Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանն այս պահին ձեռնտու է ինչպես Ռուսաստանին, այնպես էլ՝ Թուրքիային»․ քաղաքագետ

Փետրվար 26,2021 15:54

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը, վերլուծելով Թուրքիայի արտգործնախարար Մեևլյութ Չավուշօղլուի, ինչպես  նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընի կողմից ՀՀ Զինված ուժերի ԳՇ-ի՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը դատապարտող հայտարարություններին, ասաց․ «Առաջին անգամ է, որ թուրքական իշխանությունները բացահայտ խառնվում են մեր երկրի ներքին գործերին, այն դեպքում, երբ  իրենք Հայաստանի Հանրապետության հետ դիվանագիտական հարաբերություններ չունեն։ Եվ մեզ հետ խոսում են շանտաժի, նախապայմանների լեզվով։ Իսկ ինչո՞ւ Թուրքիան առաջիններից մեկը եղավ, որը արձագանքեց Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին, պատահական ոչինչ չկա, նախ մի կարևոր փաստ արձանագրենք․ Թուրքիան հանդես է գալիս նաև Ադրբեջանի անունից, գործում է թուրք-ադրբեջանական տանդեմը, սա նրանց համընդհանուր արձագանքն է։

Թուրքիան՝ որպես ռեգիոնալ խաղացող, որն արցախյան վերջին պատերազմում ուժեղացրել է  իր դիրքերը տարածաշրջանում, թելադրում է, թե իրեն ինչ է պետք։ Թուրքիան շատ մեծ ախորժակ ունի տարածաշրջանում, Հայաստանը դիտարկում է որպես  էքսպանսիայի թիվ մեկ շրջան, որտեղ որ թուրքական բիզնեսը կարող է շատ մեծ, շռնդալից հարձակում գործել՝ իր բոլոր ծանր հետևանքներով մեզ համար։ Պարզ է՝ Թուրքիային բացարձակ ձեռնտու չէ, որ Հայաստանում իշխանափոխություն լինի։

Թուրքիային՝ որպես  պատերազմում հաղթող կողմի լիովին ձեռնտու է Նիկոլ Փաշինյանի նման պարտություն կրած ղեկավարը։ Իրենք պարտադրում են՝ ինչ ուզեն, իսկ Նիկոլ Փաշինյանը պարտավոր է  թուրքական պատվերները կուլ տալ ու կատարել, որովհետև այլ ելք չունի։ Աշխարհի դրվածքն է՝ կապիտուլյանտ ղեկավարը չի կարող հավասարը հավասարի հետ բանակցել իրեն հաղթողների հետ»։

Գագիկ Համբարյան

Ըստ քաղաքագետի, Թուրքիային ու Ադրբեջանին ձեռնտու չէ, որ Հայաստանում տեղի ունենա իշխանափոխություն և իշխանության գա այն մեկը, որ կեղտոտված չի լինի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն փաստաթղթով։

Ինչ վերաբերում է Ռուսաստանի Դաշնության արձագանքին, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները Հայաստանի ներքին խնդիրն են, քաղաքագետն ասաց․ «Այո՛, Ռուսաստանի համար ձեռնտու չէ Թուրքիայի հզորացումը մեր տարածաշրջանում, բայց միևնույն ժամանակ չպիտի մոռանանք մի կարևոր հանգամանք․ Նիկոլ Փաշինյանն այս պահին շատ հարմար թեկնածու է նաև ռուսների համար․ նվաստացած ու նսեմացած ղեկավարը նվեր է նաև Ռուսաստանի համար։ Շնորհիվ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստանը մեր տարածաշրջանում ձևավորվեց երկրորդ խոշոր ռազմաբազան Արցախում։

Հետաքրքիր է չէ՞, հակառուսական քաղաքականություն վարող Նիկոլ Փաշինյանը իր տկարամիտ քայլերի արդյունքում հասավ նրան, որ ռուսները բացեցին երկրորդ ռազմաբազան Հարավային Կովկասում՝  Արցախում։ Եվ սա այն դեպքում, երբ  այն ժամանակ ո՛չ ռուսամետ Ռոբերտ Քոչարյանի, ո՛չ էլ ռուսամետ Սերժ Սարգսյանի օրոք նման բան չէր եղել։

Այնպես չէ, որ Ռուսաստանի համար Նիկոլ Փաշինյանը ձեռնտու չէ, այսօր թուրք-ադրբեջանական տանդեմը և Ռուսաստանը ինչ պարտադրում են Նիկոլին, ինքը խոնարհաբար կատարում է և անում է մեկ նպատակով՝ ամեն գնով պահպանել իր իշխանությունը Հայաստանում։

Եվ եթե գլոբալ առումով ինչ-որ խնդիրներ առաջանան, Թուրքիայի դիրքերի ամրապնդման և այլ, և այլն, իհարկե, Ռուսաստանը կգործադրի և՛ 102-րդ ռազմաբազան, որը գտնվում է Հայաստանի տարածքում, և՛ Արցախում այսպես կոչված խաղաղապահներին, որոնք իրականում ռազմաբազա են արդեն։

Ռուս-թուրքական հարաբերություններում կարմիր գիծը դեռ չի անցել, իսկ ինչ վերաբերում է Հայաստանի հասարակությանը, հայ հասարակությունը ինքը պիտի ընտրի, թե ինչ ուղիով է գնալու։ Եթե մինչ այդ էլիտան էր ընդվզում, հիմա արդեն բանակն է ելել Նիկոլի դեմ։

34 գեներալներ են Նիկոլի Փաշինյանի դեմ ստորագրել, ինձ հետաքրքիր է՝  վաղը մյուս օր, որ այդ գեներալները գործից դուրս գան, առանց այդ էլ բարոյալքված և նսեմացած հայկական բանակն ի՞նչ վիճակում է հայտնվելու։ Նիկոլ Փաշինյանը իր կողմից կոչումներ նվիրաբերած նոր ազգային հերոսներին ու գեներալներին է մեյդան հանելո՞ւ, որոնց այդ կոչումները տվել է կաշառքի տեսքով, որպեսզի բերանները փակեն, նստեն տեղերը։ Առաջին անգամ եմ տեսնում, որ  ազգային հերոսների և գեներալների կոչումներ է  շնորհում պարտված բանակի ներկայացուցիչներին»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728