Լրահոս
Օրվա լրահոսը

Ատենախոսությունները կրկնակի փորձաքննություն նշանակելն արդեն իսկ կարգի խախտում է

Փետրվար 27,2021 13:00

Հայաստանի կրթության եւ գիտության նախարարության աշխատակազմի «Բարձրագույն որակավորման հանձնաժողով» գործակալության դեմ դատական գործընթացները չեն լուսաբանվում: Պատճառը դատավարական կողմերի մերժումներն են, իրենց գիտական աստիճանի վկայագիր տալու մասին որոշում կայացնել պարտավորեցնելու պահանջը համարում են անձնական տվյալ, գործարար, մասնագիտական համբավին առնչվող հարց:

Սակայն ինքնին վեճը հետաքրքիր է, եւ ինչ-որ առումով կարող է ընդհանրական լինել շատ գիտնականների, դասախոսների, մտավորականների համար, քանի որ նրանց վաստակած կոչումների դեմ ուղղված քայլերը սիրողական հարթության վրա են:

Հայաստանի կառավարությունը 08.08.1997թ. թիվ 327 որոշմամբ որոշել է հաստատել Հայաստանի Հանրապետությունում գիտական աստիճանաշնորհման կանոնակարգը, որի 2-4-րդ կետերով սահմանվել է, որ Հայաստանի Հանրապետությունում շնորհվում են գիտության թեկնածուի եւ գիտության դոկտորի գիտական աստիճաններ` ըստ գիտության բնագավառների:

Գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի կարող են հավակնել այն անձինք, ովքեր ունեն բարձրագույն կրթություն (դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի որակավորում) եւ հանձնել են քննություն Հայաստանի գիտական աստիճանաշնորհման անվանացանկի համապատասխան մասնագիտությունից: Գիտությունների դոկտորի գիտական աստիճանի կարող են հավակնել այն անձինք, ովքեր ունեն գիտության որոշակի բնագավառում ներդրած գիտական ավանդ եւ թեկնածուի գիտական աստիճան:

Գիտական աստիճան շնորհում է մասնագիտական խորհուրդը` հիմք ընդունելով ատենախոսության պաշտպանությունը:
Գիտական աստիճանի վկայագիր հանձնում է ԲՈՀ-ը:

Նույն կանոնակարգի 8-րդ կետի համաձայն՝ դոկտորի գիտական աստիճանի (երկրորդ` բարձրագույն գիտական աստիճան) հայցման համար ներկայացված ատենախոսությունն աշխատություն է, որը կարող է գնահատվել իբրեւ էական նվաճում գիտության տվյալ բնագավառում կամ գիտականորեն հիմնավորված տեխնիկական, տնտեսական, տեխնոլոգիական այնպիսի լուծում, որը հիմնավորապես կնպաստի գիտատեխնիկական առաջընթացին:

Նույն կանոնակարգի 29-30-րդ կետերի համաձայն՝ գաղտնի քվեարկությունից հետո, դրական որոշման դեպքում, խորհուրդը բաց քվեարկությամբ ընդունում է ատենախոսության մասին եզրակացություն: Եզրակացության մեջ պետք է արտացոլվեն ատենախոսության էական գիտական արդյունքները, դրանց նորության, հավաստիության գնահատականը, տեսական եւ կիրառական նշանակությունը, պետք է տրվեն հանձնարարականներ` դրանք օգտագործելու համար, պետք է նշվի, թե սույն կանոնակարգի 7-րդ կամ 8-րդ կետի որ պայմանին (պայմաններին) են համապատասխանում ատենախոսությունը, ինչպես նաեւ գիտական աստիճան շնորհելու մասին խորհրդի որոշումը:

Վարչական դատարան դիմած հայցվորը «իքս» մասնագիտությամբ «իքս» թեմայով պաշտպանել է նախորդ դարում դոկտորական ատենախոսություն: Այն եղել է հրապարակային: Այդ պաշտպանության արդյունքում մասնագիտական խորհուրդը կայացրել է որոշում՝ մասնագետին դոկտորի գիտական աստիճան շնորհելու մասին եւ համապատասխան գիտական աստիճանի վկայագիր տալու միջնորդությամբ դիմել է պատասխանողին` ԲՈՀ-ին:

Պատասխանողի կողմից գիտական աստիճանի վկայագիր չի տրամադրվել, այլ ԲՈՀ-ի նախկին նախագահի կարգադրությամբ մասնագիտական խորհրդին կարգադրվել է կազմակերպել կրկնական քննարկում:

Կրկնական քննարկման արդյունքում որոշում է կայացվել մասնագետին դոկտորի գիտական աստիճան շնորհելու վերաբերյալ:
Այդ որոշումը դարձյալ ուղարկվել է ԲՈՀ, ատենախոսությունը տրվել է փորձագետի` կարծիք ստանալու համար, այն է՝ նշանակվել է կրկնակի փորձաքննություն:

Փորձագետի կողմից արտահայտված տեսակետի հիման վրա էլ բեկանվել է մասնագիտական խորհրդի միջնորդությունը:

Անձը, որի մասնագիտական բարի համբավի հարցն է ըստ էության քննության դրվել, ԲՈԿ-ի կողմից մասնակից չի դարձվել վարչական վարույթին: Ավելին, նրան չեն տրամադրվել իր անձին, իր ատենախոսությանը, իր հեղինակային ուսումնասիրությանն առնչվող վարչական վարույթի նյութերը:

Ի դեպ, վարչական դատարանում նման հայցադիմումներ էլ կան` ընդդեմ ԲՈԿ-ի՝ տրամադրել տեղեկատվություն ԲՈԿ-ի կողմից իրականացված վարչական վարույթի շրջանակներում առկա փաստաթղթերի պատճենները, պահանջով:

Հայցվոր գիտնականները դատարանում են միայն կարողանում իմանալ, պարզել որոշ հանգամանքներ:

Օրինակ, թիվ ՎԴ/6776/05/16 վարչական գործի քննության շրջանակներում դասախոս անձն իր վերաբերյալ վարչական վարույթի նյութերի մի մասը ոչ միայն ստացել է, այլ այդ գործի շրջանակներում դատարանում է նրան հայտնի դարձել, որ ԲՈՀ-ի նախագահի կողմից ատենախոսությունը փորձաքննության ուղարկելու մասին առհասարակ որեւէ որոշում չի կայացվել:

Մեկ այլ գործով էլ, ԲՈՀ-ի նախկին նախագահն իր կարգադրությամբ մերժել էր գիտական աստիճանի վկայագիր տալու մասնագիտական խորհրդի որոշումը բավարարել, սա այն դեպքում, երբ որոշումը կարելի էր վերացնել միայն ՀՀ կրթության եւ գիտության նախարարի կողմից վերապահված կոնկրետ իրավական ակտով՝ որոշմամբ:

Նշեմ, որ ՀՀ Կառավարության 12.09.2002թ. թիվ 1948-Ն որոշմամբ հաստատված ՀՀ կրթության եւ գիտության նախարարության «ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողով» գործակալության կանոնադրության 1-ին կետը, 10-րդ, 11-րդ, 14-րդ կետերը, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Ա. Աշոտյանի 18.11.2011թ.-ի թիվ 1248-Ն հրամանի 1-ին կետը` նշում է, թե ինչպես կարող է ՀՀ ԲՈՀ-ի նախագահը ընդունել հետեւյալ իրավական ակտերը՝

ա/ կարգադրությունններ, ցուցումներ, որոնք կայացվում են` նպատակ ունենալով ապահովել ՀՀ ԲՈՀ-ի ընթացիկ ղեկավարումը, վերջինիս բնականոն գործունեության ապահովումը եւ այլ ղեկավարման գործառույթներ (հիմք՝ ՀՀ ԲՈՀ կանոնադրության 11-րդ կետ),
բ/ որոշումներ, հրամաններ, որոնք որպես լիազորություն վերապահված (պատվիրակված) են ՀՀ կրթության եւ գիտության նախախարի 18.11.2011թ.-ի թիվ 1248-Ն որոշմանը եւ կայացվում են գիտական աստիճանների ու գիտական կոչումների շնորհման ոլորտում ՀՀ օրենքներով եւ այլ իրավական ակտերով նախատեսված իրավասությունների շրջանակներում:

Դատական նմանօրինակ գործերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ մինչդատական «բոհական վարույթի» մասնակից անձին զրկում են վարչական վարույթի նյութերին ծանոթանալու իրավունքից, որը հնարավորություն կտար նրան պատշաճ կարգով իրականացնել իր խախտված իրավունքների պաշտպանությունը, որը երաշխավորված է ինչպես ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածով, այնպես էլ «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 13-րդ հոդվածով:

Վարչական դատարանում մարդիկ տեղեկանում են, որ որ ԲՈՀ-ի կողմից ատենախոսությունները փորձաքննության ուղարկելու մասին առհասարակ որեւէ որոշում չի կայացվում, գործում են ընդհանուր մոտեցմամբ, խախտվում է ատենախոսությունների «անմեղության» կանխավարկածը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

26.02.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728