«Ես հիմա պաշտոնապես խոսք եմ տալիս, որ իմ՝ իշխանության գալու պարագայում գերիների վերադարձի հարցը լինելու է մի քանի օրվա հարց»,- Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում վստահեցրեց «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:
Նշենք, որ ընդդիմության ներկայացուցիչները եկել էին ՀՀ նախագահի նստավայր, որպեսզի հանդիպեն նրա հետ այն պահանջով, որ նա իր առարկությունները ներկայացնի Նիկոլ Փաշինյանի միջնորդությանը աշխատանքից ազատել Օնիկ Գասպարյանին:
Լրագրողների փաստմանը, եթե հայտարարում է, որ գերիների վերադարձի հարցը կարող է երեք օրում լուծել և հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ հիմա Արթուր Վանեցյանը չի աջակցում իշխանություններին գերիների վերադարձի հարցում, նա պատասխանեց՝ լիազորություն չունի: Ըստ նրա՝ գործող իշխանությունը պարտված է, չի կարողանում իր պահանջները ներկայացնել մեր հակառակորդին, այսինքն՝ Ադրբեջանին, չունի ուղղակի բարոյական իրավունք այդ պահանջները ներկայացնելու համար:
Փաստմանը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ իրենց երկրում ռազմագերիներ այլևս չունեն. անձինք, որոնք այնտեղ են, դիվերսանտներ են, Արթուր Վանեցյանն այսպես արձագանքեց. «Մասնագետները բազմիցս խոսել են, որ չի կարող նման բան լինել, միջազգային ատյաններն են նման հայտարարություններ արել: Բա մենք ինչո՞ւ ենք ասում՝ իշխանությունները պիտի փոխվեն, քանի որ չեն կարողանում պաշտպանել մեր երկրի շահերը: Մենք չենք ասում՝ եկել ենք իշխանության կռիվ անելու: Ես իշխանության կռիվ չեմ անում: Ես ասում եմ՝ ի վիճակի եմ իմ անցած ճանապարհով ու փորձով օգնել մեր երկրի խնդիրները լուծելուն: Ես իշխանության կռիվ չեմ անում, եթե իշխանության կռիվ անեի, ես իշխանությունից դուրս չէի գա՝ լինելով էս իշխանության դե ֆակտո երկրորդ մարդը»:
Կարդացեք նաև
Լրագրողները խնդրեցին փակագծեր բացել՝ ի՞նչ անձնական կապերի մասին է խոսքը՝ Ադրբեջանո՞ւմ անձնական կապեր, Արթուր Վանեցյանն ի պատասխան ասաց. «Ես Ադրբեջանում ո՞նց կարող եմ անձնական կապեր ունենալ: Իմ անձնական կապերը փորձել եմ օգտագործել պատերազմի ողջ ընթացքում, և իմ ընկերներն ասում էին՝ շատ ներողություն, պարոն Վանեցյան, Դուք որպես ի՞նչ եք հանդիպման գալու, Դուք ՀՀ պաշտոնական ներկայացուցիչ չեք, մինչդեռ Ձեր բարձրացրած հարցերը կրում են միջպետական բնույթ»:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ իր՝ այս հայտարարությունից հետո, եթե Նիկոլ Փաշինյանի կառավարությունից իրեն պաշտոնի առաջարկ լինի, կգնա՞, որպեսզի լուծի գերիների հարցը, Արթուր Վանեցյանը պատասխանեց. «Նիկոլ Փաշինյանի կառավարությունում որևէ կերպ չեմ կարող ներգրավված լինել: Այսօր արդեն այն վիճակը չէ, որ ես միայնակ որոշումներ կայացնեմ. ինձ հետ կան շատ մարդիկ, ես ամբողջությամբ ներգրավված եմ Հայրենիքի փրկության շարժման մեջ, մարդկանց այս հոծ բազմությունը մեզանից չի պահանջում, որ գանք ու մաս կազմենք այս կառավարության, այլ կա հստակ պահանջ փոխել վարչապետին, կառավարությանը և ձևավորել ազգային կառավարություն»:
Իր ունեցած կապերի մասին զրույցի ընթացքում Արթուր Վանեցյանն առաջարկեց խոսակցությունը տեղափոխել կենցաղային հարթություն ու նշեց, թե ինչպես են այդ կապերը ձևավորվում. «Երեխան երբ ծնվում, մեծանում է, իջնում է բակ, խաղում, կռվում կողքի բակի երեխաների հետ, հեծանիվ քշում, հարաբերություններ ձևավորում, մի օր մի բան է լինում, մեկ այլ օր՝ մի բան, գնում են դպրոց, ինստիտուտ, շփվում աղջիկների հետ, կողքի բակից են գալիս, կռվում, բարիշում. ձևավորվում են ընկերական և մարդկային հարաբերություններ: Ես ծնվել, ապրում եմ Երևանում՝ այստեղից մի քիչ վերև, եկեք գնանք Բանգլադեշ, Մալաթիա, Կենտրոն, ցանկացած թաղամաս մտնենք, տեսեք, որ ինձ ճանաչում են, ես կապեր ունեմ, որովհետև հեծանիվ եմ ունեցել, դպրոց եմ գնացել, խաղացել, կռվել, բարիշել: Էս մարդիկ հեծանիվ չեն ունեցել, ուստի չեն կարողանում մարդկային հարաբերություններ ձևավորել մարդկանց հետ: Բոլորի հետ կռվել են՝ Վրաստանի, Իրանի, Ռուսաստանի, Չինաստանի հետ, միայն չեն կռվել Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, քանի որ երեկվանից միայն Թուրքիան ու Ադրբեջանն են պաշտպանում նրանց»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ