Հայաստանում Շրի Լանկայի արտակարգ և լիազոր դեսպան Միգահալանդ Դուրաջ Լամավանսայի (նստավայրը՝ Մոսկվա) գլխավորած պատվիրակությունը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում էր:
Ողջունելով հյուրերին՝ ռեկտոր Արմեն Մուրադյանն ընդգծեց, որ ԵՊԲՀ-ն 100-ամյա պատմություն ունեցող համալսարան է, որն ունի շուրջ 8000 սովորող. նրանցից 2000-ը օտարերկրացի են:
«Մենք կարևորում ենք գիտական գործունեությունը: ԵՄ ՀՈՐԻԶՈՆ-2020 ծրագրի շրջանակում մենք կառուցում ենք «Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոն», որի շինարարությունը կավարտվի այս տարվա սեպտեմբերին», – տեղեկացրեց Արմեն Մուրադյանը:
Դեսպանը շնորհակալություն հայտնեց ԵՊԲՀ-ի կողմից Շրի Լանկայի Բժշկական խորհրդի կանոնները պահպանելու համար և վստահեցրեց հետագա համագործակցության ընդլայնման մասին: Նշելով, որ ինքն էլ գործող վիրաբույժ է, Միգահալանդ Դուրաջ Լամավանսան գոհունակություն հայտնեց այն փաստի առթիվ, որ բժշկական համալսարանը կարևորում է Շրի Լանկայի Բժշկական խորհրդի որոշումները:
Կարդացեք նաև
Արմեն Մուրադյանը դեսպանին տեղեկացրեց, որ այս պահին համալսարանում սովորում է 52 ուսանող Շրի Լանկայից, որոնցից մեկն Ավստրալիայի քաղաքացի է: «Մենք արդեն 23 շրջանավարտ ունենք Շրի Լանկայից. նրանք հաջողությամբ աշխատում են իրենց հայրենիքում: Շուրջ 40 երկրում ունենք շրջանավարտներ, որոնց փորձում ենք համախմբել Շրջանավարտների միության միջոցով», – ավելացրեց ռեկտորը:
Բուհի ղեկավարի խոսքով՝ ուսանողներն ակտիվորեն ներգրավված են համալսարանի հասարակական կյանքում:
Միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանը, հիշեցնելով շրիլանկացի մանկաբուժության ոլորտի հեղինակավոր պրոֆեսոր Լամաբադուսուրիայից ստացած դրական փորձի մասին, ընդգծեց Շրի Լանկայի Բժշկական խորհրդի և Երևանի պետական բժշկական համալսարանի միջև ստորագրված հուշագրի պայմանավորվածությունների կատարման կարևորությունը:
Դեսպանի խնդրանքով, խոսելով Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի մասին՝ Արմեն Մուրադյանը նշեց, որ այն համահայկական կառույց է:
«Հենց այս կառույցն է ապահովել պատերազմի արհավիրքներից տուժած մեր զինվորների վերականգնումը: Կենտրոնը հագեցած է վերականգնման համար նախատեսված բոլոր հնարավոր տեխնոլոգիաներով: Այժմ մենք կառուցում ենք նաև Պրոթեզավորման կենտրոն», – հավելեց բուհի ղեկավարը:
Գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը շեշտեց, որ ուսանողները դեռ ցածր կուրսերից ներգրավվում են հետազոտական ծրագրերում և աշխատանքներում: «Այժմ մեր առաջնահերթություններից են ուղեղի հետազոտման ոլորտը և վերականգնողական բժշկությունը: Չնայած նրան, որ գիտական ոլորտում համագործակցությունը ծավալվել է հիմնականում եվրոպական և ամերիկյան գործընկերների հետ, մենք մեծ պատրաստակամությամբ կհամագործակցենք նաև Շրի Լանկայի համալսարանների հետ», – նշեց պրոռեկտորը:
Դեսպանն, իր հերթին, պատրաստակամություն հայտնեց նպաստելու Շրի Լանկայի 8-9 համալսարանների և հայկական բժշկական բուհի միջև համագործակցության հաստատմանը:
Հանդիպման ավարտին դեսպան Միգահալանդ Դուրաջ Լամավանսան հանդիպեց և զրուցեց նաև ԵՊԲՀ-ում կրթություն ստացող շրիլանկացի ուսանողների հետ, շրջայց կատարեց բուհի տարածքում:
ԵՊԲՀ