«Քաղաքացու որոշում» (ՔՈ) կուսակցությունը փետրվարի 26-ին Մաշտոցի պուրակում հավաք էր կազմակերպել, որի նպատակն է սկսել գործընթաց՝ երկու կողմերին՝ իշխանական «Իմ քայլին» և 17 կուսակցություններին բերել բանակցության սեղանի շուրջ։
«Հայաստանում հասունացած պատերազմից հետո առաջացած ճգնաժամը չի հանգուցալուծվում և շարունակում է խորանալ։ Եվ ժամանակն է, որ ցուցաբերենք զսպվածություն և հեռատեսություն և հասկանանք, որ այս ճգնաժամը բերելու է ավելի մեծ խնդիրներ Հայաստան Հանրապետությունում՝ սոցիալական, դեմոգրաֆիական, տնտեսական։ Մենք պետք է հասկանանք, որ մենք դեռևս պատերազմական վիճակում ենք, կարող են բազմաթիվ խնդիրներ առաջանալ»,- լրագրողների հետ զրույցում ասաց կուսակցության գործադիր մարմնի անդամ Գոռ Հակոբյանը։
Նա նշեց, որ իրենք որևէ ուժի չեն աջակցում, և կարծում են, որ կոնֆլիկտի լուծում գտնելու համար երկու կողմերն էլ պետք է բանակցեն․ «Շուտափույթ լուծման համար, ամեն դեպքում, Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա։ Սա միանշանակ խնդիր է առաջանում արդեն Հայաստանի Հանրապետության համար»։
Գոռ Հակոբյանը համարում է, որ ճգնաժամը կարելի է լուծել միայն արտահերթ ընտրություններ անցկացնելով․ «Բայց մեզ համար ամենակարևոր խնդիրն այն է, որ կարողանանք ձևավորել ապագայի մեր օրակարգը, թե այս երկիրը ուր պետք է զարգանա, որովհետև այս ճգնաժամի մեջ, երբ երկու կողմերը քաղաքական ճգնաժամի մասին են խոսում, մնացած հարցերը բաց ենք թողնում»։
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ