Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վահագն Գալստյան. Արվեստագետը պետք է զբաղվի իր գործով, չմոռանա, որ ինքը ժողովրդից է դուրս եկել. «Հայկական ժամանակ»

Փետրվար 27,2021 09:10

Կորոնավիրուսի համավարակով, այնուհետև պատերազմով պայմանավորված՝ մշակութային ոլորտը, որը կանգ էր առել երկար ժամանակ, սկսել է ակտիվորեն գործել: Հին ու նոր ներկայացումներ, ինտենսիվ փորձեր, գերհագեցած մշակութային օրակարգ. ահա այսպիսի անցուդարձ է մասնավորապես բոլոր թատրոններում:

Երևանի դրամատիկական թատրոնի դերասան Վահագն Գալստյանը նույնպես բուռն աշխատանքային գործունեության մեջ է՝ հանդիսատեսին խոստանալով նոր պրեմիերաներ: Վահագնը նաև մշակույթի այն գործիչներից է, որը պատերազմի օրերին բեմը զենքով փոխարինեց ու կանգնեց հայրենիքի պաշտպանության դիրքերում:

«Ինձ նման լիքը տղերքի հետ՝ ծանոթ ու անծանոթ, կանգնած էինք Մայր Հայաստանին պահապան լինելու, որքանով հաջողվեց՝ բոլորս գիտենք»,- ասում է դերասանը՝ միևնույն ժամանակ, սակայն, նշելով, որ պետք է սխալներն ու բացթողումները հասկանալ, շտկել դրանք ու չմտնել հանձնվողի կերպարի մեջ:

Վահագն Գալստյանի հետ մեր զրույցը՝ ստորև.

 

– Ի՞նչ փոխեց պատերազմը ձեր մեջ:

– Մի կարևոր բան ոնց որ մեջիցս գողացել են: Չեմ ուզում ասել՝ նպատակներ, երազանքներ, հույսեր: Ոչ էլ ուզում եմ հանձնվողի կերպարի մեջ մտնել, բայց ինչ-որ մի կարևոր բան գնացել է: Հետևանքը ես էլ, դուք էլ, բոլորն էլ հետո ենք զգալու ավելի խոր, ավելի արմատապես: Բայց շարունակում եմ ակտիվ ապրել՝ հավատալով, որ հնարավոր է, այո՛, մեկ-մեկ ճակատամարտերում պարտություն էլ է գրանցվում: Էնպես չէ, որ եթե մեզ է դա բաժին ընկել, պետք է ողբերգություն սարքել, հանձնվել, ընդհակառակը, պիտի հասկանանք՝ որտեղ էին մեր սխալները, որտեղ էին թերացումները, որտեղ գլուխ գովեցինք, որտեղ պասիվ մնացինք, հնարավոր է՝ ակտիվությունը սխալ ճանապարհով տարավ:

Նման բաներն են պետք հասկանալ: Կարծում եմ՝ մեր ազգը, մեր ժողովուրդը էնքան բանիմաց ու խորագետ է, որ սրա միջով էլ կանցնի: Պետք է ապրել, կրթվել, դաստիարակված քաղաքացի ձևավորել, որովհետև եթե ուզում ենք էն օրերը, ինչ մենք ենք տեսնում, մեր ձագուկները չտեսնեն, պիտի մի քիչ լարենք մեզ: Ոնց որ մեր Անդրանիկ զորավորն է ասում՝ 15 րոպե քնելուց առաջ գոնե մտածենք, մտածածը բերենք կատարման, բերենք գործողության, բերենք շարժումների, այլապես այդ կենացները, այդ մտածումները՝ բա ես էսքանը, բա դու էնքանը, ոչինչ չեն տալու: Պետք է չարչարվենք, որ հետագայում լավ լինի:

– Ըստ ձեզ, հետպատերազմական այս շրջանում ո՞րը պիտի լինի արվեստագետների դերը իրավիճակը հաղթահարելու գործում:

– Ես միշտ իմ պայքարելը համարել եմ թատրոնում լինելը: Լավ առումով օրինակ ծառայելը: Իմ գործն անել էն մակարդակի, որն ինձնից սպասում է և՛ գեղարվեստական ղեկավարությունը, և՛ ռեժիսորը, և՛ բոլորը: Փողոցում պետք է անցնել կանաչ լույսի տակով, լինել հավաք, դաստիարակված, հարգել դիմացինին: Իմ պայքարը ես էսպես եմ տեսնում ու ընկերներիս կոչ կանեմ նույն ճանապարհը որդեգրեն, որովհետև, ի վերջո, «մուզիկանտ չզբաղվել պոլիտիկա»: Իսկ մեր երկրի ցավը մեր ցավն է: Բոլորիս ցավն է: Իմ բացթողումը վաղը դառնալու է քոնը: Քոնը վաղը իմ զավակինն է դառնալու: Մենք էնքան կապված ենք իրար, որ խորապես մեկ-մեկ չենք էլ գիտակցում:

Ուզում եմ բոլորն իրար լավ օրինակ ծառայեն. փողոցում քայլելիս, ուտելիս, խոսելիս, կարծիք արտահայտելիս, պետականությանը մոտենալիս, ինչ-որ մեկին անդրադառնալիս, թեկուզ այս պատերազմին անդրադառնալիս: Կուզեի, որ առևտրի մեջ չմտնենք մեր վերքերի վրա, կուզեի՝ լինենք ավելի տղամարդավարի, վստահ, առանց գլուխ գովալու, ամպագոռգոռ բառերի: Պիտի պատասխանատու լինենք երկրի նկատմամբ՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի՝ լինի արվեստագետ, գիտնական, թե հավաքարար:

 Այսինքն՝ դե՞մք եք նրան, որ մշակույթի գործիչները զբաղվեն քաղաքականությամբ:

– Չէ, ես դրան դեմ չեմ, դա մարդու ցանկությունն է, մոտեցումն ու կարծիքը, ես չեմ կարող ինչ-որ մեկին դեմ լինել: Ես պարզապես կուզեի էդպես տեսնել, դա իմ տեսլականն է: Հիմա որքանով կլինի, թե չի լինի, ես հետևում եմ էս տարբերակին: Արվեստագետը պետք է զբաղվի իր գործով, չմոռանա, որ ինքը ժողովրդից է դուրս եկել: Ինքը չպիտի մոռանա, որ ինքը արվեստի մարդ է: Հիմա շատ են ասում՝ լուռ են մտավորականները, կամ էս, կամ էն. ինքը էդ ճանապարհները պետք է գրագետ անի: Ոչ շատ աղմուկով անի, ոչ էլ՝ շատ պասիվ լինելով: Պարզապես ես կուզեի գործ տեսնել: Ի վերջո, գործ է պետք անել: Թե չէ խոսելը վերածվում է մի մեծ աղմուկի, մինչև էսօր դա լավ բանի չի բերել՝ բացի պետականությունը խարխլելուց:

 

Գագիկ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728