Լրահոս
Օրվա լրահոսը

FashionDrug ապրանքանիշի միջազգային հաղթարշավը

Փետրվար 26,2021 18:23

Արդեն մի քանի տարի է, որ Երևանի տարբեր խանութներում հանդիպում ենք FashionDrug ապրանքանիշը ներկայացնող նորաձև տարբեր աքսեսուարներ, որոնք աչքի են ընկնում իրենց գեղեցկությամբ, յուրահատկությամբ և բարձր որակով։

Մենք փորձեցինք պարզել այս մեծ պահանջարկ վայելող ապրանքանիշի պատմությունը և կապ հաստատեցինք FashionDrug-ի հիմնադիր Անահիտ Ղազարյանի հետ։ Վերջինս պատմեց, թե երբ և ինչպես է ստեղծվել այսօր արդեն մեծ անուն ձեռք բերած FashionDrug-ը, որը սիրով ներկայացնում ենք ձեզ։

Մասնագիտությամբ արվեստաբան, արվեստի և նորաձևության փորձագետ, դիզայներ Անահիտ Ղազարյանը 2015 թ-ին հիմնադրեց յուրօրինակ FashionDrug ապրանքանիշը, որը աքսեսուարներ կրող կանանց հնարավորություն է տալիս յուրահատուկ կերպարներ ստեղծել եւ լինել անկրկնելի: FashionDrug-ը պրեմիում և լյուքս դասի նորաձև ձեռագործ աքսեսուարների (բրոշներ, վզնոցներ, թևնոցներ, ականջօղեր, կախազարդեր, գլխարկներ, շարֆեր և գոտիներ), կանացի ու մանկական հագուստի (շապիկներ և բլուզներ) ապրանքանիշ է, որը զգալի ներկայացվածություն ունի ոչ միայն տեղական, այլեւ միջազգային շուկաներում:

FashionDrug-ն ակտիվ վաճառք է իրականացնում ԱՄՆ-ում, Եվրոպայում, ԱՊՀ-ի և Պարսից Ծոցի երկրներում, ինչպես նաև ավելի քան 15 վաճառակետ ունի Երեւանում։

Բրենդը պարբերաբար մասնակցում է համաշխարհային նորաձևության հանրահայտ ցուցահանդեսների, ինչպիսիք են, օրինակ՝ MAGIC շոուն՝ Լաս Վեգասում, Accessories Circuit-ը՝ Նյու Յորքում, Super-ը՝ Միլանում, BIJOCHCA- ն՝ Փարիզում, TOP DRAWER-ը՝ Լոնդոնում, JUNWEX-ը՝ Մոսկվայում:

Aravot.am-ի հետ զրույցում Անահիտ Ղազարյանը խոսելով ապրանքանիշի հաջողության գրավականի ու առանձնահատկության մասին՝ նշում է. «Երբ սկսեցի իմ ստեղծագործական գործունեությունը, որոշեցի այնպիսի նյութերով աշխատել, որոնք տվյալ բնագավառում չէին օգտագործվում: Որոշեցի ստեղծել կրծքազարդեր, որոնք օրգանական ապակուց են: Եվ ինձ հաջողվեց յուրօրինակ ձեռագրի շնորհիվ սիրվել հանրության կողմից:

Քանի որ մի շարք երկրներում մասնակցում էի նաև հեղինակային ցուցահանդեսների, աշխատանքները գնահատեցին ոչ միայն ազգությամբ հայերը, այլեւ օտարազգիները: Այդպես դուրս եկա նաև արտասահմանյան շուկա, ձեռք բերեցի լավ գործընկերներ, որոնց հետ պարբերաբար աշխատում եմ»:

Անահիտը հավելում է, որ երբ ապրանքանիշը նոր էր ստեղծվում, հիմնական շեշտը դրված էր ձեռագործ կրծքազարդերի, աքսեսուարների վրա, որոնք օրգանական ապակուց, տարբեր բնական քարերից, մետաղներից էին պատրաստված. «Սովորաբար կոլաժային սիստեմով եմ աշխատում, սիրում եմ համադրել միմյանց հետ առաջին հայացքից անհամադրելի նյութերը: Ուրախ եմ, որ շատ սիրվել է FashionDrug բրենդը, որը որեւէ տարիքային սահմանափակում չունի։ Կրծքազարդերը կարող են կրել և դեռատի աղջիկները, և գործարար կանայք, և ընդհանրապես ամեն կին: Դրանք միտված են գեղեցկացնելու, համալրելու սովորական զգեստապահարանը: Մեր պարագայում աքսեսուարները յուրօրինակ լուծում ունեն՝ մագնիսի տարբերակով, ինչը թույլ է տալիս չվնասել հագուստը»:

Նրա ձևակերպմամբ, FashionDrug բրենդի գեղեցիկ փաթեթավորում ու տուփեր ունեցող ինքնատիպ աքսեսուարները նաև հրաշալի նվերներ են սիրելի մարդկանց համար, ու այդ նպատակով շատերը հաճախ են գնում դրանք:

Անահիտ Ղազարյանն ասում է, որ առաջին հայացքից աքսեսուարները գունագեղ են ու հետաքրքիր ասոցիացիաներ են առաջացնում մարդկանց մոտ. «Ես ունեմ տարբեր հավաքածուներ, այդ թվում՝ կենդանական կերպարներից, ծաղկային և այլն: Ամեն դեպքում յուրաքանչյուր կին իրեն հարազատ մի բան գտնում է:

Երբ մարդիկ դեռ անծանոթ էին բրենդին, դիտում էին գեղեցիկ աքսեսուարները, չէին հասկանում, որ կարելի է կրել: Մանավանդ, երբ տեսնում էին, որ լուծումը մագնիսով է, դրանք գնահատում էին որպես գեղեցիկ իրեր: Երբ բացատրում էիր, թե ինչ գործառույթ ունի այդ աքսեսուարը, ինչպես կարելի է կիրառել, բոլորին շատ դուր էր գալիս: Հայելու մեջ նայում էին, տեսնում էին, թե ինչպես են կերպարանափոխվում թեկուզ 5 րոպեում, երբ, օրինակ, որեւէ կոստյումին ավելացվում է որևէ կրծքազարդ»:

Դիզայներ, արվեստի և նորաձևության փորձագետ Անահիտ Ղազարյանը նշում է, որ շատ հայտնի մարդիկ են կրում FashionDrug-ի աքսեսուարները. «Շատ հեռուստաեթերներ կան, որոնց ժամանակ հաղորդավարներն են կրում: Օրինակ OPT-ով «Модный приговор»-ի ժամանակ բազմիցս մեր զարդերը կրել է ռուս հանրահայտ երգչուհի Նադեժդա Բաբկինան: Ռուսական շոու բիզնեսի շատ աստղեր են կրել մեր զարդերը, և ես նույնիսկ շատ պատահական եմ տեսել դա:

Սոցիալական հարթակներում կանայք նշում են, որ այդ բրենդն են կրում, այդպես ես էլ եմ տեղեկանում, թե ով կրեց: Հաճելի է, երբ արժանանում ես աշխատանքիդ գնահատանքին և հպարտանում ես, որ այսօր Made in Armenia պիտակով ներկայանում ես աշխարհի լավագույն հարթակներում:

Օրինակ` Ճապոնիան շատ դժվար շուկա է, բայց Ճապոնիայում եւս ես կարողացել եմ արժանանալ մեծ գնահատանքի: Ցուցահանդեսներից մեկի ժամանակ շատ պատահական ինձ հյուր եկավ նաև Ճապոնիայում Հայաստանի դեսպանը, ինչը ոգեւորիչ է: Կարծում եմ հպարտանալու առիթ է, որ հայկական դրոշի ներքո ներկայանում ենք տարբեր շուկաներում»:

Անահիտ Ղազարյանին խնդրեցինք մի փոքր մանրամասնել, թե ինչպես ծնվեց FashionDrug-ը: «Իրականում ամեն ինչ սկսվել է իմ հոբբիից: Ես շատ էի ճամփորդում և սիրում էի բոլոր երկրներից աքսեսուարներ բերել: Մի օր հասկացա, որ դա ավելին է, քան հոբբին, ու որոշեցի իմ ստեղծագործական ջիղը ներդնել այդ ամենում եւ հոբբին վերածել բիզնեսի: Ի դեպ, գենետիկորեն մայրական գծով բոլոր բարեկամներս ընտանիքներում ունեն դիզայներ, ճարտարապետ, քանդակագործ: Որոշեցի, որ ես էլ պետք է օգտագործեմ ստեղծագործական ջիղս, պատկերացումներս և վառ երևակայությունս:

Ի սկզբանե, երբ սկսեցի, չէի մտածում, որ սա պետք է վերաճի բիզնեսի: Ամեն ինչ ինքնաբուխ է եղել…Հիմա արդեն ոչ միայն բրոշներ եմ պատրաստում, այլեւ հագուստի մեծ տեսականի ունենք, այսինքն` բրենդը գնալով աճում և բազմաճյուղ է դառնում»:

Մեր զրուցակիցն ընդգծեց, որ գաղափարը կյանքի կոչելիս իրեն ամենաշատը խրախուսել, թեւ է տվել ընտանիքը. «Ինձ համար շատ կարևոր է իմ ընտանիքի կարծիքը: Ինձ այդ հարցում քաջալերեցին ամուսինս և երեխաներս: Մենք սովորաբար քննարկում ենք ցանկացած հարց՝ ընտանյոք հանդերձ: Ես բավականին երկար տարիներ դպրոցում ուսուցիչ եմ աշխատել, շատ սիրել եմ մանկավարժական գործունեությունը, բայց մի օր հասկացա, որ ավելի շատ ստեղծագործ մարդ եմ եւ ավելին եմ ուզում, որոշումս արժանացավ ընտանիքիս հավանությանը»:

Անահիտ Ղազարյանն իրեն հաջողական մարդ է համարում. «Հաջողակ եմ, որովհետև աշխատում եմ իմ սիրելի մասնագիտությամբ, ինչը երջանկություն է, ես ինձ ինքնաբավ և ինքաիրացված եմ զգում, էլ փնտրտուքների մեջ չեմ, պատասխանել եմ այն հարցին, թե ինչ եմ ուզում ինքս ինձանից և ինչ ակնկալիքներ ունեմ: Ինձ համարում եմ հաջողակ մարդ, քանի որ հրաշալի ընտանիք ունեմ, երեխաներ, որպես անհատ, կին՝ իմ մայրական առաքելությունն էլ կատարում եմ զուգընթաց: Իմ մոտեցումը կյանքի հանդեպ ճիշտ եմ համարում, որ կինը պետք է եւ ընտանիք, եւ կարիերա ունենա, և այդ ուղեծրով գնում եմ»:

Նա իր օրինակով փաստում է, որ հնարավոր է ներդաշնակել գործարար կնոջ եւ ընտանիքում՝ կնոջ առաքելությունները. «Ինձ թվում է՝ 21-րդ դարի կինը հենց այս մոդելով է շարժվում: Կինը պետք է իր ողջ պոտենցիալն օգտագործի, իսկ այդ պոտենցիալը միայն առտնին գործերով և երեխաներով զբաղվելը չէ, կինը շատ ավելին կարող է անել»:

Խնդրեցինք որեւէ տպավորիչ դրվագ պատմել՝ իր գործունեության հետ կապված:

«Դեռ կարիերայիս սկիզբն էր, ես Մոսկվայում մասնակցում էի «Վինտաժից մինչև մեր օրեր» ցուցահանդեսին, որտեղ սովորաբար ներկայանում են հեղինակային աշխատանքներով դիզայներները: Ես ցուցադրում էի իմ աշխատանքները: Ինձ մոտեցավ հայտնի ռուս երգչուհի, հումորիստ եւ դերասանուհի Կլարա Նովիկովան եւ խնդրեց իրեն օգնել որևէ հետաքրքրիր նվեր գտնել:

Ես հարցրի՝ ո՞ւմ համար է ուզում նվերը, որպեսզի հասկանամ տարիքը, նախասիրությունները, մասնագիտությունը՝ ճիշտ նվեր ընտրելու համար: Հիշում եմ, որ մի մեծ սարդ ունեի, որի ոտիկները շարժվում էին: Կլարա Նովիկովան ասաց, որ ուզում է ռուսական էստրադայի լեգենդ Կոբզոնի կնոջ՝ Նելլի Կոբզոնի համար նվեր ընտրել: Ասաց, որ ցանկանում է այնպիսի հետաքրքիր բան տանել, որ Նելլի Կոբզոնը կրի, եւ վերցրեց իմ սարդը: Ասաց՝ վստահ եմ, որ հաճույքով կկրի այս սարդը: Հետագայում ես շատ պատվերներ ստացա ու պատրաստեցի այդ սարդի տարբեր չափերը»,- նշեց Անահիտ Ղազարյանը՝ հավաստիացնելով, որ բազմաթիվ հետաքրքիր միջադեպեր են եղել, որոնք իրեն տպավորել ու գոհացրել են, ոգեշնչել՝ ստեղծելու նոր գործեր:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728