Լրահոս
Օրվա լրահոսը

Հռիփսիմե Առաքելյան. «Ինչ արվում է բանակի հետ վերջին երեք տարում՝ շարքային սրիկայություն է»

Փետրվար 26,2021 17:56

Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության քարտուղար Հռիփսիմե Առաքելյանի համար Նիկոլ Փաշինյանի եւ կառավարության հրաժարականը պահանջող ՀՀ ԶՈՒ ԳՇ տարածած հայտարարությունը կապիտուլյացիոն ակտը ստորագրելուց հետո ամենակարեւոր բեկումնային իրադարձությունն է, ինչին ինքը շատ է սպասել: «Մեր փառապանծ բանակը, որը եղել է տարածաշրջանի ամենամարտունակ բանակը, վերջին երեք տարում փորձեցին փոշիացնել, ստեղծել այն միֆը, թե մենք ոչ զինվոր ունենք, ոչ բարձրաստիճան սպայակազմ ու շանտաժով փորձում էին նրանց լռեցնել: Պատերազմից հետո էլ անընդհատ ասում էին, թե բանակը առոչինչ է, պարտվել ենք, որովհետեւ բանակը, մեր զինվորը չի կռվել: Այս ամենը շարքային սրիկայություն է բանակի նկատմամբ: Գլխավոր շտաբի բարձրաստիճան սպաների երեկվա հայտարարությունը, կարծում եմ, բեկումնային էր: Փառք ու պատիվ մեր բանակին: Մենք բոլորս պետք է կանգնենք մեր բանակի կողքին եւ մեր բանակը կարող է ապացուցել, որ երկրում հայրենազրկման գործընթացը կարող է կասեցնել՝ պաշտպանել մեզ:

Ասում են՝ բանակը չպետք է միջամտի: 44 օր շարունակ մեր երկրում խայտառակ պատերազմն ընթանում էր, միջազգային հանրությունը բացարձակ լուռ էր: Երեկ տեսաք չէ՞, թե ինչ էր կատարվում աշխարհի տարբեր երկրների եւ միջազգային լրատվամիջոցներում: Եվ ամենազարհուրելին այն էր, որ առաջինը արձագանքեց Թուրքիայի արտգործնախարարությունը: Դա հայոց պատմության մեջ երեւի բացառիկ բան է եւ սեւով սպիտակի վրա գրվելու է, որ Հայաստանի իշխանությանը, հանձին այս հողատուի, անմիջապես իր շուրթերով պաշտպանեց Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն, ավելի ուշ Էրդողանի մամուլի խոսնակը թվիթերում թվիթեց, թե իրենք թույլ չեն տա: Մեկն ասի, թե ձե՞ր ինչ գործն է:

Այո, մենք պետք է կանգնենք մեր բանակի կողքին, եւ որեւէ մեկը թող չփորձի մանիպուլացնել, որ բանակը քաղաքական գործընթացներին չպետք է խառնվի: Բանակը քաղաքական գործընթացներին չի խառնվում: Բանակը պաշտպանում է հայ ժողովրդին, հայոց պետականությունը, մեր ու մեր երկրի անվտանգությունը: Հիմա խնդիրը մեր անվտանգության իրավունքն է, որի պաշտպանը հենց հայոց բանակն է: Իսկ մենք էլ որպես Հայաստանի քաղաքացի պետք է ամուր պահենք հայոց բանակի թիկունքը»,- ասաց ավագանու ԲՀԿ անդամը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728