Լրահոս
Օրվա լրահոսը

Անպատասխանատվությունը և ստախոսությունը ո՛չ ոքի երկարաժամկետ հատվածում դեռ օգուտ չեն բերել, վնասներ՝ որքան ասես. ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի արձագանքը Ալիևի հայտարարություններին

Փետրվար 26,2021 18:12

ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի արձագանքը մամուլի ասուլիսում Իլհամ Ալիևի հնչեցրած ստերին

Այսօր Ադրբեջանի նախագահ Ալիևը տեղական և միջազգային ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար կազմակերպած մամուլի ասուլիսի ժամանակ այնպիսի զավեշտալի և անլուրջ «բացահայտումներ» է արել, որոնց մեկ առ մեկ անդրադառնալը միանգամայն անիմաստ է և ժամանակի անհարկի վատնում:

Սակայն, պետք է նկատել, որ նա իր հայաստանյան ներկայիս գործընկերոջից ետ չի մնում անամոթաբար ու անպատասխանատու ձևով ստելու գործում:

Շատ պարզ ու հասկանալի է, թե ինչու է դա հիմա անում՝ դժվար պահին օգնության է շտապում գործընկերոջը: Հավանաբար երկուսի մոտ էլ տարբեր ժամանակահատվածներում պարտվածի բարդույթը ծանր հետևանքներ է ունեցել:

Նա էլ հայաստանյան ներկայիս գործընկերոջ նման բանակից և ռազմարվեստից ոչ մի գիտելիք ու փորձ չունենալով՝ իրարամերժ հայտարարություններով ու ստերով զավեշտալի վիճակի մեջ է հայտնվում:

Կարճ ժամանակ առաջ էլ հայտարարում էր, թե Քարվաճառն ու Լաչինը Սերժ Սարգսյանի օրոք, միևնույն է, այդպես էլ իրենց չէին հանձնելու, իսկ այսօր թե՝ Սերժ Սարգսյանը 2016 թվականին իրենից երկու շաբաթ է խնդրել զորքը գրավյալ տարածքներից դուրս բերելու համար:

Դա կարող էր տեղի ունենալ միայն ու միայն Ալիևի երազում:

Որևէ մեկը մտածե՞լ է, թե ինչու այդպիսի «խնդրանքը» Ալիևը մինչև հիմա տարբեր առիթներով չի բարձրաձայնել սեփական լսարանի առջև ու գլուխ չի գովացել. այդ գայթակղությանը հաստատապես և ոչ մի դեպքում նա չէր դիմանա:

Իսկ ինչո՞ւ 2016թ. Սանկտ Պետերբուրգի բանակցային փաստաթղթում այդ մասին ոչ մի խոսք չկա:

Իսկ գուցե նույն Ալիևը չէր 2016 թվականին իր կառավարության նիստում նեղսրտած հայտարարում. «Փակ դռների հետևում մեզ ստիպում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Ադրբեջանը երբեք չի համաձայնի գնալ այդ քայլին»:

Անպատասխանատվությունը և ստախոսությունը ո՛չ քաղաքականության մեջ, ո՛չ պատերազմում, և ո՛չ էլ ցանկացած այլ պարագայում ո՛չ ոքի երկարաժամկետ հատվածում դեռ օգուտ չեն բերել, վնասներ՝ որքան ասես:

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728