Երեկ հանրապետությունում քաղաքական իրավիճակը խիստ լարված էր. առավոտյան ԶՈՒ գլխավոր շտաբը հայտարարություն տարածեց, պահանջելով վարչապետի եւ կառավարության հրաժարականը։ Վարչապետը սա որակեց ռազմական հեղաշրջման փորձ, որոշեց ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին ազատել պաշտոնից, թեեւ ՀՀ նախագահը դեռ չի ստորագրել վարչապետի առաջակությունը։
Վարչապետը երեկ իր համակիրներին հրավիրել էր Հանրապետության հրապարակ, ընդդիմություննէլ իր համակիրներին էր հրավիրել Ազատության հրապարակ։ Ամեն վայրկյան իրավիճակի թեժացում, նույնիսկ բախումներ էին սպասվում։ Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ թավիշին վերջ է տալու, արտահերթ ընտրությունների չսպասենք։ Ընդդիմությունը երեկվանից փակել է Բաղրամյան պողոտան, վրաններ տեղադրել եւ անզիջում է իր պահանջում՝ Փաշինյանը պետք է հրաժարական տա, իսկ անցումային կառավարության վարչապետ պետք է լինի Վազգեն Մանուկյանը։
Ինչ զարգացումներ են սպասվում այս լարված իրավիճակում։
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի կարծիքով՝ մինչեւ հիմա իրադարձությունները գնում էին դիրքորոշումների կոշտացման եւ բեւեռացման միտումով, այստեղ բնական է, որ գլխավոր մարտահրավերը բախում թույլ չտալն է, որովհետեւ, եթե կոշտացման են գնում՝ բախման հեռանկարն է մեծանում։
Կարդացեք նաև
«Առավոտ»-ի հետ զրույցում պարոն Բադալյանն ասաց, որ դեռ մեծ հույսեր ունի, որ կողմերը գոնե չեն հասնի բախումների. «Մյուս կողմից շատ պարզ է, որ մեկ կողմի զիջումով հարցը չի լուծվելու, պետք է փոխզիջման պատրաստ լինեն բոլոր կողմերը, եւ իրադարձությունների զարգացումն արագացրեց ԳՇ հայտարարությունը, որը ընդհանուր հետպատերազմական այս շրջանի ճգնաժամի համատեքստում, իհարկե, հասկանալի է դառնում՝ բեւեռացման տրամաբանության ներքո։ Բայց սա խիստ վտանգավոր երեւույթ է այն տեսանկյունից, որ բանակը կամա թե ակամա ներքաշվում է քաղաքական դիրքավորման փուլ, եւ սա եւս իհարկե վտանգավոր է՝ անկախ նրանից, թե որ դիրքորոշմամբ եւ որ ուղղությամբ է այդ ներքաշումը տեղի ունեցել։ Սա այն է, ինչը չպետք է թույլ տալ»։
Հակոբ Բադալյանն այն կարծիքին է, որ առավելագույնս արագ պետք է լուծել ԳՇ-ի եւ բանակի շուրջ ստեղծված խնդիրը, եւ այն պետք է հանգուցալուծվի անկախ ընդդիմություն-իշխանություն դիմակայությունից. «Հետո քաղաքական քննարկումներ պետք է սկսեն։ Ես համոզված եմ, որ այլ տարբերակ, քան քննարկումներով ինչ-որ հանգուցալուծման շուրջ փոխհամաձանության գալը, չկա, որովհետեւ եթե որեւէ մեկը հաղթի այսպես, ասենք ուժի կամ կոշտ դիրքն առաջ մղելով, դա լինելու է «պյուռոսյան»։ Որովհետեւ, ի վերջո, հանրության շրջանում կա բեւեռացում, ուժերը որքան էլ որ լինեն անհամեմատելի, ենթադրենք՝ արմատական ընդդիմության հանդեպ ավելի մեծ անվստահություն կա, քան իշխանության եւ այլն, մեծ հաշվով հիմա սա էական չէ, քանի որ բոլոր կողմերում, միեւնույն է, կա հասարակական այնքան զանգված, որը տեսակարար կշիռ է կազմում հանրային կյանքում։ Հետեւաբար այստեղ փոխզիջում եթե չեղավ, մենք պերմանենտ լինելու ենք ինչ-որ մի շերտից եկող լարվածության մեջ։ Փոխզիջումային լուծումը այլընտրանք չունի, եթե կողմերն իսկապես մտահոգ են Հայաստանի կայուն եւ անվտանգ ապագայով»։
Թեեւ «Իմ քայլ»-ի պատգամավորները բացառում են Մարտի 1-ի իրադարձությունների կրկնություն, սակայն երեկ հանրության շրջանում այս մտահոգությունը կար։ Պարոն Բադալյանը բախումների հավանականության մասին ասաց. «Բախումային սցենարի իմաստով՝ ես պատասխանատվության ավելի մեծ ծանրությունը տեսնում եմ հիմա ընդդիմության վարքագծում, արմատական ընդդիմության, որովհետեւ որդեգրվել է մի հռետորաբանություն, որը ակնհայտ բախումների է տանում, երբ վերջնագրային եւ «ոչ մի քայլ նահանջ» դիրքորոշմամբ են խոսում, սա բերում է նաեւ իշխանության դիրքորոշման կոշտացման։ Այսինքն, այստեղ ակնհայտ է, որ հռետորաբանության տեսանկյունից առնվազն ջերմաստիճանը բարձրացնում է ընդդիմությունը։ Եւ հիմա քաղաքական խորհրդակցությունների հարցում փոխզիջման հերթը կամ ազդակի հերթը պետք է լինի ընդդիմությունից։ Ես հույս ունեմ, որ դա կլինի, եւ ուզում եմ մտածել, որ այս թեժացման տանելն ընդամենը փոխզիջումային խոսակցության առավել հարմար դիրքի գալու համար է, որովհետեւ եթե գնաց բախումային սցենարով՝ որեւէ մեկի համար հաջողություն չի լինելու, որեւէ մեկի հաջողությունը լինելու է թվացյալ, ե՛ւ ընդդիմության, ե՛ւ իշխանության համար, իսկ հասարակության հարցը չի լուծվելու։ Եթե դատենք հռետորաբանությամբ, ապա տեսնում եմ, որ պատասխանատվությունը հիմա ընդդիմության դաշտում է»։
Ինչ փոխզիջում կարող է լինել, եթե ընդդիմության միակ օրակարգը Փաշինյանին հեռացնելն է իշխանությունից, որը ոչ հրաժարական է տալիս, եւ ոչ էլ արտահերթ ընտրությունների է պատրաստվում։ Այս դիտարկմանն ի պատասխան պարոն Բադալյանը հիշեցրեց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը, երբ ասաց, որ պատրաստ է մասնակցել ընտրություններին եւ հաղթելու է, եթե նույնիսկ այն կազմակերպի գործող իշխանությունը. «Սա ես դիտարկում էի որպես հնարավոր փոխզիջման տարբերակ, անկախ նրանից, թե ինչ էին մտածում անել ընտրությունների ժամանակ, բայց համենայնդեպս, խոսք կար, որ ընդունելի է այս իշխանության ընտրություններ կազմակերպելը։ Բայց հիմա տեսնում ենք, որ այդ փոքր հնարավորությունից էլ հեռանում է արմատական ընդդիմությունը եւ հայտարարում է, որ միակ խոսելու թեման այն է, թե ինչպես պետք է հեռանա Փաշինյանը։ Երբ Փաշինյանն ասում է՝ եկեք ինչ-որ բան քննարկենք, ընդդիմությունը վերջնագրով է խոսում, առերեւույթ պատասխանատվությունը հայտնվում է ընդդիմության դաշտում։ Հիմա առանցքայինը ԳՇ-ի շուրջ ստեղծված իրավիճակն է, որը պետք է շատ արագ հանգուցալուծվի, որովհետեւ այս առումով քաղաքական առճակատումը եթե խորանա, սա արդեն շատ ավելի խորքային խնդիր է լինելու՝ հանրության մի մասի համար սկսվելու է բանակի հանդեպ անվստահության ինչ-որ մթնոլորտ ձեւավորվել, առնվազն այս բարձրագույն հրամկազմի դիրքորոշումից ելնելով։ Սա իսկապես ամենավտանգավորն էր, որ կարելի էր պատկերացնել՝ ներքաղաքական այս թեժ մթնոլորտում, որ ԳՇ-ն կարող էր դուրս գալ քաղաքական այս աստիճանի մակարադակի»։
Իսկ բախումներ կլինեն, թե՝ ոչ, ձերբակալություններ եւ այլն, քաղաքական մեկնաբանի կարծիքով՝ դա կախված է նրանից, թե ընդդիմությունը որքան կկոշտացնի վարքագիծը, համենայնդեպս Փաշինյանը ցույց է տալիս, որ գոնե առայժմ մտադիր չէ տեղի տալ այդ կոշտ հարցադրումներին. «Եւ մյուս կողմից էլ այստեղ տեղի տալն էլ ինքնին լուծում չէ, որովհետեւ եթե կա հանրային պահանջ, իսկ մենք տեսանք Հանրապետության հրապարակում դա կա, եթե կա այդ դիրքորոշման հանրային մեծ աջակցություն, այդ դիրքորոշումը «անտեր թողնելն է» է վտանգավոր։ Հետո հասարակության այդ շերտի մոտ է կուտակվելու լարվածության նոր աղբյուր։
Ես ուզում եմ մտածել, որ կա մի գիծ, որից այն կողմ չեն անցնի կողմերը, ուզում եմ մտածել, որ գոնե այդ կարմիր գծերին չեն հասել։ Որեւէ երաշխիք, որ չեն հասնելու եւ անցնելու այդ գծերը, ես չեմ տեսնում, բայց ուզում եմ հուսալ, որ առնվազն այդ ողջախոհությունը երկուստեք կունենան»։ Պարոն Բադալյանը հիշեցրեց ՀՀ 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքերը, երբ ասել էր՝ ճանաչելով Վազգեն Մանուկյանին եւ Նիկոլ Փաշինյանին, երկուսն էլ մինչեւ վերջ գնացող են, ինչը շատ վտանգավոր իրավիճակ է ստեղծում. «Ես լսելով Վազգեն Մանուկյանին եւ Փաշինյանին, տեսնում եմ, որ այդ վտանգավոր իրավիճակի հեռանկարն իսկապես կա։ Բայց կրկնեմ՝ ես տեսնում եմ, որ սա ավելի շատ ընդդիմության դաշտից է գալիս, նոյեմբերի 9-ից հետո մենք տեսնում ենք, որ ընդդիմությունը ոչ մի քայլ հետ տրամաբանությամբ է շարժվել»։
Պարոն Բադալյանի կարծիքով՝ եթե ընդդիմությունը արտահերթ ընտրությունների չի ցանկանում մասնակցել, ապա Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին գնալն անիմաստ է. որովհետեւ ընդդիմությունը շարունակելու է փողոցում լարվածություն առաջացնել։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
26.02.2021