Լրահոս
Օրվա լրահոսը

Մանթաշյանցն ու Արամյանցն էլ անհետ կորել են

Փետրվար 26,2021 18:39

Մի քանի օրից՝ մարտի 3-ին, գործարար համայնքը կնշի «Գործարարի օրը»: Այն Հայաստանում նշվում է 2017 թվականից սկսած, որը նպատակ ունի ընդգծելու մեր երկրի տնտեսության զարգացման գործում, ինչպես նաեւ հայ ժողովրդի կյանքում գործարարի առանձնահատուկ դերը:

Մարտի 3-ը հայ մեծ գործարար, նավթարդյունաբերող եւ բարեգործ Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան օրն է: Այդպիսով հարգանքի տուրք է մատուցվում իր գործերով հայ ժողովրդի հարգանքը նվաճած Ալեքսանդր Մանթաշյանցին: Բայց, ինչպես ասում են՝ խոսքն ու գործն իրար չեն բռնում: Հայտնի գործարարներ Ալեքսանդր Մանթաշյանցի եւ Միքայել Արամյանցի քանդակներն արդեն որքան ժամանակ է՝ «Հայ բարերարների ճեմուղուց» անհետացել են եւ որեւէ իրավասու մարմին չկա, որը տեղյակ կլինի թե գործարարների կիսանդրիներն ուր են:

«Հայ բարերարների ճեմուղին» գտնվում է Օղակաձեւ զբոսայգում՝ Նալբանդյան, Խանջյան եւ Իսահակյան փողոցների հատվածում, Միքայել Նալբանդյանի հուշարձանի հետնամասում։ Այնտեղ տեղադրված են նաեւ հայ բարերարի հավաքական կերպարը խորհրդանշող հուշակոթող եւ անհատ բարերարներին նվիրված հուշարձաններ։

Հիմնադրվել է 2010 թվականին՝ կառավարության որոշմամբ։ Ծրագիրն իրականացրել է ՀՀ սփյուռքի նախարարությունը՝ ճեմուղու հիմնադրման եւ հուշակոթողի համար պետբյուջեից ծախսելով 21 միլիոն դրամ: Քանդակագործը Ֆերդինանդ Առաքելյան է:


«Այստող լինելու պատիվը կունենան նրանք, որոնք իրենց մահվանից հետո ժողովրդի կողմից կհիշվեն որպես մեծ բարերարներ»,-Aravot.am-ի հետ զրույցում ասում է Հայաստանի արդյունաբերողների եւ գործարաների միության նախագահի գլխավոր խորհրդական Հովսեփ Պողոսյանը, որը վերջին անգամ «Մանթաշյանցին» ու «Արամյանցին» տեսել է աշնանը. Այդ ժամանակ նրանք տեղում են եղել:

 

 


Հովսեփ Պողոսյանն ասում է, որ ամեն տարի գործարարները հավաքվում են Աբովյան փողոցում գտնվող Ալեքսանդր Մանթաշյանցի արձանի մոտ եւ այս ճեմուղին, կարծես, անուշադրության է մատնված, թեեւ այստեղ ավելի շատ են ներկայացված գործարարները:

«Շուտով կնշենք գործարարի օրը, եւ լավ կլիներ, որ որեւէ մարմին զբաղվեր այս հարցով: Անհայտ է սա վանդալի՞զմ է, թե՞ պետական որեւէ մարմին է միջամտել: Պետք է հասկանալ՝ ով է այս ամենի իրավահաջորդը, քանի որ Սփյուռքի նախարարությունը, որը սրա նախաձեռնողն էր, այլեւս գոյություն չունի, քաղաքապետարա՞նն է, թե՞ կառավարության՝ Սփյուռքի գործերով հանձնակատարը: Այս լավ գործը պետք է տեր ունենա եւ պետք է շարունակվի: Շատ հնարավոր է, որ այդ տերը լինի գործարար շրջանակներից կամ գործարարության միությունները, որոնք, հետագայում, պետության հետ կնքված պայմանագրերի հիման վրա այս ամեն ինչին ավելի խնամքով կվերաբերվեն»,-ասաց մեր զրուցակիցը:

Aravot.am-ի հարցմանն ի պատասխան, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից պատասխանեցին՝ գրասենյակը պարտավորություն չունի ճեմուղու նկատմամբ: Երեւանի քաղաքապետարանից նույնպես հայտնեցին, որ տեղյակ չեն արձաններից: Ըստ քաղաքապետարանի պատասխանատուների, անցյալ տարի վարձակալը հրաժարվել է նշյալ տարածքից եւ այդտեղ կանաչապատման եւ բարեկարգման աշխատանքները կատարում է «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը: Որեւէ այլ գործառույթ ՀՈԱԿ-ն այդ ճեմուղում չունի:


Գուցե ոստիկանությո՞ւնը պարզի թե ո՞ւր են անհետացել պետական բյուջեի գումարներով ձուլված գործարարների արձանները:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728