Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյան. «Ադրբեջանական ողջ համայնքը հավաքվել էր Նիկոլ Փաշինյանի էջի տակ եւ իր սատարումն էր հայտնում Հայաստանի՝ իրենց սրտի վարչապետին»

Փետրվար 26,2021 16:02

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանի կարծիքով, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբը, մասնավորապես ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը պիտի շատ ավելի վաղ անեին իրենց երեկվա հայտարարությունը: «Օնիկ Գասպարյանը շատ ավելի վաղ պիտի հրապարակայնացներ այն, ինչ մենք հետո իմացանք պատերազմից հետո, որ պատերազմի 4-րդ օրն արդեն ինքը Նիկոլ Փաշինյանին տեղեկացրել է, թե մեր ռեսուրսները բավարար չեն եւ պատերազմը օր առաջ, րոպե առաջ պիտի դադարեցվի, այլապես մենք շատ ավելի խայտառակ պարտություն կունենանք եւ բանակցային գործընթացում մեր դիրքերը շատ ավելի ողբերգական կլինեն: Հենց այն ժամանակ Օնիկ Գասպարյանը պիտի հրապարակեր այդ ամենը, որ այդ ժամանակ մենք բռնեինք Նիկոլ Փաշինյանի ձեռքը եւ թույլ չտայինք, որ այս ազգակործան պատերազմը հասցնի այն ավարտին, ինչը Էրդողանի եւ Ադրբեջանի երազանքն էր: Եվ պատահական չէր, որ երեկ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե սա զինվորական հեղաշրջում է, նույնաբովանդակ, նույն բառերով նույն հայտարարությունն արեց Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն՝ ասելով, որ իրենք դատապարտում են Հայաստանում պետական հեղաշրջման փորձը: Նույն հայտարարությունն արեց Էրդողանը եւ այնուհետեւ նույն հայտարարությունն արեց Ադրբեջանի նախագահը: Ավելին, մենք տեսանք, որ Ադրբեջանի նախագահի մամուլի խոսնակը բաց տեքստով պաշտպանեց Նիկոլ Փաշինյանին: Եվ եթե հետեւեիք Նիկոլ Փաշինյանի լայվը, որ ինչ-որ հեղաշրջումներից էր խոսում, մեկնաբանություններում՝ ադրբեջանական ողջ համայնքը հավաքվել էր Նիկոլի էջի տակ եւ իր սատարումն էր հայտնում Հայաստանի՝ իրենց սրտի վարչապետին:

Ինչ արեց Գլխավոր շտաբը, ողջունելի է: Շատերն ասում են, թե դա հերոսություն էր: Չէ, իրենք արեցին արժանապատիվ հայ սպայի, արժանապատիվ գեներալի քայլ: Իրենք գոնե ինչ-որ մի պահի հասկացան, որ պիտի ծառայեն ոչ թե ադեկվատության հետ լրջագույն խնդիրներ ունեցող Նիկոլ Փաշինյանին, այլ պիտի ծառայեն, պիտի հավատարիմ լինեն իրենց ուսադիրներին եւ պիտի կատարեն զինվորականի իրենց առաքելությունը՝ թույլ չտալ, որ թուրք-ադրբեջանական կլանի շահերը սպասարկող անձնավորությունը փակի Հայաստանի պետականության էջը: Եվ ես կոչ եմ անում Հայաստանի ոստիկանությանը, ԱԱԾ-ին, Գլխավոր դատախազությանը՝ հրատապ օպերատիվ քայլեր ձեռնարկել: Որովհետեւ այն հայտարարությունը, որ երեկ Նիկոլ Փաշինյանը արեց հրապարակում, ըստ էության սադրում էր արյունահեղություն, երբ իր կողմնակիցներին ասում էր՝ այ, տեսեք, դավաճանները Ազատության հրապարակում են: Ըստ էության, նա ոչ ուղղակի, բայց կոդերով, մեսիջներով ասում էր՝ գնացեք Ազատության հրապարակ եւ հրահրեք բախումներ: Եվ երկրորդ հայտարարությունը, թե ես հրաժարական չեմ տալու եւ եթե ուզում են, թող գան Հանրապետության հրապարակում ինձ գնդակահարեն: Այդ մարդը ասում է, թե ես տանելու եմ արյան»,- «Հայելի» ակումբի ուղիղ եթերում ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728