Լրահոս
Օրվա լրահոսը

«Այո, ես ելնում եմ խելագարության կանխավարկածից». ԿԳՄՍ նախարար

Փետրվար 26,2021 15:22

«Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագծի երկրորդ ընթերցումն է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի եւ երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովում:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ասաց, որ կոնսենսուս չկա ռեկտորների նշանակման եւ հոգաբարձուների խորհուրդների ձեւավորման կարգի հարցում. «Առաջարկում ենք ընտրանքային տարբերակը: Խորհրդի կազմը 9 հոգանոց է: Խորհուրդը ձեւավորվում է հետեւյալ սկզբունքներով: Չեմ թաքնի իմ ներքին անձնական համոզմունքը, ինքս կողմնակից եմ 9/0 տարբերակին, դրա փիլիսոփայությունը հայտնի է, հոգաբարձուների խորհրդում պետք է լինեն հոգաբարձուներ: Հոգաբարձուների խորհրդի նախագահ լինելու կարգավիճակին տվյալ բուհի աշխատողը կամ ուսանողը չի համապատասխանում: Առավել եւս, երբ հոգաբարձուների խորհուրդն ընտրում է ռեկտոր, կառավարիչ, որը հետո հաշվետու է տվյալ խորհրդին, ռեկտորը իր ենթականերին, իր կողմից կառավարվող աշխատակցին հաշվետվություն ներկայացնի՞, այստեղ կա շահերի բախում: Բայց հաշվի առնելով ռեալ իրականությունը, փաստերի էական վիճակը եւ տարբեր հանգամանքներ, մենք առաջարկում ենք 5/4 տարբերակ, այսինքն, 4 տեղ տրամադրել բուհին, բուհի ակադեմիական խորհուրդն ինքը կորոշի այդ 4-ի համամասնությունը, թե ում կնշանակի ու կառաջարկի: Եռամսյա ժամկետ է տրված, որ ձեւավորված լինի: Եթե ինչ-ինչ պատճառով բուհի աշխատակազմը չի լրացնում տեղերը, լիազոր մարմինը չլրացված տեղերը լրացնում է»:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը հարցրեց՝ շահերի բախում չի՞ այն, որ լիազոր մարմնի կողմից այդքան մեծ թվով խորհրդի անդամներ են նշանակվում ու ո՞րն է հոգաբարձուի կարգավիճակը, որին չի համապատասխանում ուսանողը: Նախարարը պատասխանեց, որ խոսքը հոգաբարձուների խորհրդի նախագահի մասին է, բայց խորհրդի անդամներից 4-ն էլ կարող են լինել ուսանող:

Ինչ վերաբերում է այն դրույթի ավելացմանը, որ եթե բուհը չի լրացնում իր 4 տեղը, դա կանի լիազոր մարմինը, Դումանյանն ասաց, որ ընդդիմախոսները երբեմն ասում են՝ դուք ելնում եք խելագարության կանխավարկածից. «Այո, ես ելնում եմ խելագարության կանխավարկածից: Ինչպես է լինելու, երբ բուհի աշխատակից կամ ուսանող ասում է՝ պետությունը ուզում է միջամտել բուհի գործունեությանը: Այսպիսի մեկնաբանություններ ենք լսում, որը տրամաբանությունից դուրս է: Ասենք, ակցիա են անում, մեկը դուրս է գալիս խորհրդից, պիտի համալրվի՞, թե՞ չէ: Դա պետք է կանոնակարգվի, հենց կանոնակարգում ենք, խնդիրներ են առաջանում: Բուհն ունի իր քվոտան, թող ներկայացնի, եթե արհեստական խնդիր կստեղծվի, գործնական լուծում է պետք»:

Խոսելով գիտության ֆինանսավորման մասին՝ Սոֆյա Հովսեփյանը հարցրեց, թե չե՞ն ուզում օրենքում ամրագրել ֆինանսավորման չափը: Նախարարը պատասխանեց, որ միանշանակ, պետք է այն ավելացնել, բայց որեւէ բնագավառում օրենքի մակարդակով չեն ուզում որեւէ թիվ ամրագրել. «Պրակտիկայում կա, երբ ֆիքսվել է թիվ ու չի կատարվել օրենքը: Ես ուզում եմ փարատել ձեր կասկածները, այնպես չի, որ կառավարությունը արդեն տրամադրված է չկատարելու դա: Ճիշտ հակառակը: Վարչապետի մոտ երկու օր առաջ հանդիպում է եղել, ամենաբարձր մակարդակով քննարկվել է: Հստակ առաջադրանք է ձեւավորվել,ճանապարհային հստակ քարտեզ ու կառավարությունը լիովին պատրաստ է անել ամեն հնարավորը՝ գիտության ֆինանսավորումը շատացնելու ուղղությամբ: Ուղղակի դա չպետք է լինի ինքնանպատակ»:

Հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը հորդորեց նախարարին հայտարարել՝ գիտության բյուջեն ավելի մեծ է լինելու 2022-ին, քան 2021-ին է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728