Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու դեպքում՝ Վազգեն Մանուկյանը բանակին ընդվզելու կոչ կանի

Փետրվար 26,2021 14:36

Նիկոլ Փաշինյանի առաջարկը ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու մասին, «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը համարում է անօրինական եւ հակասահմանադրական: Սահմանադրությունը`ԳՇ պետի պաշտոնավարման համար որոշակի ժամկետ է սահմանում, օրենքով դա ամրագրվել է հինգ տարի: Եթե հիմա նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրի Նիկոլ Փաշինյանի հրամանագիրը, Վազգեն Մանուկյանը կարծում է, որ բանակը չի համակերպվի այդ անօրինական հրամանի հետ եւ կընդվզի:

Քիչ առաջ Բաղրամյան պողոտայում մեկնարկած ընդդիմության հանրահավաքի ժամանակ խոսելով այդ մասին`Վազգեն Մանուկյանն ասաց. «Բանակը կընդվզի: Ես կոչ եմ անում, որ ընդվզի: Ոչ մի անօրինական հրաման բանակը չի կարող կատարել: Ոնց կարող է բանակը ենթարկվել, մի հատ ինչ-որ երեկ չէ առաջին օրվա թղթակիցը կանգնած այնտեղ`ոչ մի բանից չհասկացող`բանակի ղեկավարությանը հանի: Այսինքն, սա մի ուղղությունն է. մենք մինչեւ վերջ կանգնած ենք, պաշտպանելու ենք բանակին, բանակի ղեկավարությանը, բանակը մինչեւ վերջ պաշտպանելու է մեր ժողովրդին»:

Նիկոլ Փաշինյանի իշխանության երկրորդ հենարանը Վազգեն Մանուկյանը համարում է ոստիկանությունը: Բայց, իր կարծիքով. «Եթե բանակը ուժեղ կանգնած է, ոստիկանությունը չի կարող թպրտալ»: Վազգեն Մանուկյանը ճանաչում է ոստիկանության բազմաթիվ արժանավոր սպաների, որոնք դեմ են Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, բայց վախենում են այդ մասին խոսել, քանի որ աշխատանքից կազատվեն: «Ես պարտավորվում են, որ նոր իշխանությունները, բոլոր նրանց, որ քաղաքական կանքով ինքնակամ կամ զոռով հեռացվել են աշխատանքից, կվերականգնվեն նույն աշխատանքին»,- ասաց Վազգեն Մանուկյանը:

Նիկոլ Փաշինյանի երրորդ հենարանին`«Իմ քայլը» խմբակցությանն էլ, որն այսօր էլ խորհրդարան չներկայացավ`արտահերթ նիստում ստեղծված ճգնաժամը լուծելու համար, Վազգեն Մանուկյանն ասաց. «Ես կարծում եմ, որ այդ խմբակցության մեջ, այնուամենայնիվ, նորմալ մարդիկ կան»:

Նա հիշեցրեց, որ երեկ նամակով դիմել է այդ խմբակցության պատգամավորներին`ասելով, որ նրանց շահն ու պատիվն է պահանջում`դուրս գալ այդ խմբակցությունից: Արձագանքներ դեռ չի ստացել, բայց այդպիսի փորձ ունեն`դեռ 1988-ից, այն ժամանակ բոլորին տներից հատ-հատ հանել եւ բերել են նիստի: «Նույնը կանենք հիմա»,- ասաց նա`հավելելով, որ մարդիկ էլ պետք է հեռուստացույցներից կտրվեն եւ դուրս գան հրապարակ:

Վազգեն Մանուկյանի գնահատմամբ, ընդդիմության «պլան Ա»-ն արդյունավետ աշխատում է եւ այս գործունեությունը կշարունակվի այնքան, մինչեւ Նիկոլ Փաշինյանը հեռանա. «Կամ մենք իրեն կհեռացնենք, կամ Հայաստան գոյություն չի ունենա: Իսկ եթե գոյություն չի ունենալու Հայաստան, դա նշանակում է, որ մենք կդիմենք ցանկացած միջոցի: Բայց մեր նպատակն է, որպեսզի առանց ցնցումների Հայաստանը կարողանա ձերբազատվել այդ խելագարից: Իսկ որպեսզի ցնցումներ, արյունահեղություն չլինի, ժողովուրդը պետք է մասնակցի եւ այս ցույցերին, եւ երթերին: Հայաստանի ճակատագիրը ձեր ձեռքում է, ժողովուրդ: Համարձակվեք դառնալ երկրի տերը եւ այն կունենա ապագա»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728