«Լեռնահայաստան» ազգային շարժումը շաբաթ՝ փետրվարի 27-ին հանրահավաք է կազմակերպում՝ պահանջելով վարչապետ Նիկոլի Փաշինյանի հրաժարականը։ Հիշեցնենք, որ երեկվանից Սյունիքի մարզպետարանի դիմաց կապանցիները երկու վրան են տեղադրել եւ գիշերել այնտեղ։
«Ապակուսակցական շարժում է, տարբեր հայացքների մարդիկ, տարբեր կուսակցությունների անդամներ են «Լեռնահայաստանի» մեջ, որոնց նպատակն է սատարել բանակին ու թույլ չտալ, որ դավաճանների կառավարությունը շարունակի իր գործը»,–Aravot.am-ի հետ զրույցում ասաց Խորեն Հարությունյանը։
Կարդացեք նաև
Ըստ նրա, գիշերը որեւէ միջադեպ չի արձանագրվել, ոստիկաններն իրենց գործն էին անում, «տղերքն էլ վրաններում էին»։ Հարությունյանը նշեց նաեւ, որ հանրահավաքը օրինական է, նախապես դիմում են ներկայացրել Կապանի քաղաքապետարան։
Այն դիտարկմանը, թե բողոքի ցույցից հետո հնարավոր է վրանները հավաքեն, «Լեռնահայաստանի» շարժման անդամը նշեց, որ ապագա գործողությունների մասին դեռ չի կարող խոսել, բայց անժամակետ են վրանները տեղադրել։ «Մինչեւ վերջ պայքարելու ենք։ Թշնամին արդեն կողք–կողքի է ապրում մեզ հետ»,–ասում է Արցախյան գոյամարտին մասնակցած Խորեն Հարությունյանը։
Ի դեպ, նա նշեց, որ մարզային եւ տեղական իշխանություններից որեւէ մեկը չի հանդիպել իրենց։ «Մեր պահանջն օրինական է, նորից եմ ասում, մենք մեր հերթին ենք պաշտպանում կարգուկանոնը, ոստիկաններն՝ իրենց»,–մեր զրույցը եզրափակեց Խորեն Հարությունյանը։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ