Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարական առանձնատները պաշտպանում էին ոստիկանները

Փետրվար 26,2021 16:19

Կառավարական առանձնատների մոտ «Հայրենիքի փրկության շարժման» կազմակերպած երթի մասնակիցներին դիմավորեցին մեծ թվով ոստիկաններ: Նրանք առանձնատունը պաշտպանում էին մի քանի շարքով:

Այդտեղ ցուցարարները կարճ կանգառ արեցին եւ Նիկոլ Փաշինյանին հեռանալու կոչեր հնչեցրեցին`հիշեցնելով, որ հայաստանյան բոլոր ինստիտուտները իրեն մերժում են եւ ի սատարումն Նիկոլ Փաշինյանի հանդես է եկել միայն Թուրքիան եւ այդ երկրի նախագահը:

Երթի ընթացքում շարժման ղեկավարները նաեւ կոչերով դիմում էին ոստիկաններին`վրաններով գալ Բաղրամյան պողոտա եւ միանալ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարներին, բանակին:

ՀՀ ԱԳ նախարարության շենքի մոտ, շարժման ներկայացուցիչ, ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը խոսեց այն մասին, թե ինչպիսի բացասական ազդեցություն է ունեցել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե ԳՇ հայտարարությամբ, իբր Հայաստանում ռազմական հեղաշրջման փորձ է իրականացվում, ինչը չի համապատասխանում իրականությանը: Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ իր սուտ հայտարարություններով Նիկոլ Փաշինյանը վնասում է Հայաստանի միջազգային վարկին: Դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներից նա պահանջեց աշխարհին ներկայացնել իրականությունը. այն է`արժանապատիվ ժողովուրդը Հայաստանում իշխանությունն իր ձեռքն է վերցնում եւ հեռացնում է դավաճաններին:

Ցուցարարների ուղերձն էլ ՀՀ դատախազությանը փոխանցեց ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը: Նա նկատեց, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը պարտավոր էր արձագանքել պատերազմի ընթացքում տեղի ունեցածին, մինչդեռ այդ կառույցն իր ղեկավարով շարունակում է լռել: Ըստ Արփինե Հովհաննիսյանի, այդ է պատճառը, որ բանակը եւ ԳՇ-ն են ստիպված արձագանքում կատարվող եւ կատարված հանցագործություններին: «Դուք պարտավոր եք գոնե մեկ անգամ դրսեւորել իրավահպատակ վարքագիծ, ինչը հաճախ մեզ եք կոչ անում: Ձեր իրավահպատակ վարքագծով դուք պարտավոր եք ձերբակալել բոլոր նրանց, ովքեր դավաճանել են հայ ժողովրդին, ժողովրդի զավակներին, կամ հրաժարական տալ պատվով`ասելով, որ դուք չեք կարողանում պատվեր չկատարել: Իսկ փաստն այն է, որ մինչ այս պահը դուք չեք կարողանում պատվեր չկատարել»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը`հավաստիացնելով, որ Արթուր Դավթյանը շատ լավ գիտի, որ իր ասածները հստակ քրեաիրավական գնահատական են, ոչ թե լոկ խոսքեր, ինչպես նաեւ շատ լավ հասկանում է, թե ի՞նչ է թաքնված ԳՇ հայտարարության տողատակում:

Ցուցարարները պահանջեցին, որ Գլխավոր դատախազը քրեական գործ հարուցի Նիկոլ Փաշինյանի գործողություններով պայմանավորված: Ըստ «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանի, եթե Արթուր Դավթյանը գործեր Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում, ապա Նիկոլ Փաշինյանն այսօր քաղաքացիական պատերազմ չէր հրահրի: Նա նաեւ ընթերցեց ՀՔԾ քննիչներից մեկի անունով Արթուր Դավթյանի կողմից նախապատրաստված` Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու ցուցումը: Ասաց`դա իրենք արել են Արթուր Դավթյանի փոխարեն, փաստաթուղթն էլ կփոխանցեն դատախազություն: Արթուր Ղազինյանն Արթուր Դավթյանին կոչ արեց`ընթացք տալ այդ դիմումին, որպեսզի հետագայում իր սերունդներին կարողանա ասել, թե ինչ-որ բան է արել պետական դավաճանությանը իրավական գնահատական տալու համար: Արթուր Ղազինյանն այսօրվա իրավիճակը համարում է դատախազության անգործության արդյունք, որը Նիկոլ Փաշինյանի դեմ պետական դավաճանության հիմքով քրեական գործ հարուցելու երեք դիմումներին պատշաճ ընթացք չի տվել:

Երթի մասնակիցները շրջանցեցին կառավարության շենքը: Իշխան Սաղաթելյանն ասաց. «Այդտեղ կգանք մեկ անգամ եւ վերջնականապես»: Երթի ընթացքում, տարբեր շենքերի պատշգամբներից եւ պատուհաններից քաղաքացիներն իրենց աջակցությունն էին հայտնում ցուցարարներին:

Երթն ավարտվեց Բաղրամյան պողոտայում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728