Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Փոխվել է հրապարակի որակը

Փետրվար 27,2021 10:00

Հերթական խոսակցությունը տաքսիստի հետ (հնարավորինս գրական հայերենի վերածած). «Բա էս երկրի վերջը ի՞նչ է լինելու, դուք որպես լրագրող ավելի ինֆորմացված եք»:

«Երկրի վերջի մասին ես ինֆորմացված չեմ»:

«Նիկոլին ուզում են գահընկեց անել, կստացվի՞»:

«Կարծում եմ` չի ստացվի, եթե դա՛ է ամենակարեւոր հարցը»:

«Բայց Նիկոլն իր ասածը կանի՞, նախկիններին կպատժի՞»:

«Ճիշտն ասած, չգիտեմ, ու դա ինձ այնքան էլ չի հետաքրքրում՝ եթե պետք է, թող ամեն մեկին մի ծառից կախի: Նիկոլն իր արածն արեց՝ ունենք 4-5 հազար զոհված եւ կորցրել ենք Ղարաբաղի 70 տոկոսը»:

«Դրանում Նիկո՞լն է մեղավոր»:

«Եթե ես զորամասի հրամանատար եմ, ու իմ հրամանատարության օրոք իմ զենքի պահեստը պայթում է, դրանում ո՞վ է մեղավոր»:

«Բայց ասում են՝ դավաճանություն է եղել, նե՜նց բաներ են պատմում…»:

«Ինձ թվում է, ոչ մի դավաճանություն էլ չի եղել, եղել է բարդակ»:

«Լավ, բա էս երկրի վերջը ի՞նչ է լինելու»…

Այս ամիսների ընթացքում նման խոսակցություն ես վարել եմ մի քանի տասնյակ անգամ: Իմ զրուցակիցներին ավելի քիչ է հետաքրքրում վերջին պատերազմում կրած դաժան պարտությունը, նրանց հուզում է՝ կմնա՞ Փաշինյանն իր աթոռին, թե՞ ոչ: Այսինքն՝ «բա Սերժի վախտ…», «բա որ նախկինները թալանում էին…» քարոզչական փաստարկն այնքան զորեղ է (օբյեկտիվ պատճառներով), որ դրա առջեւ «խամրում է» այն աղետը, որը պատահել է մեր երկրի ներկա իշխանությունների օրոք եւ նրանց մեղքով:

Ըստ Marketing Professional Group ընկերության հարցման՝ Հայաստանում հարցվածների 38,8 տոկոսը կարծում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է շարունակի գլխավորել կառավարությունը։ 43,6 տոկոսը համարում է, որ նա պետք է հրաժարական տա։ Անկեղծորեն խոստովանեմ, որ փողոցում ինձ խոսեցնում են մարդիկ, որոնք մտնում են 38,8 տոկոսի մեջ եւ առաջնորդվում են տաքսիստի վերոհիշյալ տրամաբանությամբ:

Բայց մի քանի անգամ գրել եմ՝ ես որակն ավելի եմ կարեւորում, քան քանակը: Եվ այդ առումով հատկանշական էր հինգշաբթի օրը Փաշինյանին աջակցողների հանրահավաքը: Ըստ իշխանամետ հ/կ-ներից մեկի հաշվարկների՝ Հանրապետության հրապարակում հավաքվել էր մոտ 10 հազար հոգի: Թող այդպես լինի: Իսկ ո՞ր շերտն էր կազմում հանրահավաքի կորիզը` մարզպետները, չինովնիկները, պատգամավորները եւ շահագրգռված այլ անձինք հաշիվ չեն: Կորիզը կազմում էին հիմնականում իմ սերնդի մարդիկ, որոնք եկել էին «նախկիններին պատժելու» ու «թավիշին վերջ տալու» պահանջով:

Իսկ հիմա հիշեք, թե ովքեր էին 2018 թվականի գարնանը ստեղծում նույն հրապարակի «աուրան»՝ պայծառ երիտասարդները (նաեւ իմ հարազատները), որոնք ոգեւորված էին նոր Հայաստան կերտելու հեռանկարով: Այժմ նրանց զգալի մասը կա՛մ անտարբեր են դարձել, կա՛մ էլ ավելի վատ՝ ֆեյսբուքում կոչ են անում վարչապետին հեռանալ (դարձյալ՝ եթե գրական ձեւակերպենք):

Բոլորի կարծիքը կարեւոր է՝ ե՛ւ տաքսիստի, ե՛ւ չանչեր ցույց տվող տատիկի, ե՛ւ հիասթափված երիտասարդի: Բայց ավելի կարեւոր է, որ նրանք ապրեն Հայաստանում, ապրեն կողք կողքի:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (11)

Պատասխանել

  1. Armen says:

    Մեր հասարակության վարքը շատ տրամաբանական է, ինձ թվում է դա բոլորն են հասկանում: Նրանք շատ լավ ճանաչում են իշխանությունը խլելու դուրս եկած «17+-»-ներին: Եվ քանի որ մեր ժողովուրդը մազոխիզմով չի տառապում, պատրաստ է աջակցելու ցանկացած ուժի կամ անհատի, միայն թե իրենց արհամարող և շատ լավ ծանոթ նախկին կերպարները չվերադառնան: Սա է իրականությունը…

  2. Armen says:

    Խելքը գլխին հավն էլ պիտի որ հասկանա, որ «17+-+»-ին օգտագործում են պետությունը թուլացնելու այնքան, որ ինքնիշխանության մասին հայը երազում անքամ չփորձի մտածել….

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Չնայած ես բացարձակապես չեմ վիրավորվում, բայց մոդերատորների ուշադրությունն եմ դարձնում, որ այս մեկնաբանությունը պարունակում է վիրավորանք իմ հասցեին՝ այսինքն, ես հավի խելք էլ չունեմ: Խնդրում եմ այն չնջնել, բայց, հուսով եմ, այսունետ կպահպանվի բանավեճի որոշակի մակարդակ:

  3. Armen says:

    Պարոն Աբրահամյան, իմ գրածը չի հակասում Ձեր հոդվածի բովանդակությանը, այնպես որ Ձեր եզրահանգման հետ համաձայն չեմ: Մեր պետությունը գտնվում է լինել չլինելու սահմանագծին, պետք է անել ամեն ինչ, որ մեր ժողովուրդը ավելի լավ գիտակցի դա: Այդ առումով լրագրողական համույթը ունի իր պատասխանատվության մեծ բաժինը…

  4. Garo says:

    Պարոն Աբրահամյան, էտ իբր պայծառ երիտասարդների մեծ մասը հիմա երազումա երկրից ճողոպրելու մասին։
    Էտ պայծառների մեծ մասը հա ինչ որ համալասարանում մի քանի բան զուբրիտա արել, մի քիչ լեզու գիտի, ինչ որ օֆիսում նստած կոդա գրում կամ թղթերա մրոտում, բայց երկրի շահի, առաջնայինը երկրորդային տարբերելու հարցում միջին վիճակագրական տաքսու վարորդից չի տարբերվում։
    Էտ պայծառների մեծ մասը գաղափար անգամ չունի արցախյան շարժման, արցախյան պատերազմի մասին, իրանք էլ հիմնականում Ջաբրաիլն ու Քելբաջարը իրարից չեն տարբերում, առավել ևս որ հարցնես Քելբաջարը երբա գրավել որ թվին ոնց և այլն չեն պատասխանի։

    Էտ պայծառների մեծ մասը մինչ հեղափոխությունը լավ էլ ապրում էին, բայց մեկա դժգոհ էին, “երկիրը երկիր չի” ուզում էին երկրից ճողոպրեին։Հիմա էլ են ուզում ճողոպրեն
    Ուղղակի էն ժամանակ մահանեն էն էր, որ ընտրությունները կեղծում էին ու Սաշիկը իբր փայ էր մտնում բոլորին, հիմա էտ մահանեն չկա։

    • Nimar says:

      Ես լիովին համաձայն եմ երիտասարդության վերաբերյալ ձեր գնահատականի հետ: Կարող եմ ավելացնել, որ երիտասարդների ճնշող մեծամասնությունը, հատկապես քաղաքներում, գերադասում է անձնական ազատությունը, կարիերան և նյութական բարեկեցությունը: Նրանք շատ քիչ են մտածում քաղաքականության մասին, և պետական ​​սահմանների առկայությունը ճնշող և տհաճ է թվում, ինչպես ազատության ցանկացած սահմանափակում: Միևնույն ժամանակ, բոլորովին էլ հիացած չեն տեղական կյանքով, այն համարում են բավականին խղճուկ:

  5. Հ.Շ. says:

    Դատական գործընթացի մէջ, անենասկիզբը, կայ «նախնական միջոց» կոչուած փուլը, որ հետեւեալն է՝ երբ որ ներկայացուած դիմումը էականօրէն անհիմն է, կարիքը չկայ նիւթը քննարկելու խորքային մակարդակի վրայ. եւ դիմումը կը մերժուի ուրեմն նախապատրաստական հանգրուանին արդէն, առանց յաւելեալ քննարկումի:

    Հիմա կան հայեր (ներառեալ, Դասական Սփիւռքի մէջ, ի մասնաւորի աննման Ֆղանսայում), որոնց համար Արցախի կորուստը ընդունելի գինն է՝ Հայաստանում կոռւպցիայի վերացման եւ ժողովրդավարութեան նորմերի բարելաւումին:

    Կարիքը չկայ ըստ էութեան քննարկման, աւելորդ բանավէճի մէջ մտնելու, թէ՝ արդեօ՞ք այդ գինը ընդունելի է, այդ կորուստին համար: Նոյնիսկ, եթէ այդ մակարդակին փոխադրուի վիճաբանութիւնը, դա արդէն ենթադրել պիտի տայ հաստատումը հիմնական տուեալներու, որոնք մինչդեռ՝ չկան: Չեն համապատասխանէր իրականութեան:

    Արդարեւ, այդ հայերու կեցուածքին առարկայական թերութիւնը այն է որ՝ 2018-ի յեղափոխութենէն ետք, Հայաստանում ոչ կոռուպցիան ոչնչացաւ, ոչ էլ ժողովրդավարութիւնը որեւէ նշանակալից առաջխաղացք արձանագրեց: Մինչ, վերոյիշեալ գինը լրիւ վճարուեցաւ արդէն:

    Ուրեմն Արցախի կորուստին դիմաց, միմիակ մէկ բան է որ ստացան այդ հայերը՝ «նախկինների» փոխարինումը այժմու իշխանաւորներով: Չնայած, կան նաեւ հայեր, որոնց համար այդքանը իսկ՝ շատ յաջող առեւտուր է: Մինչդեռ, կ’ասէին որ հայերը լաւ վաճառականներ ենք…

    Իսկ եթէ ոմանք կը կարծեն թէ այս պահը անցումային է, թէ՝ յեղափոխութիւնը ճանապարհը բացաւ տակաւին գալիք, իսկական եւ էական բարեփոխումների, դէպի արեւմտեան չափանիշներով ժողովրդավարութիւն-մողովրդավարութիւն, պիլմեմնէ, երեւի անոնք ալ չեն գիտեր թէ ինչ է՝ backlash ըսուածը: Որու ամենացայտուն օրինակներէն մէկը՝ Տօնալտ Թրամփի նախագահ դառնալն էր, եւ այսուհետեւ՝ կայուն Թրամփիզմն է, որպէս Օպամայութեան արտադրած ուղղակի հակազդեցութիւն: (Yes We Can… Make America Great Again !)

    Իսկ քանի որ այս տեսակի հայերն ալ ընդհանրապէս արեւմտամոլ եւ ռուսատեաց են, թող մի հատ եւս նային, թէ ինչ է հիմա կացութիւնը, անցեալի բաղդատած, այդ ուղղութեամբ եւս… Նոյնիսկ եթէ Փաշինյանը մնայ տակաւին իր աթոռակին վրայ: Նոյնիսկ եթէ նա վերընտրուի… )

  6. Արամ Աբրահամյան says:

    Շնորհակալ եմ բոլորին մեկնաբանությունների համար: Չնայած համաձայն եմ, որ «կոնսյումերիմի» որոշակի տարրեր այսօրվա երիտասարդների մեջ կան, հավատում եմ, որ ընդհանուր առմամբ ինձնից հետո եղող սերունդն ավելի լավն է, քամ իմը:

  7. Սարգիս Զեյթունյան says:

    Միգուցե այդ հրապարակի (массовка) որակը փոխվել է 3 տարվա կտրվածքով: Ավելի լայն առումով այն նույնն է. նվաստաց(վ)ած, անտարբեր, ծախու, անկամ, անկիրթ… Նույնն են նաև հրապարակը սեփական նպատակներին ծառայեցնելու հնարքները: (տես՝ Շվարց «Սպանել վիշապին»)

  8. henri says:

    Վարչապետը մնացած է նոյնը-առաջին ելոյթի մարդը – Անախորժ պոռչտուք -ձախ-աջ օրօրուիլ – նոյնիսկ ՛՛ ծնկաչոք ներողութիւն խնդրելը՛՛ -՛՛ասվալտի փռելու, պատերուն ծեփելու ՛՛ առոգանութեամբ ըսուած ՚մարդ չի համոզեր, ոչ մէկ բարելաւում առ այսօր, ԵՍ- ԵՍ- ԵՍ.ը կը մնայ ուղեղի միակ սեւեռումը … որ լաւ բան չի խոստանար /պատմական յիշողութիւն ունեցողներուն համար զարմանալիօրէն կը յիշեցնէ ոմն /ուշացած Հիթլէրի մը/ կերպարը … ,նոյն բազմութիւնը ամէն տեղէ ժամանած, մի փոքր աւելի տաք հագուած , ՛՛նոր փրկարար Մովսէս մարգարէն՛՛ ծափահարելու որպէս լաւագոյն այլընտրանք ./խեղճ ժողովուրդ -այսքան շուտով կը մոռնաք հազարաւոր անմեղ զոհերը և հողերու կորուստը ուր այնքան արիւն թափուած է …
    Իսկական ողբերգութիւնը այն է որ ամէնքս լաւ վերլուծութիւն կը կատարենք բայց ոչ ոք ԼՈՒԾՈՒՄ կը տեսնէ ։

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728