Լրահոս
Օրվա լրահոսը

«Դա քաղաքագիտորեն տգետ գնահատական է». Ժիրայր Սեֆիլյանը՝ Նիկոլ Փաշինյանի՝ ռազմական հեղաշրջման փորձ որակման մասին

Փետրվար 26,2021 18:55

«Լավ է, որ բանակը միջամտեց, եթե ոչ, երկիրը գնում էր այլ ուղղությամբ, բոլորիս անունից շնորհակալություն բանակի ղեկավարությանը»,- «Ազգային-ժողովրդավարական բևեռի» նախաձեռնող խմբի հանրահավաքի ընթացքում՝ Մատենադարանի մոտ, լրագրողների հետ զրույցում հայտարարեց Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը:

Հարցին՝ այս ռազմական դրության, հետպատերազմական իրավիճակում, վտանգավոր չէ՞ր ՀՀ Զինված ուժերի նման հայտարարությունը, Ժիրայր Սեֆիլյանն այսպես արձագանքեց. «Ընդհակառակը, կարծում եմ՝ այդ քայլը բավական ուշացել է, բայց ինչպես ասում են՝ ուշ լինի, նուշ լինի: Եթե բանակի ղեկավարությունն այս անհրաժեշտ քայլը չաներ, վստահ եմ, որ դոփելու էինք տեղում, իսկ այժմ մեր ժողովրդին, քաղաքական ուժերին հնարավորություն է ընձեռնված արագ ժամկետում դեպի լուծում քայլեր ձեռնարկել: Բնականաբար, դա պիտի լինի առանց Նիկոլ Փաշինյանի»:

Լրագրողների հարցին՝ ինչո՞ւ Զինված ուժերն այդքան ուշ որոշեցին նման հայտարարություն տարածել, Ժիրայր Սեֆիլյանը պատասխանեց՝ պատճառի մասին թող մեր բանակի ղեկավարությունը խոսի ու հավելեց. «Իմ կարծիքն այն է եղել, որ շուտ պիտի լիներ, սպասել ենք, դիմացել ենք, և այժմ Հայաստանում ազատության շունչ կա: Ընդամենը մեկուկես օր առաջ փողոցներում մարդկանց ծեծում էին, ահավասիկ, ո՞ւր են այդ ծեծողները: Ոչ մեկ չէր սպասում, որ Նիկոլ Փաշինյանը կդառնա բռնատեր, բայց տեսանք, թե ինչպես դա եղավ: Բոլոր բռնատերերն էլ, գալու է պահը, և զսպվելու են: Շնորհիվ բանակի զսպվելու է: Նա շուտ պիտի կողմնորոշվի, եթե ոչ, ապա ավելի դաժան կլինի ապագան»:

Լրագրողների դիտարկմանը՝ նա հասարակական վստահություն է վայելում. մի քանի ժամում տասը հազար մարդ հավաքեց քայլերթի, Ժիրայր Սեֆիլյանը հակադարձեց. «Տասը մարզպետ՝ հանձնարարված, ամեն մեկը շարասյուներով շուտ դեպի Երևան, իրենց վարչական ռեսուրսով, Երևանում 12 թաղապետ, նախարարություններ. կարծում եմ՝ ձախողված օպերացիա էր, խոսքը մեր մեջ, մարդ չիմանա: Չեմ էլ ուզում այդ անհեթեթ քայլերը մեկնաբանել: Նիկոլ Փաշինյանը պիտի շուտ գիտակցեր, ճիշտ կլիներ իր կառավարությունը փոխանցեր իր թիմից մեկին, նա հեռանար, հետո մեր բանակի, գործող նախագահի տանդեմով նաև միաժամանակ խորհրդակցելով քաղաքական շրջանակների հետ, շուտ լուծումը գտնվեր»:

Ըստ Ժիրայր Սեֆիլյանի՝ պետք է ժողովուրդը փողոցում ակտիվանա, իրենք էլ համարյա ամեն օր փողոցում են լինելու, չի բացառվում՝ մի օր էլ չվերադառնան փողոցից, մինչև չհասնեն իրենց նպատակին:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ՀՀ Զինված ուժերի հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ որակելու առիթով Ժիրայր Սեֆիլյանն ասաց. «Դա քաղաքագիտորեն տգետ գնահատական է: Նրանք ընդամենը հայտարարությամբ են հանդես եկել, ոչ մի շարժ չեն կատարել, իրենց անհանգստությունն են հայտնել մարդու, որը պատրաստ է ծախել ամբողջ հայրենիքը: Նույնիսկ դա պիտի պատերազմի ժամանակ լիներ, ամեն ինչ չէ, որ մեր ուզածով է լինում, բայց լավ է: Երեկ կեսօրից մեր երկիրը մտել է նոր հանգրվան, որը հաստատ մեզ տանելու է դեպի մեր երազած պետության ստեղծումը»: Ըստ Ժիրայր Սեֆիլյանի՝ եթե քաղաքական իշխանությունը դավաճանում է ժողովրդին, հայրենիքը, ապա ժողովուրդն ու բանակը, անշուշտ, պիտի միջամտեն:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Ազգային-ժողովրդավարական բևեռի» նախաձեռնող խմբի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728