«Այսօր գնդակը ՀՀ նախագահի դաշտում է, և նախագահը այսօր ունի լիազորություն, որ ինքը պետք է հանգուցալուծի այս իրավիճակը»,- Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:
Նա փաստեց՝ հիմա Նիկոլ Փաշինյանի կողմից Օնիկ Գասպարյանի և մի շարք այլ բարձրաստիճան գեներալների, սպաների ազատման դիմումներն ուղարկվել են ՀՀ նախագահին, նա պետք է տա դրան գնահատական: Հարցին՝ այս առումով ի՞նչ հույսեր ունեք, ՀՀ նախագահը կթելի՞ Նիկոլ Փաշինյանի թելը, Արթուր Վանեցյանը պատասխանեց. «Հույս ունեմ, որ ՀՀ նախագահը տեսնում է՝ ինչ է կատարվում մեր երկրում, և ինքն է հայտարարել, որ անհրաժեշտ է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը և նոր ընտրությունների անցկացումը: Կարծում եմ՝ ՀՀ նախագահը որևէ կերպ չի թելի իշխանությունների թելը և նա կիրականացնի իր՝ Սահմանադրության պաշտպանի լիազորությունները: ԳՇ պետը նշանակվում է հինգ տարի ժամկետով, և կարող են ևս մեկ անգամ երկարացվել նրա լիազորությունները: Դա նրա համար է, որ անկախ քաղաքական ուժերի վերադասավորումներից՝ բանակը մնա ապաքաղաքական: Եվ ԳՇ պետին ազատել ինչ-ինչ դրդապատճառներով, Սահմանադրությունը չի նախատեսում: Կան Սահմանադրության հստակ կետեր: Հիմա Նիկոլ Փաշինյանի միջնորդությունը՝ ազատել Օնիկ Գասպարյանին աշխատանքից, հակասահմանադրական է, ուստի նախագահն իր լիազորությունների շրջանակներում պետք է առարկություններով հետ վերադարձնի այդ միջնորդությունը վարչապետին, որից հետո, եթե վարչապետը ևս մեկ անգամ ներկայացնի Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատման միջնորդություն, ՀՀ նախագահը պետք է դիմի այդ հարցով ՍԴ: Հույս ունեմ, որ ՀՀ նախագահն անպայման այս ճանապարհով կգնա»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ