում՝ նաև երկրորդ փուլում հայտնի մեխանիզմով կարգավիճակի որոշման մեխանիզմը, որի մասին գրել է Ի. Պոպովը, ուժի մեջ են եղել: Բացառությունը, ինչպես նշում է Լավրովը, եղել է միայն հարակից շրջանների այն տարածքների վերաբերյալ, որոնք արդեն գտնվում էին Ադրբեջանի վերահսկողության ներքո. բաժանիչ գիծն արդեն պետք է անցներ ըստ դրա: Ինչո՞ւ ՀՀ և ԼՂՀ ղեկավարները չէին համաձայնում դրան՝ շարունակելով նահանջը, տալով հազարավոր զոհեր ու վիրավորներ:
Գուցե իսկապե՞ս «հակառակը տարածքների հանձնումն է՝ ըստ էության ոչնչի դիմաց», ինչպես իր հոդվածում պնդում է Փաշինյանը: Տարրական գիտելիքներ ունեցող յուրաքանչյուրի համար ակնհայտ է, որ` ոչ: Այլընտրանքը ոչ միայն ծանր մարդկային ու նյութական կորուստների դադարեցումն էր, հինգ շրջանների վերադարձի ողջամիտ հաջորդականության ու ժամանակացույցի հաստատումը, երկրորդ փուլում Արցախի կարգավիճակի որոշումն ըստ Ի. Պոպովի նշած սխեմայի, Քելբաջարի ու Լաչինի շրջանների զգալի հատվածները Հայաստանն ու Արցախը կապող միջանցքի մեջ ընդգրկելու համար՝ որպես փոխհատուցում Մարտակերտի, Մարտունու և Շահումյանի շրջանների այն հատվածների, որոնք գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո: Իր հոդվածում Փաշինյանը հռետորական հարց է տալիս. «Ինչո՞ւ պիտի Ադրբեջանը 2018 կամ 20 թվականին համաձայներ նրան, ինչի հետ կտրականապես համաձայն չէր 2011-ին, երբ Կազանում հրաժարվեց ստորագրել ԱԳ նախարարների մակարդակով համաձայնեցված փաստաթուղթը: Այն ժամանակ, հիշեցնեմ, Ադրբեջանը շատ ավելի քիչ էր պատրաստ պատերազմին»:
Նախ, պատերազմ սկսելու համար պատրաստ լինելն ընդամենը մեկ գործոնն է: Չափազանց կարևոր է, թե արդյո՞ք արտաքին և ներքին իրավիճակները նպաստավոր են դրա համար: Ահա թե ինչպես էր գնահատում իրավիճակը արտաքին հարաբերություններում Ի. Ալիևը 2016թ. քառօրյա պատերազմից հետո. «Մեզ վրա ճնշումներ են գործադրվում՝ ստիպելու համար, որ մենք համաձայնենք ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Մենք շատ մանրամասներ չենք բացահայտում, քանի որ կան դիվանագիտության կանոններ։ Բայց Ադրբեջանի սևացմանն ուղղված Արևմուտքի, տարբեր ոչ կառավարական կազմակերպությունների և երկրի ներսում «հինգերորդ շարասյան» արշավի հիմքում ընկած է ճնշումը՝ նպատակ ունենալով ստանալ Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման համաձայնություն»։
Ավելին, ստորև կբերվի Լավրովի վկայությունը, թե ով էր պատրաստ իրագործել համանախագահների առաջարկները, ով՝ ոչ։ Ինչպես հայտնի է, ցանկացած սուտ, կեղծիք ու աճպարարություն որոշ ժամանակ անց բացահայտվում է։ Քանի որ 2018թ. իշխանափոխությունից հետո համանախագահները, ինչպես միջնորդները սովորաբար վարվում են, մոտ մեկ տարի սպասում էին Հայաստանի նոր իշխանությունների հարմարվելուն իրենց պարտականություններին, կարգավիճակին ու բանակցային գործընթացին, ՀՀ իշխանությունները հավանաբար կարծում էին, որ հաջողվել է նրանց մոլորեցնել իրենց «մոտեցումներով»։
Նրանք երևի չէին հասկացել, որ եթե Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի՝ անկախության ճանաչման միակ հիմքը ինքնորոշման իրավունքի իրացումն է, ապա միջազգային իրավունքի մյուս նորմերի հիման վրա այդ հինգ շրջանները պետք է վերադարձվեին՝ կարգավորման գործընթացի մյուս քայլերին համահունչ: Այդ ճանապարհով գնալու համար անհրաժեշտ կլիներ դրսևորել խիզախություն, վճռականություն, խմբակային քաղաքական շահերը հայրենիքի երկու հատվածների անկախությանն, ազատությանն ու անվտանգությանը ստորադասելու կամք, անհրաժեշտ գիտելիքներ և հմտություն՝ այդ ճանապարհը հաջողությամբ անցնելու համար: Իսկ դրա հակառակն այն էր, ինչը ստացվեց նոյեմբերի 10-ին:
Ավելի ուշ, 2020թ. նոյեմբերի 12-ին տեղի ունեցած հարցազրույցի ժամանակ Ս. Լավրովը մանրամասնորեն ներկայացրել է վերջին շրջանում իրադարձությունների զարգացման ընթացքը՝ աներկբա բացահայտելով, որ ՀՀ իշխանություններն են ձախողել բանակցությունները.
«Հակամարտության ներկայիս փուլը սկսվեց այն բանից հետո, երբ բավական տևական ժամանակի ընթացքում կուտակվում էին ծայրահեղ հուզական, ագրեսիվ, դիմակայության տանող հայտարարություններ: Մենք կնախընտրեինք, որ ամբողջ հակամարտությունը վաղուց լուծված լիներ այն սկզբունքների հիման վրա, որոնք մշակել են Մինսկի խմբի համանախագահները: Դրանց մասին վերջին շրջանում մեկ անգամ չէ, որ խոսել է Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը, ընդգծելով իր պատրաստակամությունն այդ սկզբունքների հիման վրա կատարելու այն, ինչ առաջարկում էին համանախագահները: Եթե մենք գնայինք այդ ճանապարհով, ապա արդյունքը հավանաբար կլիներ նույնպիսին՝ հինգ, ապա նաև երկու շրջանների ազատման տեսակետից: Բայց, նախ դա կարվեր անարյուն, ապա դա կարվեր վերջնական քաղաքական կարգավորման հետ կապակցված (ընդգծումն իմն է – Տ.Թ.): Այս հատվածը միանշանակորեն ցույց է տալիս, որ Ալիևը պատրաստ էր կատարելու համանախագահների առաջարկները, հետևաբար դրան խոչընդոտում էր Փաշինյանը՝ իր վերոհիշյալ «մոտեցումներով»:
Այդ խաղաղ առաջարկություններն ու քաղաքական-դիվանագիտական քայլերը, որոնք առաջարկվում էին և ինչ-որ փուլում բոլորը համաձայն էին, կասկածի տակ դրվեցին վերջին ոչ տևական շրջանում: Ասվում էր, որ հինգ, ապա երկու շրջանների վերադարձման ճանապարհով գնալու դեպքում հնարավոր չի լինի ապահովել հուսալի անվտանգություն: Երկու կողմերից սկսեցին կուտակվել բավական հուզական, կոշտ, ագրեսիվ արտահայտություններ: Մթնոլորտը շիկանում էր: Միջադեպեր առաջացան Հայաստանի ու Ադրբեջանի սահմաններին: Դրանք բավական արագ հաջողվեց խլացնել, բայց արագ հանգուցալուծման ցանկությունը «կախված էր օդում»:
Ջանքեր գործադրեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնք հանդես եկան համապատասխան կոչերով, ապա հայտարարություններ ընդունվեցին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների մակարդակով, որոնք հետագայում հաստատվեցին նոր փաստաթղթերում, որոնք արդեն նախաձեռնել էին ֆրանսիացիները, ապա ամերիկացիները՝ որպես համանախագահության մեր կոլեգաներ: Դրանից ոչ մի բան չգործեց և չհանգեցրեց արյունահեղության իրական դադարեցման, քանի որ այդ բոլոր դեպքերում չստեղծվեց կրակի դադարեցման մեխանիզմ, ինչի կոչ էին անում համանախագահները:
…Երևանում, անկասկած, կան անկեղծ մարդիկ, ում համար ցավալի է, որ ամեն բան այս փուլում այդպես է ավարտվում: Սակայն պատրանքներ, որ Լեռնային Ղարաբաղի հարակից յոթ շրջանները հավերժ պետք է մնան այն վիճակում, որը կար մեկուկես-երկու ամիս առաջ, չպետք է լինեն:
Համարում եմ, որ պատասխանատու իշխանությունները պարտավոր էին բնակչությանը բացատրել, որ որևէ փուլում այդ հակամարտությունը հարկ է լուծել ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկներին համապատասխան: Այդ սկզբունքները երկար տարիներ «սեղանին են»: Դրանք իդեալական ուղի էին բացում դեպի կարգավորում առանց արյունահեղության և առանց այդ տարածաշրջանում որևէ մեկի, նախ՝ ղարաբաղյան հայերի և Ղարաբաղում ապրող մյուս էթնիկ խմբերի, տարածաշրջանի երկրների՝ Հայաստանի ու Ադրբեջանի անվտանգությունը վնասելու»:
Մեջբերումը ծավալուն է, սակայն այս դեպքում այն արդարացված և պարտադրված է, քանի որ հանգեցնում է անվերապահ հետևության. բացարձակ պատկերացում չունենալով հակամարտությունների, դրանց լուծման սկզբունքների ու ձևերի մասին, չընկալելով բանակցային գործընթացի ու հնարավոր լուծումների էությունը, չհասկանալով, որ համանխագահների 11 տարվա աշխատանքի նկատմամբ նման անհարգալից վերաբերմունքը հղի է ծանր հետևանքներով՝ 2.5 տարի ՀՀ իշխանությունները, ԼՂՀ իշխանությունների հլու-հնազանդությամբ, փորձել են «փոխել բանակցային տրամաբանությունը»՝ առաջարկելով տգետ, անիմաստ, անհիմն ու ծայրահեղ վտանգավոր «մոտեցումներ»: Դա տապալել է բանակցությունները և Ադրբեջանը պատրվակ է ստացել պատերազմ սկսելու համար:
Հայաստանի իշխանությունների քաղաքականության կոպիտ սխալներն ու բացահայտ ձախողումները տեսանելի էին ոչ միայն համանախագահների համար։ Դրանք ամենակոշտ գնահատականների են արժանացել միջազգային ասպարեզում։ Ընդամենը մի քանի օրինակ.
Ֆրանսիական «Լը Մոնդը» գրել է.
«Ալիևը կարողացավ օգտվել հայկական իշխանությունների թույլ տված ողբերգական սխալներից. մասնավորապես, 2020-ի հուլիսին, երբ երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շուշիում ասաց. «Ղարաբաղը Հայաստան է և վերջ»:
Ամերիկյան «The Ware on the Rocks»-ի գնահատականներն ավելի կոշտ են․
«Հայաստանի պետական կառավարումը իրեն դրսևորել է որպես զառանցանքային ինքնավստահության ու նաիվ հուզականության խառնուրդ:
Հաշվի առնելով երկրի սահմանափակ ռեսուրսները՝ Ռուսաստանից ռազմական և տնտեսական կախվածությունը և աճող սպառնալիքը ավելի լավ զինված և ավելի ու ավելի հիասթափվող Ադրբեջանից, Հայաստանը քաղաքական և տնտեսական դժվարություններից դուրս բերելու համար պահանջվում էր քաղաքական խորաթափանցություն և հնարամտություն, որակներ, որոնք Փաշինյանը չունի:
Հաշվի առնելով արտաքին քաղաքական հարցերում Փաշինյանի անհետևողականությունն ու խառնաշփոթը, միանգամայն հնարավոր է, որ իրականում նա չէր վարում հանուն Արևմուտքի Ռուսաստանից անջատվելու քաղաքականություն:
Թշնամանալով Ռուսաստանի հետ՝ Փաշինյանը և իր կաբինետը ընկան մաքսիմալիստական նկրտումների գիրկը: 2019թ. մարտին Հայաստանի պաշտպանության նախարար Դ. Տոնոյանը հայտարարեց, որ Հայաստանի քաղաքականությունը արդեն ոչ թե «հող խաղաղության դիմաց» է, այլ «պատերազմ հանուն նոր տարածքների»՝ եթե Ադրբեջանը համարձակվի պատերազմ սկսել, Հայաստանը կգրավի ավելի մեծ ադրբեջանական տարածքներ:
Փաշինյանը կրկնապատկեց մաքսիմալիզմը, երբ 2019թ. օգոստոսին Ստեփանակերտում հայտարարեց. «Արցախը Հայաստան է և վերջ»: Ձգտելով գերազանցել քաղաքական մրցակիցներին Հայաստանում և Ղարաբաղում՝ հնարավոր է, նա միասնության կոչ էր անում, բայց դա հրդեհածին հայտարարություն էր: Դա համարժեք էր Ադրբեջանի բացարձակ մերժմանը և, հետևաբար, հրաժարում բանակցությունների գաղափարից:
Մեկ տարի անց, Սևրի դաշնագրի հարյուրամյակի կապակցությամբ իր ելույթում Փաշինյանը ամբողջությամբ հրաժարվեց տրամաբանությունից և ողջամտությունից, հայտարարելով, որ պայմանագիրը «պատմական փաստ է» և «այսօր էլ մնում է այդպիսին»:
Փաշինյանի ընդդիմությունն իր ցասումը չկենտրոնացրեց նրա լկտի դիվանագիտական և ռազմավարական խելահեղության վրա, որը Հայաստանին հանգեցրեց աղետալի և անխուսափելի պարտության»:
Սևրի դաշնագրի հարյուրամյակին նվիրված ՀՀ նախագահի ու վարչապետի ելույթներին անդրադարձել է նաև Հայաստանի առաջին նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը՝ մինչև պատեազմը: Նա այդ ելույթները համարժեք է համարել առնվազն «դիվանագիտական պատերազմ հայտարարելուն», միաժամանակ նշել, որ դրանով ղարաբաղյան խնդիրը ինքնորոշման հարցից վերափոխվեց ծավալապաշտական հարցի, ինչը ևս մեկ ահռելի սխալ է:
Գրեթե երեք տարի տգիտության, աճպարարության ու ստի վրա կառուցված «թավշյա» արտաքին քաղաքականության արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը երկիրը հասցրեց աղետի՝
-անհիմն, անհեթեթ ու տգետ «առաջարկություններով» ԼՂ հակամարտության կարգավորման ձախողում, ինչը պատրվակ դարձավ ադրբեջանաթուրքական ագրեսիայի համար,
-պատերազմի և կապտուլյացիայի արդյունքում՝ հազարավոր զոհեր ու գերիներ, տասնյակ հազարավոր վիրավորներ,
-նյութական, բարոյահոգեբանական ահռելի կորուստներ,
-«Լեռնային Ղարաբաղի հարակից» բոլոր տարածքների կորուստ,
– Լեռնային Ղարաբաղի Ասկերանի, Հադրութի, Մարտունու, Մարտակերտի շրջանների հատվածների, Շուշի և Հադրութ քաղաքների կորուստ,
-հայկական բանակի ջախջախում,
-Հայաստանի Հանրապետության մի շարք սահմանամերձ տարածքների վերաձևում՝ ի նպաստ Ադրբեջանի,
-դաշնակից պետությունների հետ հարաբերությունների կտրուկ վատթարացում և անհուսալի ու անպատասխանատու գործընկերոջ համբավի վաստակում:
Մինչդեռ, եթե անգամ անվերապահորեն կատարվեին ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում մինչև 2018թ. համանախագահների առաջարկությունները, ապա միայն հինգ շրջանների վերադարձով կարելի էր պահպանել Քարվաճառի և Քաշաթաղի շրջանները և դրանց խնդրի հետ կապված լուծումներին անդրադառնալ միայն ԼՂՀ վերջնական իրավական կարգավիճակի որոշումից հետո, որը պետք է իրականացվեր ԼՂ ժողովրդի կամքի ազատ արտահայտմամբ՝ չխախտելով 1988թ. եղած ժողովրդագրական համամասնությունը (ինչը համարժեք է ԼՂՀ անկախության ճանաչմանը): Ակնհայտ է, որ այդ դեպքում չէին լինի հազարավոր զոհեր, գերիներ, վիրավորներ, տեղահանված ու ամեն ինչ կորցրած մարդկանց ողբերգություն, ջախջախված բանակ, նյութական ու բարոյահոգեբանական ահռելի կորուստներ:
Այլ դեպքում երկիրը լիակատար աղետի հասցրած քաղաքական ղեկավարությունն առնվազն կապիտուլյացիայից անմիջապես հետո հրաժարականներ կներկայացներ, ինչպես եղել է բազմաթիվ պետություններում՝ բազմաթիվ անգամներ: Մինչդեռ Հայաստանում շարունակվում է պետության քայքայումն ու հեղինակազրկումը, տգիտության, ստի ու աճպարարության ամենօրյա անբարո խրախճանքը:
Մինչդեռ Մինսկի խմբի համանախագահները վերսկսել են ԼՂ հակամարտության կարգավորման աշխատանքները՝ ձևավորելու համար հակամարտության կարգավորման օրակարգը։ Նախ 2020թ. դեկտեմբերի 14-ին այցելել են տարածաշրջան, ապա փետրվարի 16-ին մոտեցումների ճշգրտման նպատակով հեռավար քննարկումներ են ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ։ Բայց մի՞թե Հայաստանի արտաքին գործերի նախարարը կարող է ներկայացնել հայկական կողմերի շահերը, երբ ոչ միայն պատկերացում չունի միջազգային իրավունքի, ինքնորոշման իրավունքի էության և կիրառման պրակտիկայի, հակամարտությունների կարգավորման մասին, այլև ռուս համանախագահին կարող է վերագրել հետևյալ անհեթեթությունը. «Ես միանշանակ համամիտ եմ պարոն Պոպովի հետ, որ Արցախի կարգավիճակը եղել է հակամարտության կարևորագույն սկզբունքը։
Վարչապետն ասել է այն, ինչ ասել է, և Պոպովը մեկնաբանել է: Խնդրում եմ ուշադիր կարդացեք, թե ինչ է գրել վարչապետը, և ինչ է ասել Պոպովը»: Մի՞թե հնարավոր է պատկերացնել, որ արտաքին գործերի նախարարը չի հասկանում՝ ինչ են նշանակում «կարգավիճակ» և «սկզբունք» բառերը: Կամ կարող է հայտարարել, որ «այլևս Թուրքիան որևէ պատճառ չունի Հայաստանի ուղղությամբ սահմանը փակ պահելու համար», չհասկանալով, որ մի կողմից արդարացնում է Անկարայի շրջափակման քաղաքականությունը՝ չտարբերելով «պատճառ» ու «պատրվակ» բառերի իմաստը, իսկ մյուս կողմից ջուր է լցնում Ալիևի ջրաղացին, որն ասում է, որ ԼՂ հակամարտությունը լուծված է։
Իսկ ինչպե՞ս կարող է մեկը հրապարակավ հայտարարել, որ «Իսկանդերը» չի պայթել կամ 10 տոկոսով է պայթել»՝ վարաբեկելով Լեռնային Ղարաբաղում խաղաղապահներ տեղակայած դաշնակից երկրի տրամադրած ժամանակակից զինատեսակը, դառնալով ծաղրուծանակի առարկա ոչ միայն Ռուսաստանում, այլև թե՛ Հայաստանի զինված ուժերի, թե՛ պաշտպանության նախարարության կողմից, ապա բանակցություններ վարել Լեռնային Ղարաբաղի ճակատագրի վերաբերյալ կամ պաշտպանել Հայաստանի շահերը։
Նման ընթացքը հղի է նոր աղետներով՝ ինչպես Հայաստանի պետականության, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի համար, ինչը առանձին անդրադարձի առարկա է:
Եզրակցություն
2018թ. իշխանափոխությունից հետո Հայաստանի արտաքին քաղաքականության ոլորտում տեղի ունեցած իրադարձությունների, մասնավորապես, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի, հրապարակված փաստաթղթերի ու դրանց արձագանքների վերլուծությունը վկայում է, որ.
- Տգիտության, արկածախնդրության ու անպատասխանատվության, հակամարտությունների կարգավորման, միջազգային իրավունքի նորմերի ու դրանց կիրառման վերաբերյալ գիտելիքների իսպառ բացակայության, արտաքին ասպարեզում ևս քաղաքական հարցերը աճպարարությամբ ու ստախոսությամբ լուծելու արատավոր գործելաոճի արդյունքում Հայաստանի իշխանությունը, հակամարտության կարգավորման գործընթացը նոր կետից սկսելու և «բանակցային տրամաբանությունը փոխելու» անհեթեթ մարմաջով տարված, ձախողել է այդ գործընթացը՝ պատերազմ սկսելու պատրվակ ստեղծելով Ադրբեջանի համար:
- Հայաստանի իշխանությունն անգամ ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով կրած ծանր կորուստների պարագայում շարունակել է արկածախնդրությունը մինչև լիակատար կապիտուլյացիա՝ կատարելով թշնամու բոլոր պահանջները և նրան զիջելով ոչ միայն նախկին ԼՂԻՄ-ի հարակից շրջանները, այլև այնպիսի բնակավայրեր, որոնք եղել են ինքնավար մարզի կազմում: Ընդ որում, չունենալով այդ բոլոր տարածքների նկատմամբ որևէ իրավասություն:
- ՀՀ-ն և ԼՂՀ-ն կատարյալ աղետի հասցնելուց հետո Հայաստանի իշխանությունները փորձում են խուսափել պատասխանատվությունից՝ ստի ու աճպարարության կիրառմամբ կեղծելով հակամարտության կարգավորման գործընթացին վերաբերող իրողություններն ու փաստաթղթերի բովանդակությունը, որոնք եղել են մինչև 2018թ. սկսված արկածախնդրությունը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները բազմիցս ներկայացրել են, որ այդ ժամանակ բանակցային սեղանին եղած փաստաթուղթը նախատեսում էր խնդրի լուծման փաթեթային տարբերակ՝ երկու փուլով կարգավորմամբ: Առաջին փուլում նախատեսվում էր հինգ շրջանների վերադարձի դեպքում Լեռնային Ղարաբաղին տրամադրել միջազգայնորեն ճանաչվող ժամանակավոր կարգավիճակ, իսկ հաջորդ փուլում՝ Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշում ԼՂ բնակչության կամքի ազատ արտահայտման միջոցով, որի արդյունքը պարտադիր կլիներ բոլորի համար, ինչը փաստորեն անկախության միջազգային ճանաչման այլ ձևակերպում է: Այդ դեպքում էր որոշվելու, թե հայկական ուժերի վերահսկողության տակ մնացած Լաչինի և Քելբաջարի շրջանների որ տարածքների միջոցով էր ձևավորվելու ՀՀ և ԼՂՀ կապը: Իսկ Հայաստանի իշխանությունը փորձում է մոլորեցնել մարդկանց՝ հայտարարելով, որ ԼՂ կարգավիճակին այդ փաստաթուղթը չի անդրադառնում, ինչը այնպիսի աղաղակող սուտ է, որ համանախագահները ստիպված եղան հրապարակավ հերքել այդ կեղծիքը:
- Հայաստանի իշխանությունները խաղաղ ճանապարհով այս ամենը ստանալու փոխարեն նախընտրեցին արկածախնդրությունը, որը հանգեցրեց ահռելի տարածքային, մարդկային, նյութական ու բարոյահոգեբանական կորուստների:
- Աղետի խորացումը կասեցնելու, ՀՀ-ի և ԼՂՀ-ի հետագա կորուստները կանխելու, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը ճիշտ ուղղությամբ վերսկսվելու համար իրենց անկարողությունը բազմիցս ապացուցած Հայաստանի իշխանությունները պետք է հեռացվեն:
Տիգրան ԹՈՐՈՍՅԱՆ
Քաղաքական գիտությունների դոկտոր
Հեռանկարային հետազոտությունների և նախաձեռնությունների կենտրոն