Լրահոս
Օրվա լրահոսը

Երեկ Ազատության հրապարակում 20 հազարից ավելի մարդ կար. Ընդդիմությունը ներկայացնում է իր հաշվարկն՝ ընդդեմ «Իրազեկ քաղաքացիների միավորման» հաշվարկի

Փետրվար 26,2021 17:28

Aravot.am-ի հետ զրույցում ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը կասկածի տակ դրեց «Իրազեկ քաղաքացիների միավորման» հաշվարկը, թե երեկ Ազատության հրապարակում ընդդիմությունը հավաքել էր ընդամենը 5400 մարդ, իսկ իշխանությունը՝ 10200:

Մելքումյանի խոսքով՝ Ազատության հրապարակի շրջանակը երբ ամբողջապես լցվում է, առանց այգու մասի 30 հազար մարդ է տեղավորում՝ 1 քմ-ում 3 մարդ հաշվարկով. «Ամբողջ հանրահավաքի ընթացքում այնպես չի, որ միշտ նույն թիվն է լինում, գնում-գալիս են, ավելանում են: Իմ հաշվարկներով՝ 20 հազարից ավելի մարդ կարող էր լինել, օրինակ: Բացի այդ, դա նախապատրաստված հանրահավաք չէր, հրատապ հայտարարվեց, մարդիկ եկան: Իսկ Հանրապետության հրապարակին ես չեմ հետեւել, բայց ես գիտեմ, որ կոչից հետո այնտեղ մի քանի հարյուր մարդ էր ընդամենը: Հետո դուրս եկավ բարձրագույն պաշտոնը զբաղեցնողը, քայլեց մարդկանց ոնց որ հավաքելով: Բնական է, մենք տեսել ենք, թե ինչ տիպի վարչական ռեսուրս էր այնտեղ: Նախարարություններից, մարզպետարաններից, տարբեր կառույցներից մարդիկ էին, քաղաքացիական հագուստով ոստիկաններ էին, որոնց ճանաչում ենք, փոքր երկիր է»:

Մեր դիտարկմանը, որ նույնը ձեզ են ասում, որ ԲՀԿ-ն իր գործատուի ռեսուրսն է օգտագործում ու մարդկանց բերման ենթարկում՝ Մելքումյանը հակադարձեց. «2 ժամվա ընթացքում ո՞նց կարելի էր նման ձեւ հավաքագրել: Եթե այդ լծակն օգտագործվեր, շատ-շատ մարդիկ կգային»:

Հարցին՝ դուք ասում եք՝ իշխանությունն ապիկար է, բայց հիմա ստացվում է, որ նաեւ ընդդիմությունն է ապիկար, ԳՇ-ն էլ հայտարարություն արեց, էլի չստացվեց ձեզ մոտ որեւէ բան՝ Մելքումյանը պատասխանեց. «Ես երկու մասի եմ բաժանել, մեկը աշնանայինն էր, որը որակական հետաքրքիր շրջադարձ արձանագրեց, որովհետեւ երբեւէ չէր եղել, որ ԳԱԱ-ն, ԵՊՀ-ն, կաթողիկոսը, ՀՀ նախագահը, այսինքն, մտավորական հատվածը, քաշող ուժը միանա ընդդիմությանը: Մենք արձանագրում ենք, որ ընդդիմությունը պետք է գնա սահմանադրական ճանապարհով, չնայած շատ բարդ է, պետք է այնպես անել, որ վերահսկողությունից դուրս չգա: Հիշո՞ւմ եք, շատ մարդիկ ասում էին, թե շարժումը մարեց, բայց հիմա մարե՞ց, թե՞ չմարեց: Այնպես չի, որ ամեն օր պետք է 50 հազարանոց հավաք անես: Հիմա միացան զինվորականները, շատ բարձրաստիճան ոստիկաններ, ԱԱԾ աշխատակիցներ, այսինքն, ինքը այսպես հավաքվում է: Պետք է դու այնպես գնաս, որ հակասահմանադրական քայլեր չլինեն, կարծում եմ, մոտ ենք հանգուցալուծման: Վերջին կաթիլը եղավ Իսկանդերի մասին հայտարարությունը, որը հայ-ռուսական հարաբերութունների խաթարման փաստ էր: Եթե դա չտիրապետելու արդյունք ՝ մի բան է, եթե տիրապետում ես, հատուկ է դա ասվում՝ դա էլ այլ բան է: Վարչապետը պետք է տիրապետեր ինֆորմացիային մի քանի կետերից, բա ինչի՞ համար են հատուկ ծառայությունները»:

Մելքումյանն ասաց, որ պետական կառավարման համակարգը կանգնած է, չի աշխատում: Մեր դիտարկմանը, որ իրենք այդ հարցում ձեզ են մեղադրում, ասում են՝ երկրում անկայուն վիճակ եք ստեղծում, չեն թողնում երկրի գործերով զբաղվենք՝ Մելքումյանն արձագանքեց. «Այդ անկայունությունը իրենք են ստեղծել՝ իշխանությունները՝ պատերազմով պարտություն ապահովելով, ծառայելով դրսի շահերին, իրենց սահմանները չպաշտպանելով, տնտեսական կոլապս առաջացնելով»:

Ըստ Մելքումյանի, պետական կառավարման համակարգն այնքան անգործունակ է, որ երբ մեկն ուզում է աշխատի, կասկածի տեղիք է տալիս, հարցնում են՝ ինչո՞ւ ես այդքան շահագրգռված: Մենք հիշեցրինք, որ Փաշինյանը բացատրում է այսպես՝ կոռուպցիան այս երկրում ամենակայացած համակարգն է եղել ու որ դա հանել են, տակը էլ բան չի մնացել: Մելքումյանը պատասխանեց. «3 տարի անցավ, պայքարեցիք, դուրս եկավ կոռուպցիան, հիմա 3 տարվա ընթացքում ստեղծեիք»:

Թե ինչու փետրվարի 20-ի հանրահավաքի վերջում, որպես այսպես ասած «ծանր հրետանի» ելույթ ունեցավ ու հանրահավաքն ամփոփեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, այլ ոչ թե 17 ուժերի վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը, ընդ որում, Մանուկյանի ելույթի ժամանակ գոռում էին՝ «Ծառուկյան, վարչապետ», հնարավո՞ր է վարչապետի թեկնածուի փոփոխություն լինի՝ Մելքումյանը պատասխանեց, որ քանի դեռ 17 ուժերի անունից որեւէ բան չի հայտարարվել, ուրեմն դեռ ուժի մեջ է Վազգեն Մանուկյանի թեկնածության հարցը: Ինչ վերաբերում է վանկարկումներին, դա, ըստ նրա, մարդկանց ինքնաբուխ ցանկությունն է, որին չեն կարող բռնանալ. «Հերթականությունից ես տեղյակ չեմ, եկեք այդտեղ տարբեր բաներ չփնտրենք»:

Իշխանական պատգամավորներն ասում են, որ ընդդիմությունն ուզում է իմքայլական պատգամավորներին փողով առնել: Մենք հարցրեցինք՝ նման քայլեր ձեռնարկվո՞ւմ են, Մելքումյանը սկսեց ծիծաղել. «Այնպիսի հարցեր եք տալիս, Մելքումյանը ո՞նց կարող էր այդպիսի քայլեր ձեռնարկել: Ես նոյեմբերի 9-ից դիմել եմ իմքայլական պատգամավորներին ու ասել՝ վաղ թե ուշ դուք այդտեղից դուրս եք գալու, որովհետեւ ձեր պատասխանատվությունը այս ամեն ինչի արդյունքում պետք է լինի չափելի: Ինչո՞վ եք դուք պատասխանատվություն կրում: Ցավոք, դուրս են եկել 3-4 անձնավորություն, բայց այդ գործընթացը գնալու է վաղ թե ուշ: Հանրային ճնշումը կմեծանա եւ այդ դեպքերը կլինեն, որովհետեւ արդեն իրենք էլ են հասկացել, որ սա պահանջում է հանգուցալուծում»:

Դիտարկմանը, որ իրենք «ժպիտը դեմքին քայլում են» քաղաքում՝ Մելքումյանն արձագանքեց. «Ժպիտը ի՞նչ, հիմա կարող է այդ ժպիտը դիվանագիտական է: Ժպիտը որեւէ կապ չունի, մարդկանց սրտում եւ հոգում ծանր արժանապատվության ոտնահարման եւ կորստի զգացում կա»:

Հարցին՝ հիմա ի՞՞նչ ելք եք տեսնում, այնքան կհավաքեք մարդկանց, կհիասթափվեն ու մի օր էլ չեն գա՝ Մելքումյանը պատասխանեց. «Չէ, հիասթափվել չկա: Երկիր կորցնելով՝ մենք մեզ ենք կորցնում: Պետք է ամեն մեկը գիտակցի դա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728