Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե հիմքն ամուր է, ապագան հուսադրող է

Փետրվար 27,2021 12:30

Հայաստանի թատերական գործիչների միության (ՀԹԳՄ) Լոռու մարզային բաժանմունքի հիմնադիր, ՀՀ ժողովրդական արտիստ Վոլոդյա Գրիգորյանը 1970 թ.-ին բաժանմունքին կից ստեղծեց նաեւ դրամատիկական ստուդիան։

Կուրսի ղեկավար նշանակվեց «Դերասանի վարպետություն» դասավանդող, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մայիս Ռաֆայելյանը: «Բեմական խոսք» էր դասավանդում ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը, իսկ «Թատրոնի պատմությունը»՝ Վ. Գրիգորյանը:

Առաջին շրջանավարտների մի մասը դարձան հայտնի արտիստներ կամ արվեստի մշակներ. ՀՀ վաստակավոր արտիստուհի, բազմաթիվ մրցանակների դափնեկիր Գրետա Մեջլումյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մայիս Սարգսյանը, կինոյի եւ թատրոնի դերասաններ Վրույր Հարությունյանը, Գագիկ Դուրմիշյանը եւ այլք: Դասընթացների մեջ ներառվեց «Գրիմ» առարկան, որը դասավանդեց ՀՀ վաստակավոր արտիստ Ալեքսանդր Շագաֆյանը: Ստուդիայում դասավանդել են նաեւ ՀՀ ժողովրդական արտիստներ Վահե Շահվերդյանը, Ռաֆայել Ջրբաշյանը, վաստակաշատ բեմադրիչ Միքայել Կոտոյանը, հեռուստալրագրող Ներսես Մատինյանը եւ երկար տարիներ ուսումնական մասը կառավարող, դերասան Ավետիս Օհանյանը:

Ստուդիայի պատմության մեջ իր մեծ դերն ունի «Բեմական խոսքի» վարպետ Գրետա Մեջլումյանը, որն ավելի քան երկու տասնամյակ դասավանդել է այնտեղ: Մի շարք շրջանավարտներ դարձել են ոչ միայն արվեստի, այլ նաեւ այլ ոլորտի առաջատար դեմքեր. Խաչատուր Գասպարյան (բժշկական գիտությունների դոկտոր, բժշկական համալսարանի հոգեբանության ամբիոնի վարիչ), Ռոբերտ Առաքելյան (բեմադրիչ Լիբանանում, Մովսես Խորենացի մեդալակիր), Ռոբերտ Սարգսյան (Երեւանի Հովհ. Թումանյանի անվ. տիկնիկային թատրոնի վարպետ դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ), Հրաչյա Պապինյան (Հ1-ի «Հայլուր» լրատվական ծրագրի լրագրող, Ալավերդու քաղաքային թատրոնի գեղարվեստական ղեկավար, բեմադրիչ), Շահեն Իսմայիլյան (բեմադրիչ), Սերգուշ Բաբայան (դերասան, հաղորդավար), Սերգեյ Մաթեւոսյան (Լոռու մարզի պետռեգիստրի պետ), Աշոտ Հարությունյան (բանկի կառավարչի տեղակալ), Վահրամ Զարյան (մնջախաղի վարպետ) եւ այլն: Ստուդիայի դասընթացները երկամյա էին, իսկ ընդունելությունը երկու տարին մեկ էր: Վ. Գրիգորյանը ստուդիայի ուսումնական մասի աշխատանքները հանձնեց դեռեւս երիտասարդ դերասան Էլֆիք Զոհրաբյանին, ում հետ նա մեծ հույսեր էր կապում, ինչպես նշել է վարպետը իր հարցազրույցի մեջ:
Վ. Գրիգորյանից հետո Լոռվա բաժանմունքի քարտուղարների գործը ստանձնեցին Հ. Ազիզյանը, Ս. Սողոմոնյանը եւ Մ. Կոտոյանը: Մի քանի տարի ընդհատվեցին ստուդիայի ուսումնական աշխատանքները: ՀԹԳՄ Լոռու մարզային բաժանմունքի համար շրջադարձային եղավ 2009 թ.-ը, երբ նախագահ ընտրվեց Վահե Շահվերդյանը, իսկ պատասխանատու քարտուղար՝ թատրոնի երիտասարդ առաջատար արտիստ, բանասիրական գիտությունների թեկնածու Էլֆիք Զոհրաբյանը, ում շնորհիվ Լոռու բաժանմունքը համալրվեց մոտ 45 նոր անդամներով։

Ըստ էության Էլֆիք Զոհրաբյանը ձեռնամուխ եղավ դրամատիկական ստուդիայի վերաբացմանը` դառնալով նրա ղեկավարը: Ստուդիականները հաճախ ներգրավվել են թատրոնի բազմաթիվ ներկայացումներում: Իսկ դասավանդողների թվում էին ՀՀ վաստ. արտիստ Հասմիկ Ալեքսանյանը, դերասաններ Արամ Մխիթարյանը եւ Ռուզան Խաչատրյանը: Շրջանավարտները ուսումը շարունակել են Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի տարբեր մասնաճյուղերում։ Է. Զոհրաբյանի շնորհիվ իրականացվել են համատեղ ծրագրեր «Օրրան» եւ այլ հասարակական կազմակերպությունների, Ստ. Զորյանի տուն-թանգարանի, Վանաձորի պետհամալսարանի, Վանաձորի կերպարվեստի թանգարանի հետ՝ ակտիվացնելով Լոռու մշակութային կյանքը:

Ստուդիայի վերջին տասնամյակի գործունեության մասին խնդրեցինք ներկայացնել Հովհ. Աբելյանի անվան պետական թատրոնի դերասան, դրամատուրգ, մանկավարժ Էլֆիք Զոհրաբյանին։

Մեր զրուցակցի խոսքով՝ ստուդիականները 2011-2020 թթ. զբաղվել են նաեւ Հովհ. Աբելյանի անվան թատրոնի մեկ տասնյակից ավելի ներկայացումներում, աշխատել մարզային ու հանրապետության տարբեր հեռուստաընկերություններում: «2020-ի հոկտեմբերին լրացավ ստուդիայի 50-ամյակը, հասկանալի պատճառով հոբելյանական միջոցառումները հետաձգվեցին եւ կկայանան այս տարի: Մեր ստուդիայի երբեմնի շրջանավարտ, «Թատերական Լոռի» փառատոնի ղեկավար պարոն Պապինյանի հետ որոշեցինք այս տարվա փառատոնի շրջանակում մեկ օրը նվիրել ստուդիայի հոբելյանին: Ի դեպ, 2011-ից ստուդիան դարձավ ԵԹԿՊԻ Վանաձորի մասնաճյուղի դիմորդներով սնուցելու գլխավոր «աղբյուրներից» մեկը: Սկսած 2009-ից վարպետության բազմաթիվ դասեր ենք կազմակերպել՝ Վանաձոր հրավիրելով տաղանդավոր արվետագետների՝ Գրետա Մեջլումյանին, Նարինե Գրիգորյանին, Ռուբեն Բաբայանին, Արա Խզմալյանին, Հրաչյա Պապինյանին եւ այլոց»,- հայտնեց պարոն Զոհրաբյանը։

Նա հավաստիացրեց, որ 2020-ին շատ դիմորդներ են ունեցել, բայց բոլորին չէին կարող ընդունել, որովհետեւ տարվում է անհատական աշխատանք. «Համավարակի օրերին, երբ ամեն ինչ փակ էր, մենք դասերը շարունակում էինք առցանց, եւ եկող սերնդի հրաշալի նախաձեռողականության, արվեստի հանդեպ մեծ սիրո շնորհիվ Zoom-ով բեմադրեցինք իրենց նախընտրած հեքիաթներից մեկը՝ իմ հեղինակած «Սիրո ջերմաչափը» հեքիաթը: Ստուդիայում կան ուսանողներ Լոռու տարբեր գյուղերից, Ստեփանավանից, Ալավերդուց, իսկ մեծ մասը Վանաձորից են… Այս օրերին, գիտենք, հեշտ չէ ստուդիա պահել, փշոտ ու զավեշտալի օրեր ունեցել ենք, բայց ամեն ինչ հաղթահարելի է, անցողիկ: Անհամեստորեն պետք է նշեմ, որ այսօր ստուդիայի գրեթե բոլոր դիմորդները հենց ինձ մոտ ուսանելու համար են գալիս: Հրավիրված դասավանդողներ էլ ունենք. ԵԹԿՊԻ Վանաձորի մասնաճյուղի դասախոսներ Գոհար Քոչինյանը («Պար»), Կարեն Մանուչարյանը («Գրականություն եւ գրական վերլուծություն»), Նելլի Սելիմյանը («Թատրոնի պատմություն»)»։

Դիտարկմանը՝ վերջին շրջանում քարկոծվում է մեր կրթական համակարգը, մեր զրուցակիցն ասաց. «Հետաքրքիր սերունդ է գալիս. երբ ճիշտ կրթություն է տրվում, իսկ իրենք էլ իրոք շնորհալի են, արդյունքները նկատելի են դառնում, ոչ ուշացած: Սերունդն ունի ինքնուրույնություն, նախաձեռնողականություն. օրինակ, պատերազմի ընթացքում պատերազմական թեմայով 30 րոպեանոց մնջախաղ ներկայացում էին բեմադրել Ստ. Զորյանի տուն-թանգարանի խնձորի այգում: Քովիդի պատճառով չդադարեցրինք դասերը, էքսպերիմենտալ դիպլոմային ներկայացում բեմադրեցինք Zoom-ով: Մեր երկրին անհրաժեշտ է ամրություն, կրթությամբ ու գերժամանակակից զինատեսակով զինվելու ողջախոհություն, չընկճվելու կամք…»:

Մեր զրուցակիցը այնքան մանրամասն էր ներկայացնում ստուդիայի տարեգրությունը, թեեւ խնդրել էինք ներկայացնել վերջին տասը տարիների «արածն ու չարածը», որ տպավորություն էր, թե հոբելյանական բուկլետ է «գրում»։ Վերջում բազմաթիվ շնորհավորանքներից ներկայացնենք արտերկրում ստեղծագործող մեկ-երկու նախկին ստուդիականների խոսքը, որը մեզ տրամադրեց Էլֆիք Զոհրաբյանը։

Ֆրանսաբնակ մնջախաղաց ռեժիսոր Վահրամ Զարյան. «Վանաձորի իմ սիրելի ստուդիան 50 տարեկան է: Երջանիկ եմ, որ իմ առաջին քայլերը թատերական աշխարհում կատարել եմ հենց այստեղ: Կրթական մի հրաշալի համակարգ, որտեղ անհատնում սիրով սիրահարվում ես բեմարվեստին եւ հասկանում Թատրոնի կարեւորությունը ժամանակակից մտքի ու արվեստի զարգացման մեջ: Այն ստեղծագործական ազատությունն ու վերաբերմունքը բեմական արվեստի նկատմամբ, ինչը սովորել եմ Վանաձորի այս ստուդիայում, շարունակում է ինձ ուղեկցել իմ ողջ կարիերայի ընթացքում հիմա արդեն Եվրոպայում եւ ամենուր իմ յուրաքանչյուր նոր ստեղծագործությունների մեջ: Տոնդ շնորհավոր, ի՛մ սիրելի ստուդիա: Հուսով եմ՝ շատ շուտով կայցելեմ»:

Մոսկվաբնակ ռեժիսոր, մանկավարժ Մարիամ Մնացականյան. «Թատերական առաջին քայլերիս համար քեզ եմ պարտական իմ սիրելի ՀԹԳՄ Վանաձորի թատերական ստուդիա, քո շնորհիվ ես գտա այն բանալին, որը ե՛ւ գոց դռներ էր բացելու, ե՛ւ ստիպելու ապրել ու արարել արվեստով։ Իմ շա՜տ սիրելի պարոն Զոհրաբյան, երախտագիտությունս եմ հայտնում Ձեր կատարած տիտանական աշխատանքի համար։ Տարիները անցել են ու ինքս եմ հիմա դասավանդում, ամեն անգամ ձեր տեսլականը մտքումս պահելով։ Ձեր այն խոսքերը, թե «եթե չդառնաք լավ դերասան կամ ռեժիսոր, կդառնաք լավ հանդիսական», հիմա ե՛ս եմ կրկնում։ Ես վստահ էի, որ կդառնամ լավ հանդիսական, քանզի մեզ դասավանդող կազմը ոսկերչական աշխատանք էր կատարում։ Սակայն ստացվեց, որ լավ հանդիսական լինելուց բացի, փորձում եմ նաեւ լինել լավ ռեժիսոր ու օտար հողում ապրելով էլ չեմ դադարում ծառայել հայ թատրոնին ու մշակույթին։ Եվ կրկին շնորհակալ եմ Ձեզ, թատերական այն այբուբենի համար, որը իմ պատմության հիմնաքարը դարձավ։ Խոնարհումս բոլորիդ։ Շնորհավորում եմ 50-ամյակդ եւ մաղթում եմ հարատեւություն, ի՛մ սիրելի ստուդիա»։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարներում՝ Ստուդիայի երեկն ու այսօրը

«Առավոտ» օրաթերթ
26.02.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Անահիտ says:

    Շնորհավորում եմ ստուդիայի 50-ամյակը, հրաշալի ստուդիա, հրաշալի ու մեծ աշխատանք, Աստված օգնական, աշխարհին՝ խաղաղություն…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728