Լրահոս
Օրվա լրահոսը

Կոնստանտին Զատուլին․ «Պարոն Փաշինյանը պարզապես «պերսոնա գրատա» է Թուրքիայում»․ «Հրապարակ»

Փետրվար 27,2021 10:55

ՌԴ Պետդումայի «Եդինայա Ռոսիա» խմբակցության անդամ, Դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինին հարց ուղղեցինք՝ ինչո՞ւ է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն Հայաստանի ԶՈԻ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հայտարարությունը համարում ռազմական հեղաշրջման փորձ, դատապարտում այն եւ իր աջակցությունը հայտնում Նիկոլ Փաշինյանին, իսկ ՌԴ-ն հայտարարում է, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները Հայաստանի ներքին գործն են։

Պարոն Զատուլինն ի պատասխան ծիծաղեց, հարցը կոչեց հռետորական ու ավելացրեց․ «Ռուսաստանն ու Թուրքիան տարբեր կերպ են վերաբերվում Հայաստանին եւ, հետեւաբար, տարբեր կերպ են մեկնաբանում այն, ինչ կատարվում է։ ՌԴ պաշտոնական իշխանությունները չէին ցանկանա ներքաշվել, միջամտել Հայաստանի ներքին գործերին՝ որեւէ մեկին առիթ չտալու համար մեղադրել Ռուսաստանին, որ մենք օգտագործում ենք մեր ազդեցությունը, նաեւ՝ ներկա, արցախյան հարցում միջնորդի մեր դերը, Հայաստանի հետ մեր փոխհարաբերությունները՝ ինչ-ինչ գործընթացների վրա ներազդելու համար։ Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա, իմ դիտարկմամբ ու համոզմամբ, Թուրքիան, ինչ էլ որ հրապարակավ ասի, շահագրգռված չէ, որպեսզի Հայաստանն ուժեղանա, ոտքի կանգնի, այդ պարտությունից հետո մեջքն ուղղի։ Դուք՝ ինքներդ անձամբ որոշեք, թե ինչու է այս ամենում ոչ շահագրգռված Թուրքիան պաշտպանում այն վարկածը, որը տարածում է Հայաստանի վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանը, իմ գնահատմամբ՝ միանգամայն մերկապարանոց»։

Կոնստանտին Զատուլինն այս կապակցությամբ ավելացրեց․ «Եվ այս պարագայում իմ եւ շատ-շատերի մոտ տպավորություն է, որ պարոն Փաշինյանը պարզապես «պերսոնա գրատա» է Թուրքիայում։ Մարդ, որին թուրքերը Հայաստանի իշխանությունում պահպանելու մեծագույն ցանկություն ունեն»։

 

Անուշ ԴԱՇՏԵՆՑ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728