Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքացիական պատերազմ է հասունանում․ «Ազգ»

Փետրվար 27,2021 10:10

Մարտի 1 է հասունանում: Լարված, տագնապային, մռայլ օրերի մեջ համատարած ատելությունն ու թշնամանքն այնքան շատ են, որ արդեն վարժվել ենք այս կենսակերպին ու չենք նկատում, որ քաղաքացիական պատերազմ է հասունանում:

Համացանցը, հատկապես Ֆեյսբուքը, քաղաքական ու հասարակական լակմուսի թուղթ է, որի գույնն այնքան է մգացել, որ մարդկային մաղձը համակարգչից հոսում է դեպի փողոց ու հրապարակ: Այսպես էլ պետք է լիներ. պատերազմի անդառնալի հետեւանքները, իշխանությունների անտարբեր, արհամարհական վարքագիծը, մեղքի զգացումի իսպառ բացակայությունը, ընդդիմության վիժեցրած պայքարը, բարոյահոգեբանական համատարած անկումն ու անորոշությունը պարարտ հող են, որտեղ մարդիկ միմյանց մեջ թշնամի, մեղավոր են փնտրում:

Նիկոլականները հականիկոլականներին են որսում, հականիկոլականները՝ նիկոլականներին: Որսը Ֆեյսբուքից աստիճանաբար տեղափոխվում է փողոց, թեեւ ֆեյսբուքյան ճակատը շարունակում է թեժ մարտական մնալ: Հպանցիկ ուսումնասիրությունն անգամ բավական է՝ տեսնելու համար, թե ինչ արյունահեղ գրոհի են ենթարկվում առողջ դատող, վերլուծող ու անկողմնակալ օգտատերերը: Բերաններից փրփուր թափելով, արնակալած աչքերով ֆեյքերն ու ոչ ֆեյքերը անարգանքի սյունին են գամում բոլորին: Ու նրանց մեծ մասը կանայք են՝ զավաների ու թոռների տեր մայրեր ու տատիկներ, որոնք տղամարդու պես յոթհարկանի հայհոյանքներով «նախշում են» աջուձախ. ե՛ւ անիծում են, ե՛ւ հայհոյում: Ֆեյսբուքյան էջերում նրանք պինդ պաչում են թոռան թմբլիկ թուշիկը, իսկ գրառումներում անեծք ու կրակ են թափում բոլորի գլխին, բոլորի երեխաներին գերեզման դնում, բոլորի նախնիներին գերեզմաններում շուռ տալիս:

Շեկ ներկած մազերով, պարարտ մարմնով, մեծ-մեծ ականջօղերով, վառ կարմիր ներկած շուրթերով, աջ ծնկանը կարմրաթուշ տղա թոռանը նստեցրած, ձախ ծնկան վրա վարդերի հսկա փունջ պահած այդ կանայք ֆեյսբուքի ծանր հրետանին են: Նրանց ամուսինները սոցցանցերում ուշիուշով հետեւում են իրենց տիկնանց անեծքներին ու հայհոյանքներին ու ձեռքի բութ մատի նշանով հարյուր հատ like դնում դրանց տակ: Ու անկասկած, այդ տղամարդիկ իրենց կանանց մոտ բազմաշերտ հայհոյանքներ սովորելու վարպետության դասեր են անցնում:

Ֆեյսբուքի նռնականետերը ջահել աղջիկ-տղաներն են: Սիլիկոնե շուրթերով, արհեստական թարթիչներով, թունդ շպարված պարմանուհիներն ու թրաշով, մանր ու կարճ չոլկայով ջահել տղաներն անխնա ծաղրում են բոլորին: Երանի՜ նրանք լատինատառ գրեին…. բայց ո՛չ, հայատառ են գրում, որ ընթերցողներին բարոյահոգաբանական կտտանքների ենթարկեն, անարգեն հայագիտության երկուհազարամյա հիմերը, որպեսզի պարզ հասկացվի, որ նրանց բացած առաջին ու վերջին գիրքն «Այբբենարանն» է եղել:

Ատելությունն ու թշնամանքը ֆեյսբուքից դուրս են հորդում: Կուտակված բացասական էներգիան պարպելու համար ֆեյսբուքյան հակամարտությունն այլեւս չի բավարարում: Ագրեսիան պարպելու համար կենդանի շփում, կենդանի պատերազմ է հարկավոր: Ատելությունից եռացող արյունը համակարգչի ստեղնաշարից չի հովանում, անեծքներից ու հայհոյանքներից չի հանգստանում: Եռացող արյունը արյան ծարավ է: Ոչ՛ իշխանությունը, ո՛չ ընդդիմությունը, ո՛չ հանրությունն ամբարված ագրեսիայի, թշնամանքի պաշարներով միմյանց չեն զիջում:

Եթե պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը բացեիբաց ահաբեկում է, թե պետությունը մոնոպոլ իրավունք ունի կրակելու պետական շենքերը գրավող քաղաքացիների վրա, եթե Նիկոլ Փաշինյանը, լսելով, որ անհնազանդության ակցիայի մասնակիցները խոչընդոտելու են իր մուտքը Կառավարության շենք, փետրվարի 23-ի վաղ առավոտից մեկ-երկու կմ շառավղով տարածքը 3500 ոստիկաններով է շրջապատում, եթե ընդդիմությունը հանրահավաքների ամբիոններից իշխանության հասցեին լուտանքներից ու նախատինքներից բացի, կառուցողական որեւէ ծրագիր, ելք չի առաջարկում, բնական է, որ պատկերը սա պետք է լինի:

Մեր երկրի ամեն անկյունից ահաբեկչության հոտ է գալիս, ահաբեկում է յուրայինը՝ յուրայինին, հայը՝ հային:

 

ՆԱԻՐ ՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728