Լրահոս
Օրվա լրահոսը

Կոչ ենք անում միջազգային հանրությանը ճանաչել ու դատապարտել Սումգայիթյան ցեղասպանությունը և Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը․ ԱՀ ԱԺ

Փետրվար 27,2021 12:55
arcax aj

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունների հայտարարությունը

Փետրվարի վերջին օրերին լրանում է հայ ժողովրդի նկատմամբ իրականացված հերթական ոճրագործության ՝ Սումգայիթյան ցեղասպանության 33-րդ տարին:

Այդ ջարդերը լիովին համապատասխանում են ՄԱԿ-ի 1948թ. «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին» կոնվենցիայով սահմանված ցեղասպանության, մարդկության նկատմամբ կատարված հանցագործության իրավական ձևակերպմանը:

Սումգայիթյան ջարդերը Խորհրդային Ադրբեջանի օրվա իշխանության և նրանց հովանավորող ուժերի կողմից պետականորեն նախապես ծրագրված գործողություններ էին, որոնց թիրախում այդ քաղաքը կառուցած ազգությամբ հայ բնակիչներն էին: Այդ ամենին ուղեկցում էր անասելի դաժանությունն ու բռնությունը, թալանն ու կողոպուտը: Ազգային և կրոնական անհանդուրժողականության հողի վրա սկիզբ առած բռնարարքները համարժեք գնահատական չստացան Խորհրդային Միության քաղաքական ղեկավարության և միջազգային համապատասխան կառույցների կողմից, որի պատճառով ջարդերն ու բռնի տեղահանումները դարձան գործելաոճ Ադրբեջանի վարչախմբի համար, և հետագա ամիսներին նոր արհավիրքի զոհ դարձավ Բաքվի, Գանձակի, Կուրի ձախափնյակի բնակչությունը:

Շուրջ կես միլիոն հայություն Ադրբեջանից բռնատեղահանվեց, իսկ Հյուսիսային Արցախի բնիկ հայությունը զրկվեց հայրենիքից:
Սումգայիթյան եղեռնագործությունը Ադրբեջանի իշխանությունների պատասխանն էր 1988թ փետրվարին արցախահայության՝ իր ազատության և ինքնորոշման համար սկսած պայքարին:

ԼՂԻՄ խաղաղ բնակչությունը նույնպես հայտնվեց Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի թիրախում: Այն առավել անմարդկայնորեն դրսևորվեց 2020թ․ աշնանը Ադրբեջանի կողմից սանձազերծված նոր պատերազմի ժամանակ:

Հարգանքի տուրք մատուցելով Սումգայիթյան եղեռնագործության և Ադրբեջանի ագրեսիայի զոհ դարձած հազարավոր մեր հայրենակիցների հիշատակին, դատապարտելով խտրականության, անհանդուրժողականության և այլատյացության ցանկացած դրսևորում՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները կոչ են անում միջազգային հանրությանը, մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները հարգող երկրներին ու կազմակերպություններին՝ ճանաչել ու դատապարտել Սումգայիթյան ցեղասպանությունը և Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը:

«Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցություն
«Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցություն 
Արցախի «Արդարություն» խմբակցություն
«Միասնական հայրենիք » խմբակցություն
«Ազատ հայրենիք- ՔՄԴ»խմբակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728