ԱԺ «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների նախաձեռնած՝ ՀՀ-ում ռազմական դրության վերացման հարցի օրակարգով ԱԺ խորհրդի նիստն այսօր չկայացավ, քանի որ իշխող «Իմ քայլը» խմբակցության՝ ԱԺ խորհրդի անդամ հանդիսացող պատգամավորները չէին ներկայացել։
«ԱԺ նախագահը չեկավ եւ չբացեց խորհրդի նիստը։ Սա գնահատում եմ որպես անհարգալից վերաբերմունք՝ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների նկատմամբ։ Բացի դա, ԱԺ նախագահը պարտավոր է խորհրդարանի բնականոն աշխատանքն ապահովել։ Նա, ըստ էության, գոյություն չունի քաղաքական եւ քաղաքական համերաշխությունը վերականգնելու իմաստով։ Նա անգամ չի գալիս ու ասի, որ քաղաքական որոշում ունեն՝ չներկայանալու։ Նման նախադեպ չեմ հիշում, երբ խորհրդի նիստը չբացեն։ Նախկինում փոխնախագահ Լենա Նազարյանը գալիս էր եւ նիստը բացում»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ