Գերագույն խորհրդի պատգամավոր Ալբերտ Բաղդասարյանի կարծիքով՝ երեսուն տարում այն հարթակները, որտեղից խոսում ենք, թատերական բեմ են դարձել: «Ազգային-ժողովրդավարական բևեռի» նախաձեռնող խմբի՝ Մատենադարանի մոտ հրավիրված հանրահավաքի ընթացքում նա հայտարարեց. «Երբ համակշռությունը խախտվում է, և թատերականությունը գալիս է առաջնային պլան, ստանում ենք 2018-ի Նիկո′լ վարչապետ հայտարարությունը և մտածող մարդուն ոչինչ չասող ժամերով ճառեր, բայց մանիպուլացնող ճառեր, որի հետևանքով ամբողջ ժողովրդով խաբվում ենք: Դա նմանվում է թատերական արարի. պրծավ, գնացինք: Մեր դերասանների մեջ էլ են եղել ընտիր դերասաններ, որոնց խաղը բոլորին հաճույք է պատճառել, բայց իրական կյանքում նրանք եղել են մանրախնդիր, քինախնդիր: Բայց քանի որ այդ մարդուց միայն դերասանություն ես սպասում, միայն իր դերասանական արվեստն ես գնահատում, նա մնում է քո մեջ՝ որպես մեծ արժանիք ունեցող ազգի ներկայացուցիչ»:
Խոսելով Նիկոլ Փաշինյանի կատարած քայլերի մասին՝ նա հայտարարեց. «Նիկոլ Փաշինյանն այդ դերասանությունն արեց, բոլորին հմայեց, արարը վերջացավ, պարզվեց՝ ինչպիսին է ինքը: Նորից երեկ նա վերադարձավ իր թատերական արվեստին, բայց արդեն շրջապատված ոստիկաններով, և արդեն կեղծ էր, չընդունվեց: Չի ընդունվել վաղուց»:
Ալբերտ Բաղդասարյանի համար անընդունելի են Նիկոլ Փաշինյանի քայլերը: ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու առիթով նա ասաց. «Դուք պատկերացնո՞ւմ եք՝ պետության մեջ ռազմական դրությունը հանած չէ, ինքն էլ գլխավոր հրամանատարն է, պատկերացնո՞ւմ եք՝ հրամանատար, որի դուրը չի եկել կամ լավ չի հասկացել հայտարարությունը կամ որ իրեն ծափ չի տվել գլխավոր շտաբի պետի տեղակալը, նա աշխատանքից հանի նրան: ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալին հանել աշխատանքից նմանվում է կապիկի ձեռքը նռնակ տալուն»:
Ալբերտ Բաղդասարյանի համար զարմանալի է՝ փոխանակ նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո, մյուս բոլոր ձախողումներից հետո Նիկոլ Փաշինյանը մտածի, լավ, մեղքն իմ մեջ է, ասում է սրան աշխատանքից հանենք, նրան հանենք: Այս առիթով ասաց. «Ես փառք տվեցի Աստծուն, որ չլուծարեց Գլխավոր շտաբը: Այստեղ ինձ հուշում են ՝ գուցե նման հրաման եղել է, չգիտենք: Նոյեմբերի 9-ի հայտարարության և դրան կից փաստաթղթերի մասին էլ չգիտենք: Գուցե ա՞յդ է պատճառը, որ Ալիևը հայտարարել է, որ պատրաստ է համապարփակ խաղաղություն հաստատել Հայաստանի հետ, Թուրքիան անուղղակի հայտարարել է, որ այստեղ պիտի կայուն մնա, Նիկոլը կայուն պիտի մնա: Սրանք ցուցիչներ են»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ