Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Վանեցյանը՝ ՀՀ նախագահի հետ հանդիպման մասին

Փետրվար 26,2021 19:50

Բաղրամյան պողոտայում, որտեղ ընթանում է «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը, Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցանը անդրադառնալով ՀՀ նախագահի հետ հանդիպմանը, դիմեց  մասնակիցներին, ասելով՝ միասին որոշենք, թե ինչ ենք անելու։

Պարոն Վանեցյանն ասաց՝ մեր պահանջը նախագահից մեկն է՝ արագ եւ միանշանակ լուծում տալ մեր երկրում ստեղծված աննորմալ վիճակին․ «Այսօր նախագահի ձեռքում է մեր երկրի ապագան։ Մենք նրան ներկայացրել ենք մեր առաջարկություններն ու պահանջը, այն է՝ նախագահը որպես Սահմանադրության երաշխավոր, իրականացնի իր սահմանադրական լիազորությունները, չստորագրի Զինված Ուժերի Գլխավոր Շտաբի պետ Օնիկ Գասպարյանի ազատման դիմումը»։

Ըստ Վանեցյանի, իրավական առումով բոլոր հիմքերը կան եւ դրանք ներկայացված են՝ ԶՈՒ ԳՇ պետը ապաքաղաքական պաշտոն է եւ քաղաքական նպատակներով նրան  աշխատանքից ազատելն ուղղակի Սահմանադրության խախտում է։

Արթուր Վանեցյանն ասաց, որ նախագահն իրենց  կոնկրետ որեւէ բան չի խոստացել, լսել է պահանջը, ասել է, որ կհանդիպի ԳՇ պետի եւ  ԶՈւ բարձրագույն սպայակազմի ներկայացուցիչների հետ եւ առաջիկա օրերին իր որոշումը կկայացնի․ «Բայց եկեք մենք համոզված լինենք եւ ոգեկոչենք նախագահին, որպեսզի նա, անպայման կայացնի որոշում հանուն Հայաստանի Հանրապետության»։

Անդրադառնալով ԶՈւ ԳՇ հայտարարությանը, Վանեցյանն ասաց՝  իշխանական քարոզչամեքենան փորձելով  մանիպուլացնել հանրությանը, ասում է, որ դա ռազմական հեղաշրջման փորձ է․ «Ժողովուրդ, եթե բանակն ուզեր ռազմական հեղաշրջում անել, արդյո՞ք մենք այսօր փողոցում պետք է հավաքված դեռեւս այս պայմաններով պահանջեինք Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Իհարկե, ոչ։ ԶՈԻ շտաբի պետի եւ մնացած զինվորականների հայտարարությունը  մեր հանրության համար լրջագույն ահազանգ է, որ երկիրը գտնվում է ծայրահեղ վիճակում, մենք կանգնած ենք անդունդի առջեւ, եւ մեկ քայլ, մենք  հայտնվելու ենք անդունդի եզրին»։

Պարոն Վանեցյանի խոսքով․ «Մեզանից յուրաքանչյուրից է կախված մեր հայրենիքի  ապագան եւ հայ ժողովրդի պահպանությունը»: Նա երկրում ստեղծված իրավիճակը համեմատեց ռուսական «Իվան Վասիլեւիչը փոխում է մասնագիտությունը» հայտնի ֆիլմում հնչած մի արտահայտության հետ՝ Войско взбунтовалось! Говорят, царь — ненастоящий!»։

«Հիմա էս մարդը կեղծ է, ինչպես իր ֆեյք օգտատերերը սոցիալական ցանցերում են, այնպես էլ ինքը իրական կյանքում է։ Մեկ օր առաջ բոլորս միասին, վճռական լուծելու ենք այս հարցը եւ մեր երկիրը կանգնեցնելու ենք ճիշտ ուղու վրա»,-ասաց Արթուր Վանեցյանը։

Վերջում դիմելով մասնակիցներին հորդորեց բոլորը բռունցքները վեր բարձրացնեն, որպեսզի ցույց տան իրենց միասնությունն ու պահանջը ՀՀ  նախագահին,  որպեսզի նա, ըստ Վանեցյանի, իր լիազորությունների շրջանակներում  իրականացնի հայոց բանակի եւ հայ ժողովրդի  միասնական պահանջը։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728