Լրահոս
Օրվա լրահոսը

«Դեռ վստահ չեմ, որ խունտան իր բոլոր դրսեւորումներով տեսել-վերջացրել ենք». Նինա Կարապետյանց

Փետրվար 26,2021 16:54

Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը «Հոդված 3» ակումբի կազմակերպած «Ներքաղաքական ճգնաժամ. սահմանադրականության եւ ինստիտուցիոնալ ընդվզման խնդիրները» թեմայով քննարկման ժամանակ նշեց, որ բանակային եւ քաղաքական էլիտաների միջեւ կոնֆլիկտը էլ ավելի ռադիկալ բնույթ է ստացել հատկապես պատերազմից հետո, թեեւ նախկինում ի ցույց չի դրվել: Նրա խոսքով, պարզապես նախկինում որոշ մարդիկ ազատվել են աշխատանքից, ոմանք ընդդիմության շարքերում բացահայտ կամ ոչ բացահայտ հակաիշխանական ելույթներով են հանդես եկել, ոմանց էլ ինչ-որ կոչումներ են շնորհվել: Քաղաքագետի ձեւակերպմամբ, երկու հայտնի հարցազրույցներից հետո՝ Սերժ Սարգսյանի եւ Նիկոլ Փաշինյանի, այդ ամենն ավելի է ընդգծվել, իսկ ներկա հանրահավաքները փաստում են, որ սարսափելի քաղաքական իրավիճակում ենք հայտնվել:

Ալեքսանդր Իսկանդարյանի խոսքով, հստակ է, որ կա հասարակության մի հատված, որն աջակցում է Փաշինյանին եւ նրա կառավարությանը, հասարակության մի հատվածը մերժում է քաղաքական էլիտային եւ ցանկացած պարագայում քննադատում, իսկ այս երկուսի միջեւ գոյություն ունեն նաեւ լայն ժողովրդական մասսաներ, որոնք այս ամենին վերաբերվում են որպես էլիտաների պայքարի, դժգոհում են, որ բոլոր կողմերը զուտ աթոռակռիվ են անում: Նա հիշեցնում է, որ նման իրավիճակ էր նաեւ 2015-16 թթ, երբ թույլ ընդդիմություն ու թույլ իշխանություն ունեինք. «Ինչ-որ իմաստով, ստացվում է՝ բարի գալուստ անցյալ»: Քաղաքագետը նաեւ վոդեվիլային է որակում իրավիճակը:

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցի խոսքով, իրավիճակն իրոք ծանր է, բարդ եւ խճճված. «Երկկողմանի ՝ իշխանության եւ իրենց ընդդիմություն հռչակածների կողմից աննկարագրելի, տիեզերական մասշտաբի մանիպուլյացիայի արդյունքում անհասկանալի է, թե ուր ենք գնում: Ես ամենավատ կանխատեսումներն ունեմ՝ մինչեւ կարող ենք սուվերենության կորստի հասնել, եթե ամեն ինչ շարունակվի այս տեմպերով եւ երկու կողմից էլ անպատասխանատու գործողությունների շարունակությունը լինի»:

Նինա Կարապետյանցն ընդգծում է. «Այն, որ ինստիտուցիոնալ առումով հակադրություն կա, սա նորություն չէր, միայն բանակն էր սրա մեջ խառնվել, որովհետեւ ինստիտուցիոնալ առումով դատական համակարգն արդեն իսկ դիմադրում էր, բայց շատերի համար տեսանելի էր միայն դատական համակարգի դիմադրելը եւ ոչ թե, օրինակ ԱԱԾ-ի, դատախազության, քննչական մարմինների դիմադրությունը»: Նա հիշեցնում է, որ ժամանակին առաջարկում էին իրականացնել իրական բարեփոխումներ համակարգերում, զգուշացնելով, որ այլեւս անխուսափելի էր լինելու այն, ինչ հիմա փորձ է արվում իրականացվել՝ ներգրավելով նաեւ բանակը:

«Դեռ վստահ չեմ, որ մենք խունտան իր բոլոր դրսեւորումներով տեսել-վերջացրել ենք: Դեռ վտանգ կա… Նման հայտարարություն անելուց հետո կարող է լինել երկու լուծում. կամ ԳՇ-ի պաշտոնյաները պաշտոնաթող են արվում եւ իրենց վերաբերյալ որոշակի քրեական գործեր են հարուցվում, քանի որ իրենց լիազորությունները սահմանազանցել են, կամ երկրորդ տարբերակ՝ իրենք իրենց ասածին տեր են կանգնում, իսկ դա նշանակում է, որ կարող են հայտնվել փողոցում տանկեր եւ մնացած ամեն ինչեր:

Ամեն դեպքում, ամբողջ պատասխանատվության բեռն այս պահին իշխանության վրա է: Իշխանությունը պետք է առաջարկներ անի, որոնք ընդունելի կլինեն բոլորի համար: Լավագույն տարբերակը արտահերթ ընտրություններն էին, բայց այն պահից, երբ Նիկոլ Փաշինյանը միանձնյա որոշեց, որ պահանջ չկա, սա բերեց արտառոց զարգացումների»,-ասաց նա:

Սահմանադրական իրավունքի մասնագետ Արտաշես Խալաթյանը նշեց, որ երկրում առկա է ներքաղաքական ինստիտուցիոնալ ճգնաժամ: Նրա խոսքով, միաժամանակ ակնհայտ է, որ բանակը որեւէ պարագայում իրավունք չունի մասնակցել քաղաքական գործընթացներին: «Սահմանադրության 14-րդ հոդվածի 2-րդ մասը հստակ սահմանում է, որ բանակը խաղաղ ժամանակ պահպանում է քաղաքական չեզոքություն եւ գտնվում է քաղաքացիական վերահսկողության ներքո: Դա նշանակում է, որ բանակն ունի մեկ գործառույթ՝ պաշտպանել երկրի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը»:

Սահմանադրական իրավունքի մասնագետի գնահատմամբ, ցանկացած այլ գործողություն իշխանության վերազանցում է. «Այսօր մենք տեսնում ենք, որ բանակը, ԶՈՒ ԳՇ պետը եւ մի շարք գեներալներ տարածել են հայտարարություն, որով պահանջում են իշխող վարչակազմի հրաժարականը, ինչը նշանակում է, որ բանակը, բանակի հրամկազմի մի զգալի հատված խախտել է Սահմանադրության 14-րդ հոդվածը եւ առնվազն պետք է որպես կարգապահական, իրավական հետեւանք պաշտոնանկ արվի ու դրա մասին անգամ քննարկում չպետք է ծավալվի»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728