2020-ի պետական բյուջեի առաջին կիսամյակի կատարման ընթացքի վերաբերյալ հարցը ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը քննարկեց փետրվարի 26-ի նիստում:
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ պետական բյուջեի առաջին կիսամյակի կատարման վրա բացասական ազդեցություն է թողել համաշխարհային համավարակը, ինչի հետեւանքով թերակատարվել են մի շարք ծրագրեր:
Կիսամյակի սկզբնական ծրագրով եկամուտների համար նախատեսված է եղել 808 մլրդ դրամ, ճշտված ծրագրով այն կազմել է 733 մլրդ դրամ, փաստացի կատարողականը՝ շուրջ 97.7 տոկոս: «Կատարված ծախսերի մակարդակը կազմել է մոտ 766 մլրդ դրամ: Դրա մեջ համեմատաբար համեստ մաս են ունեցել կապիտալ ծախսերը՝ 46 մլրդ դրամ, մնացածը եղել են ընթացիկ ծախսերը: Մեծ կշիռ է ունեցել կենսաթոշակների եւ նպաստների մասը, որի համար օգտագործվել է ծախսերից մոտ 267 մլրդ դրամ: Կշիռով հաջորդ համեմատաբար մեծ մասն ունեցել են դրամաշնորհները, տոկոսավճարները՝ պետական պարտքի սպասարկման համար, ապրանքների եւ ծառայությունների ձեռքբերումները, ինչպես նաեւ աշխատավարձերը»,- ասաց Ջանջուղազյանը:
Պակասուրդը կազմել է մոտ 49 մլրդ դրամ, իսկ պետական պարտքը՝ 7.7 մլրդ դոլար, ընդ որում, կառավարության պարտքի մեջ արտաքին պարտքը կազմել է շուրջ 5.5 մլրդ դոլար:
Կարդացեք նաև
ԿԲ-ի վարած նպատակային դրամավարկային քաղաքականության արդյունքում ապահովվել է ֆինանսական կայունությունը, գնաճը կազմել է 1,5-2 %:
2020-ի առաջին կիսամյակում առավելապես տուժել են ծառայությունների, մշակող արդյունաբերության եւ շինարարության ճյուղերը: Համավարակի բացասական հետեւանքների չեզոքացման նպատակով Կառավարությունը մշակել է հակաճգնաժամային միջոցառումների փաթեթ՝ շուրջ 150 մլրդ դրամ գումարի չափով: Այն ներառում է սոցիալական եւ տնտեսական աջակցությանը, մասնավոր ներդրումների խթանմանը եւ երկարաժամկետ զարգացմանն ուղղված միջոցառումներ:
Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց երկրորդ ընթերցմամբ ներկայացված նախագծերին: ԱԺ պատգամավոր Արտակ Մանուկյանը շրջանառությունից հանեց «ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ օրինագիծը: Մինչեւ երկու ամիս ժամկետով հետաձգվեց «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենքի նախագծի քննարկումը:
ՀՀ ԱԺ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ