Լրահոս
Օրվա լրահոսը

Ու՞մ են պատկանում Կապանի չգործող փակված հանքերը

Փետրվար 26,2021 18:04

Ուրբաթ՝ փետրվարի 26-ի առավոտյան, աշխատանքի շտապող կապանցիները զարմացան Գործարանային փողոցով հոսող ջրի առվակից, որի պատճառը հնարավոր էր, որ «Չաարատ Կապան» ՓԲԸ-ի (նախկին Կապանի լեռնահարստացման կոմբինատ) հերթական վթարը գրանցված լիներ։ Ավելի ուշ պարզվեց, որ ընկերության տարածքը եւս զգալի վնաս է կրել եւ վթարն ամենեւին էլ կոմբինատի ջրատարներից չէր։

Ըստ պաշտոնական հաղորդագրության, փետրվարի 25-ի լույս 26-ի գիշերը՝ ժամը 2։00-ին, Կապանի պղնձի հանքավայրի (Կավարտի հանք) տրանսպորտային հանքուղով հոսող ջրերը, դեռեւս անհայտ պատճառներով, մեծ քանակությամբ լցվել են ընկերության տարածք՝ պատճառելով վնասներ․ պատահարի հետեւանքը եղել է արտադրության խափանումն ու կանգառը։ Ջրերը ընկերության տարածքով անցել են նաեւ միջպետական մայրուղի ու հարակից տարածքներ: Միջպետական ճանապարհը օրվա ընթացքում մաքրվել է ընկերության աշխատակիցների կողմից, իսկ ձեռնարկության տարածքում վերականգնողական աշխատանքներ են ընթանում։

Սյունիքի մարզպետի տեղակալ Կարո Ավանեսյանը, մարզպետարանի տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Սեյրան Ավետիսյանը ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության պետի տեղակալ Ռոմա Սահակյանի հետ այցելել են ընկերություն, հանդիպել «Չաարատ Կապան» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Թովմասյանի հետ։

Վերջինս ներկայացրեց ընկերությանը հասցված վնասի ծավալները՝ վարչական շենք, գույք, սարքավորումներ, ճանապարհներ եւ այլն։ Քննարկվեց նաեւ, թե ինչը կարող էր հանքախորշի մուտքի պատվարի փլվելու ու ջրերի արտահոսքի պատճառ դառնալ, եւ կարեւորվեց, որ խնդիրը ներկայացվի կառավարություն՝ համայնքի տարածքում եղած մյուս չգործող ու կոնսերվացված հանքախորշերի անվտանգությունն ապահովելու եւ հետագայում նման վթարային իրավիճակները կանխարգելելու համար։

Aravot.am-ը հարցում է ուղարկել շրջակա միջավայրի նախարարություն՝ պարզելու, թե ո՞ւմ են պատկանում Կապանի տարածաշրջանում գտնվող, չգործող փակված հանքերը, ով է պատասխանատու դրանց վիճակի համար, ո՞վ է վերահսկում ։ Լրագրողական հետաքննությունը կներկայացնենք առաջիկայում։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Լուսանկարները Սյունիքի մարզպետարանի կայքից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728