Լոռու մարզպետարանում կադրային փոփոխությունները շարունակվում են: Այս անգամ սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է մարզպետարանի գլխավոր քարտուղար Արթուր Մխիթարյանը:
Վերջինիս ազատման դիմումը բավարարվել է վարչապետ Փաշինյանի կողմից եւ փետրվարի 22-ից ազատվել է աշխատանքից:
Աշխատանքից ազատվել է նաեւ մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Ռաֆայել Հարությունյանը:
Կարդացեք նաև
Ի տարբերություն Մխիթարյանի, Հարությունյանը պաշտոնից ազատվել է ոչ թե սեփական դիմումի, այլ ծառայողական քննության արդյունքում. «Ծառայողական քննության արդյունքում տրվել է եզրակացություն, որի հիմքով սույն թվականի փետրվարի 19-ից դադարեցվել են Հարությունյանի լիազորությունները»,- լրագրողների հետ զրույցում ասաց Լոռու մարզպետարանի աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժնի պետ Արտաշես Ադլոյանն ու հավելեց, որ ծառայողական քննություն իրականացնելու առիթը եղել է Հարությունյանի աշխատանքի չներկայանալը. «Ես կխնդրեմ ծառայողական քննություն իրականացնողից ճշտել առավել շատ հանգամանքները, թե ե՞րբ չի ներկայացել եւ այլն: Ես ստացել եմ ընդամենը եզրակացությունը, որի հիմքով տրվել է հանձնարարական եւ դադարեցվել են լիազորությունները»,- հավելեց Ադլոյանը:
Հարությունյանը, սակայն չցանկացավ մեկնաբանել՝ ո՛չ իր աշխատանքից ազատվելը, ո՛չ էլ՝ իր նկատմամբ ծառայողական քննություն սկսելը. «Այս պահին ոչ մի մեկնաբանություն չունեմ: Ժամանակը կգա կխոսենք դրա մասին»:
Հիշեցնենք, որ Ռաֆայել Հարությունյանը նշված պաշտոնը զբաղեցնում էր 2020 թվականի ապրիլի 6-ից, իսկ Արթուր Մխիթարյանը մարզպետարանի գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնում էր 2019 թվականի դեկտեմբեր 19-ից:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ