Երևանի պետական բժշկական համալսարանն այսօր հյուրընկալեց աշխարհում մեծ ճանաչում ունեցող «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության համահիմնադիր, «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի անդամ, Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Բեռնարդ Քուշներին, «Solidarités International» կազմակերպության հիմնադիր Ալան Բուանեին և Ֆրանսիացի հետազոտողների միության (Société des Explorateurs Français) նախկին նախագահ, ֆրանսիացի գրող Պատրիս Ֆրանսեսկին:
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ողջունելով ներկաներին՝ նշեց, որ այս կազմակերպություններն ու նրանց հիմնադիրները տարիներ շարունակ կարևոր ներդրում են ունեցել Հայաստանում և այժմ էլ պահպանում են գործընկերային հարաբերությունները: «Այս օրերին էլ նրանք շարունակում են իրենց գործունեությունն Արցախում»,-ասաց ռեկտորը՝ շնորհակալություն հայտնելով «Ավրորա» մրցանակային կոմիտեին՝ բժշկական համալսարանում աշխարհահռչակ գիտնականների ներկայությունն ապահովելու, ինչպես նաև բուհի ձեռքբերումները միջազգային ասպարեզում ներկայացնելու համար:
«Սա «Ավրորայի» հետ կազմակերպված հերթական հանդիպումն է՝ մեր հարկի տակ եղել են նաև Արա Դարզին ու Թոմ Քաթինան»,- հիշեցրեց Արմեն Մուրադյանը՝ տեղեկացնելով, որ Բեռնարդ Քուշներին Երևանի պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտորի կոչմանն արժանացնելու նպատակով միջնորդություն է ներկայացրել բուհի «Նոմինացիոն կոմիտե»:
Գիտական խորհրդի որոշմամբ՝ Բեռնարդ Քուշներն արժանացավ ԵՊԲՀ պատվավոր դոկտորի կոչման:
Կարդացեք նաև
Հանդիսավոր արարողությունից հետո անցկացվեց «Գլոբալ և տարածաշրջանային ճգնաժամի կառավարում» թեմայով քննարկում, որի ընթացքում բանախոսներն անդրադարձան, թե ինչպես պետք է կառավարել և բարելավել ճգնաժամից տուժած համայնքներում հանրային առողջապահությանն առնչվող խնդիրները, այդ թվում՝ ինչպես ավելի լավ նախապատրաստվել ճգնաժամերին և ապահովել արագ վերականգնում:
ԵՊԲՀ