Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Գլխավոր շտաբը, եթե փորձ անի ձերբակալել Նիկոլ Փաշինյանին, այ, դա կլինի ռազմական հեղաշրջում». Արթուր Վանեցյան

Փետրվար 26,2021 14:19

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի համոզմամբ՝ ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի հայտարարությունը քաղաքական հայտարարություն չէ: Բաղրամյան պողոտայում լրագրողների զրույցում նա մանրամասնեց. «Եթե ուշադիր ընթերցեք` այդ հայտարարությունում ասվում է՝ նրանք որևէ կերպ իրենց աջակցությունը չեն ցուցաբերում «Հայրենիքի փրկության շարժմանը», որևէ այլ քաղաքական ուժի, ուղղակի խոսել են այն մասին, որ Նիկոլ Փաշինյանն այլևս ի վիճակի չէ ապահովել մեր երկրի անվտանգությունը, և դա պատճառ է, որ նա պետք է հրաժարական տա»:

Ըստ նրա՝ բանակի հայտարարությունը սթափության կոչ է ժողովրդին. «Չկա աշխարհում մի դեպք, երբ պարտված առաջնորդը նման իրավիճակում շարունակում է պաշտոնավարել: Եթե Նիկոլ Փաշինյանը գիտակցեր, երբ նոյեմբերի 9-ին հայտարարությունը իր ֆեյսբուքյան էջում դրեց, պետք է վերջում լինեին այս տողերը՝ ներողություն եմ խնդրում այն ամենի համար, ինչ տեղի ունեցավ, գիտակցում եմ իմ մեղքի բաժինը, հրաժարական եմ ներկայացնում և բոլոր գործընթացները տաներ քաղաքական փուլ: Ամեն դեպքում, այս ամեն ինչի լուծումն ի վերջո լինելու է քաղաքական ճանապարհով»:

Լրագրողների հիշեցմանն ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն առաջարկում է, որ սկսեն խորհրդակցություններ, Արթուր Վանեցյանը ևս մեկ անգամ վստահեցրեց՝ պատրաստ են հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ միայն նրա հրաժարականը քննարկելու հարցի շուրջ:

Խոսելով ՀՀ ԳՇ-ի հայտարարության մասին՝ նա ևս մեկ անգամ հայտարարեց՝ քաղաքական հայտարարություն չէ. «Քաղաքական հայտարարություն կլիներ, եթե զինված ուժերն իրենց աջակցությունը հայտնեին, օրինակ` «Հայրենիքի փրկության շարժմանը», վարչապետի՝ մեր թեկնածուին: Ռազմական հեղաշրջման փորձ կլիներ, եթե օրինակ, այստեղ ոչ թե քաղաքացիական հագուստով ՀՀ քաղաքացիներ լինեին, հիմա դուք զրկված լինեիք աշխատանքից, ռազմական ղեկավարության իշխանությունն ամբողջությամբ վերցներ իր ձեռքը, զորքերը դուրս գային փողոց, կառավարությունում նստեր ոչ թե Նիկոլ Փաշինյանը, այլ Օնիկ Գասպարյանը»:

Հարցին՝ ԳՇ-ն ունի՞ Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու իրավասություն, Արթուր Վանեցյանը պատասխանեց. «Գլխավոր շտաբը, եթե փորձ անի ձերբակալել Նիկոլ Փաշինյանին, դա կլինի ռազմական հեղաշրջում, ռազմական հեղաշրջման փորձ, որը չի բխում մեր երկրի շահերից: Երկրում ռազմական հեղաշրջումն անթույլատրելի է: Եկեք ականջալուր լինենք Զինված ուժերի արած հայտարարությանը և հասկանանք, որ իրականում վտանգված է մեր երկրի ապագան: ՀՀ Սահմանադրությամբ Զինված ուժերի գլխավոր շտաբն առանձնացված է: Կա առանձին գլուխ, որտեղ նշված է ԳՇ պետը նշանակվում է հինգ տարի ժամկետով և ևս մեկ անգամ կարող է հինգ տարի ժամկետով երկարաձգվել նրա պաշտոնավարումը, որ նրանք լինեն ապաքաղաքական անկախ քաղաքական ուժերի վերադասավորումներից»:

Արթուր Վանեցյանը հայտարարեց՝ Զինված ուժերն արել է իր քայլը, և կարծում է՝ պիտի նրանց գործողությունները սահմանափակվեն այսքանով:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728