Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք որպես քաղաքական ուժ եկել ենք ասելու, որ կա երրորդ՝ կայունության տանող բևեռ». Գարեգին Չուգասզյան

Փետրվար 26,2021 16:34

«Ժողովուրդը չի հավատում ներկաներին, չի հավատում հներին, ուրեմն մենք գտնում ենք՝ այդ երրորդ բևեռը պիտի առաջանա այստեղ՝ ճշմարտության շուրջ, ճշմարտության, որը չի ասվում մեր ժողովրդին»,- «Ազգային-ժողովրդավարական բևեռի» նախաձեռնող խմբի հանրահավաքի ընթացքում՝ Մատենադարանի մոտ հայտարարեց «Ազգային ժողովրդավարական բևեռի» նախաձեռնող խմբի անդամ Գարեգին Չուգասզյանը:

Նրա համոզմամբ՝ այսօր ոչ թե պոպուլիստական, վիճակագրական հաշվարկների ժամանակն է, այլ ճշմարտության դիրքերից պիտի մոտենանք այն փակուղուն, որում հայտնվել ենք. «Այն նկարները, որ երբեմն գցում են համացանց՝ վերևից դրոններով նկարված, թե այս հավաքին այսքան մարդ է, մյուսին՝ այնքան, հարց է առաջանում՝ իսկ մնացած ժողովրդին դրոնով հնարավո՞ր է նկարել, որոնք այս կամ այն հանրահավաքի չեն մասնակցում: Մենք այսօր դիմում ենք այն ժողովրդին, որոնք չեն մասնակցում այս երկու հանրահավաքներին: Բոլորս հասկանում ենք, չէ՞, որ դա ահռելի մեծություն է, մեր ժողովրդի մեծամասնությունը չի գնում ոչ նրա, ոչ մյուսի հետևից: Այսօր դիմում ենք մեր հայրենակիցներին և հարց տալիս՝ մեր այսօրվա քաղաքական դաշտի այս վիճակը, որ հանգեցրել է նման փակուղու և այն լարումը, որն առաջացել է մեր հայրենիքում, արդյոք վտանգ չի՞ ներկայացնում ոչ միայն ներքաղաքական իմաստով, այլև արտաքին ուժերի միջամտության իմաստով, արդյոք դրսից չի՞ հրահրվում, որ արդեն աղետ ունենալուց հետո Արցախում մի նոր աղետ ունենանք Երևանում»:

Գարեգին Չուգասզյանը վստահեցրեց՝ իրենք գալիս են որպես ուժ ցույց տալու, որ քաղաքական այլընտրանք գոյություն ունի ու շարունակեց. «Կա այդ այլընտրանքը օլիգարխական այն կեղծ այլընտրանքին, որ մեզ ցույց տվեցին հները, բայց չէ՞ որ առաջանում է մի նոր օլիգարխիա, միաբևեռ մի իշխանություն, որ ուզում է ընդամենը կոստյում հագնել, ոչ թե փոխել այն: Այս երկուսուկես տարիների ընթացքում ոչ մի քայլ չարվեց, որ համերաշխություն, ամուր հիմքեր, կայունություն ապահովվի երկրում»:

Գարեգին Չուգասզյանը վստահեցրեց՝ մենք որպես քաղաքական ուժ եկել ենք ասելու, որ կա երրորդ բևեռ, երրորդ՝ կայունության տանող բևեռ, որի նպատակը մեր ժողովրդին համոզելն է: Մենք համոզվելու խնդիր ունենք, որ առանց ժողովրդի մասնակցության չենք կարող, եթե չմասնակցեք ձեր քաղաքական ապագայի ձևավորմանը, ուրիշները ձեզ այն կթելադրեն: Այսօր հասարակական պահանջ է առաջացել երկրում, երբ երկու բևեռ գոյություն ունի, և ժողովրդավարության լավագույն հնարավորություն կա»:

Ըստ նրա՝ ժողովուրդն ինքն իր սրտին պիտի հավատա, գա, միավորվի իրենց և պահանջի, որ երկրում ստեղծվի անցումային ժողովրդավարական համերաշխ կառավարում: Նա զգուշացրեց՝ չի կարելի քանդել բանակը, բանակն է մեր անվտանգության երաշխիքը, այսօր բոլոր բազաները, որոնք կան, հայտնի չէ՝ վաղը կլինե՞ն, ուստի մնալու ենք մենք ու մեր բանակը: Ամփոփելով ելույթը Գարեգին Չուգասզյանն ասաց. «Մենք ի վերջո պիտի դառնանք ազգ- բանակ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Ազգային ժողովրդավարական բևեռի» ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728