Շախմատի Աշխարհի կրկնակի գավաթակիր, գրոսմայստեր Լևոն Արոնյանը հայտարարել է երկրից հեռանալու մասին ու ներկայացրել պատճառները. «Մեկ տարուց ավելի ներկայիս կառավարության խոստումների իրագործմանը սպասելուց հետո հասկացա, որ ստիպված եմ կայացնել բեկումնային որոշում և հեռանալ հարազատ երկրից: Ակնհայտ է, որ փոփոխության ակնկալիքի յուրաքանչյուր տարին իմ մարզական կարիերայի տեսանկյունից վատնված տարի է»: Նա նաեւ նշել էր, որ «շախմատի ասպարեզ ներխուժեցին սպորտաձևից բացարձակ անտեղյակ նորաթուխ պետական գործիչներ, որոնք մեր հաջողությունները վերագրելով իրենց, սկսեցին ինքնահաստատվել՝ նույնիսկ շանտաժի միջոցով»:
Այս առնչությամբ մենք ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանին հարցրեցինք, թե ինչպե՞ս է արձագանքում Արոնյանի նման հայտարարությանը: Նա պատասխանեց. «Ցավալի հայտարարություն է ինձ համար: Բայց ասեմ, որ այնտեղ նաեւ որոշակի անձնական հայտարարություններ են հնչել, որը ենթադրում եմ, որ նաեւ հասցեագրված են եղել ինձ: Հաշվի առնելով հանգամանքը, թե ինչ մեծ ավանդ ունի Լեւոն Արոնյանը շախմատի մարզաձեւում, չմոռանանք, որ Արոնյանի նաեւ ջանքերի շնորհիվ Հայաստանը մի քանի անգամ օլիմպիական ոսկի է ձեռք բերել՝ նրա թիմային խաղի շնորհիվ, նրա գլխավորությամբ, առհասարակ Հայաստանը աշխարհին ներկայացել է՝ որպես շախմատային տերություն, այս ամենը հաշվի առնելով՝ կարծում եմ, որ այնուամենայնիվ, անգամ սխալ եւ սուտ տեղեկատվություն տրամադրելու հանրությանը, դրա իրավունքը եւ շատուշատ իրավունքներ Լեւոն Արոնյանն ունի: Հաշվի առնելով իր ավանդը, իր վաստակը, որեւէ պարագայում նույն ձեւաչափով չեմ պատրաստվում պատասխանել»:
Թե ինչ է եղել լեգենդար գրոսմայստերի հայտարարության մեջ եղել սխալ եւ սուտ՝ Մխիթար Հայրապետյանն ասաց, որ հանրության համար է պարզաբանում. «Այն, որ 2018-ից հետո շախմատը անտեսվել է, քանդվել են այն ավանդույթները, որոնք ձեւավորված են եղել նախկինում, նախ, խոսք էր գնում դպրոցների փակման մասին: Պետք է ասեմ, որ Շախմատի ֆեդերացիայի՝ ամիսներ շարունակ տեւած, շարունակվող քայլերի, պրոֆեսիոնալ աշխատանքի, ի պատիվ քաղաքապետարանի մեր գործընկերոջ գործուն ջանքերի նաեւ, առաջիկայում կբացվի Շախմատի վարպետների բարձրագույն դպրոց: Սա բացառիկ քայլ է լինելու՝ կրկին ՀՀ-ին վերադարձնելու այն փառքը, որը տասնամյակներ շարունակ ունեցել եք ու վերջին 6-7 տարին չունենք»:
Հայրապետյանը նաեւ ասաց. «Մեր լեգենդար շախմատիստը նշում էր, որ վերաբերմունքը շախմատի ու շախմատիստների նկատմամբ էականորեն տարբերվել է: Այո, իսկապես տարբերվել է, 2019-ից հետո շախմատը հավասարեցվել է օլիմպիական մարզաձեւերին՝ պարգեւավճարների, լրավճարների իմաստով: Անգամ Լեւոնի հարսանիքի քավորը, որ ՀՀ Շախմատի ֆեդերացիայի նախագահն էր ու ցայսօր շարունակում է մնալ այդ պաշտոնին, իր օրոք անգամ այդպիսի հարցերը չեն լուծվել»:
Կարդացեք նաև
Մխիթար Հայրապետյանը կրկնեց, որ Արոնյանն ունի այն վաստակը, որ չարդարացված եւ հանիրավի մեղադրանքներ հնչեցնի նաեւ իր հասցեին. «Ուզում եմ հանրությունը հստակ պատկերացում անի, թե ինչ է եղել մինչեւ 2018-ը շախմատի քաղաքականության հետ եւ դրանից հետո»: Նա խոսեց դպրոցներում մարզիչների աշխատավարձի, գույքային, շենքային բարեփոխումների մասին:
Թե Արոնյանի ո՞ր խոսքն էր իրեն վերագրել Հայրապետյանը, նա ասաց. «Գրոսմայստերը նշեց, որ նորաթուխ պետական գործիչներ, շախմատից բացարձակապես ոչինչ չհասկանալով՝ հմուտներին ու պրոֆեսիոնալներին փոխարինեցին: Ես փոխարինել եմ Տարոն Մարգարյանին՝ Երեւանի շախմատի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում: Ես մշտապես նշել եմ, որ ինձ չեմ համարում շախմատի մասնագետ, փորձագետ, լավ շախմատ չեմ խաղում, բայց պատրաստ եմ շախմատային ռազմավարության, փոքր սերնդի խնդիրների, դրանց լուծման ճանապարհային քարտեզի շուրջ բանավիճել Տարոն Մարգարյանի հետ, վերջում էլ մի պարտիա շախմատ խաղալ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Լուրջ հարցերին պետք է տալ համարժեք պատասխան, այլ որ թե մակերեսային…Չի կարելի նման վերաբերմունք ցուցաբերել…