Ընդդիմությունը հայտարարել է, որ իշխանականներին օր ու արեւ չի տալու: Այսօր ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին ԱԺ-ում հարցրեցինք՝ հաջողվո՞ւմ է ընդդիմությանը դա ու ի՞նչ կասի երկրում ԳՇ-ի հայտարարությունից հետո ստեղծված անկայուն իրավիճակի մասին: Նախարարը պատասխանեց . «Այդ հարցն իրենց տվեք: Իմ օր ու արեւը աշխատանքային է: Նախարարություն իր առօրյա անհետաձգելի աշխատանքներն է կատարում ու իրավունք չունենք հապաղելու»:
Չե՞ն համարում, որ այս իրավիճակում վարչապետի ու կառավարության հրաժարականը պարզապես օրախնդիր է, գերխնդիր է՝ նախարարը պատասխանեց. «Ոչ, չեմ համարում»:
Խոսելով ԳՇ հայտարարության մասին՝ Դումանյանն ասաց, որ յուրաքանչյուր մարդ պետք է զբաղվի իր գործով, այն գործով, որի համար պատասխանատու է:
Մեր հարցին՝ Ազատության հրապարակում ասում էին, որ դուք սոսնձված եք ձեր աթոռներին եւ չեք ուզում հրաժարվել այդ փափուկ աթոռներից, կառչած եք դրանից, ի՞նչ կասեք՝ Դումանյանը պատասխանեց. «Ինձ նման բա՞ն են ասել»: Բացատրեցինք, որ կառավարության անդամներին են ասել, դուք էլ նախարար եք, կառավարության պաշտոնյա եք՝ նա պատասխանեց. «Ասողը ճիշտ չի ասել»:
Կարդացեք նաև
Խոսելով Լեւոն Արոնյանի հայտարարության մասին՝ հարցին՝ ո՞ր փորձագետները ու ինչպե՞ս են եզրահանգել, որ Արոնյանն այլեւս պոտենցիալ չունի՝ նախարարը պատասխանեց. «Ես նման կարծիք չեմ լսել, Արոնյանին հարցրեք»: Երբ ճշտեցինք՝ իսկ ինչո՞ւ եք հասցրել նրան, որ մարդը հեռանա երկրից՝ Դումանյանի պատասխանը տարօրինակ էր. «Իսկ դո՞ւք ինչու եք հասցրել նրան, որ Լեւոն Արոնյանը հեռանում է»: Զարմանքին՝ ե՞ս, ես ի՞նչ կապ ունեմ, նախարարը արձագանքեց. «Բա ե՞ս: Նա ասել է, որ ե՞ս եմ հասցրել»:
Ավելին՝ նախարարն ասաց, որ դա «սպորտսմենի իրավունքն է, որոշել է գնալ». «ԿԳՄՍ նախարարության մեղքը չեմ համարում: Շատ ցավում եմ, որ նման որոշում է կայացրել, շատ բարձր եմ գնահատում իր շախմատային նվաճումները, հպարտացել ենք իր նվաճումներով, ներկայացրել է Հայաստանը: Զարմացած եմ, որ նման որոշում է կայացրել: Ուրախ կլինեմ, որ վերանայի իր որոշումը»: Նախարարը համարում է, որ չկա մի պաշտոնական պարտականություն, պարտավորություն Արոնյանի նկատմամբ, որ նախարարությունը չի կատարել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ