Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք ամենապրոռուսական ուժերից մեկն ենք». Արա Պապյանը՝ «Ազգային-ժողովրդավարական բևեռի» մասին

Փետրվար 26,2021 17:02

«Ազգային-ժողովրդավարական բևեռի» անդամ Արա Պապյանը Մատենադարանի մոտ հրավիրված հանրահավաքի ընթացքում վստահեցրեց՝ պատերազմը ցույց տվեց, որ դա մեր դիվանագիտության պարտությունն էր: Այս առիթով նա մանրամասնեց. «Մենք չունեցանք դաշնակիցներ, դա բացառիկ բան է աշխարհի պատմության մեջ, երբ պետությունը 44 օր կռիվ է անում և չունի դաշնակից և դավաճանվում է մինչև իսկ իր ռազմավարական դաշնակցի կողմից»:

Խոսելով իրենց հասցեին հնչող մեղադրանքների մասին, թե իրենք հակառուսական ուժ են, նա հայտարարեց. «Մենք Ռուսաստանի դեմ չենք ընդհանրապես, մենք ամենապրոռուսական ուժերից մեկն ենք, ուզում ենք Ռուսաստանի հետ ճիշտ հարաբերություններ՝ հենց Ռուսաստանի շահերից ելնելով: Մենք գտնում ենք, որ երկիրը չի կարող իր անվտանգության պահպանումը միակ կողմնորոշմամբ անել»:

Նա հիշեցրեց՝ կոմպլիմենտար քաղաքականությունը, որի շնորհիվ այն բանի համար, որ Արևմուտքի հետ ունեինք շատ սերտ հարաբերություններ, Ռուսաստանի վերաբերմունքը շատ ավելի հարգալից էր:

Արա Պապյանը նշեց՝ Ազգային ժողովրդավարական բևեռը մարդկանց այն խումբն է, որ գալիս է վերականգնելու այդ հավասարակշռությունը, հարևանների, հեռավոր հարևանների հետ ստեղծելու ճիշտ, արժանապատիվ հարաբերություններ:

Ռուսաստանի հավակնությունների մասին էլ ասաց. «Ռուսաստանը Հարավային Կովկաս է եկել իր շահերի համար և իր շահերի համար էլ գնալու է: Դա ոչ մեր ասելով է լինելու, ոչ ձեր. պատմական գործընթաց է»:

Արա Պապյանը հասարակությանը հորդորեց չմնալ դիտորդի կարգավիճակում, այլ մասնակցել, քանի որ բախտորոշ ժամանակաշրջանում ենք: Նա հայտարարեց՝ նոյեմբերի 9-ի փաստաթղթի պատճառով առ այսօր դեռ մեր գերիները տառապում են այնտեղ ու նշեց. «Ալիևը հայտարարում է՝ այլևս գերի չունեմ, քանի որ փաստաթուղթն անգրագետ էր կազմված, իսկ մեր կողմից բանակցողը չուներ այնքան գիտելիք, որ գոնե այդ կետի վերաբերյալ էլ վերջնաժամկետ նշեր»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Ազգային-ժողովրդավարական բևեռի» նախաձեռնող խմբի ֆեյսբուքյան էջի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728