Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սա երկու իջևանցիների անձնական կռիվ չէ․ սա հանուն բանակի և բանակի դեմ կռիվ է․ «168 ժամ»

Փետրվար 27,2021 09:00

ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությանը, որով Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ մի շարք գեներալներ և ԳՇ վարչությունների ղեկավարներ պահանջում էին Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը, ապա այն, վստահաբար, երկսր ծանրութեթև արված, հասունացած, հաշվարկված որոշում էր, իսկ պատճառը՝ բանակի լինելիությանն ուղղված իշխանությունների գործողություններն են, ինչի մասին նշվում է ԳՇ տարածած հայտարարության մեջ. «ՀՀ զինված ուժերը երկար ժամանակ համբերատար կերպով հանդուրժում էր գործող իշխանության կողմից զինված ուժերը վարկաբեկելուն ուղղված «գրոհները», սակայն ամեն ինչ ունի իր սահմանները»:

Բանակի օրվա առթիվ իր ուղերձում ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն իրեն քննադատողներին, իրենց հանդեպ հավատքը կորցրածներին, բացահայտ վիրավորողներին խոստացել էր, որ «Հայոց բանակն արագ ապաքինվելու է ստացած վերքերից և ցույց է տալու թշնամուն իր բազկի ուժը, որ մեր տան դարպասների մոտ կանգնած թշնամու ոտնձգությունները կասեցնելու են, մեր փոխարեն դա ոչ ոք չի անելու»: Իշխանություններին իր այս ուղերձով Օնիկ Գասպարյանը զգուշացում-մեսիջ էր ուղարկել՝ անզիջում պայքար են մղելու ազգային և պետական շահերը պաշտպանելու համար:

Փաշինյանի գլխավորությամբ՝ իշխանությունները սա լուրջ չընդունեցին, և շարունակեցին տարաբնույթ ակցիաներ կազմակերպել ՊՆ-ի դիմաց՝ անհետ կորածների հարցում միայն ԳՇ-ին մեղադրելու, Արցախ արձակուրդ եկած զինվորներին չզորակոչելու, և այլն: Եվ այս ամենի համատեքստում զորամասերում անկարգուկանոն դեպքերը հաճախակիացան, սպաների վարկաբեկումները, ինչը կադրային փորձառու և խիստ զինվորական Օնիկ Գասպարյանը չէր կարող երկար հանդուրժել. Արցախ չզորակոչելը, բնավ, նրա սրտով չէ, զորամասերում բեմադրվող և ստեղծվող ոչկարգուկանոնին նա կտրականապես դեմ է, պատերազմից փախածներին, զինծառայողների, սպաների ճանապարհը կտրողներին պատերազմի օրենքով չպատժելուն՝ ևս:

Օնիկ Գասպարյանը, ով 2016-ի Ապրիլյան պատերազմից հետո Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ և Վիգեն Սարգսյանի պաշտպանության նախարար ժամանակ մշակված բանակի արդիականացման 2018-2025թթ. նոր յոթնամյա ծրագրի վրա է աշխատել, ըստ էության, չէր կարող հանդուրժել առանց իրեն Վաղարշակ Հարությունյան-Անդրանիկ Քոչարյան քննարկումները բանակի ապագայի հետ կապված, բանակում կառավարման մոդելի փոփոխման փորձերը:

Այսինքն, ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի՝ մի «վտանգավոր ծիծաղի» պատճառով պաշտոնազրկումն ընդամենը առիթ էր՝ իշխանությունների «երեսին շպրտելու» կուտակվածը: Թե ինչ կլինի հետո, ժամանակը ցույց կտա, մի բան պարզ է՝ պետությունն իրականում բանակն է, ոչ թե Նիկոլ Փաշինյան անձը: Եվ որքան էլ Նիկոլ Փաշինյանը փորձի մի կողմում «դնել» Օնիկ Գասպարյանին, իսկ մյուս կողմում՝ իրեն, իր «չարդարացված» վստահությունը, դա այդպես չէ՝ սա երկու իջևանցիների անձնական կռիվ չէ: Սա հանուն բանակի և բանակի դեմ կռիվ է:

Սահմանադրության 14-րդ հոդվածում նշվում է. «Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը»:

Եվ սրան խոչընդոտելը ոչ այլ ինչ է, քան պետությանը դեմ գնալ:

 

Մարիամ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728