«Չկա անփոխարինելի որեւէ մարդ: Մենք այն ժամանակ էլ ենք այդ մասին ասել: Պարզապես կան իրավիճակներ, երբ միգուցե հենց այդ մարդն է ճիշտ, որ այդ իրավիճակում լինի այդ տեղում»,- Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության նախկին ղեկավար, ՀՀԿ ԳՄ անդամ Վահրամ Բաղդասարյանը`պատասխանելով հարցին`եթե Սերժ Սարգսյանը երրորդ անգամ չհավակներ վարչապետի պաշտոնին եւ ՀՀԿ-ն չառաջադրեր ու սատարեր նրա թեկնածությունը, ապա այժմ այս իրավիճակը չէինք ունենա:
Ըստ Վահրամ Բաղդասարյանի՝ նաեւ այս իրավիճակում Նիկոլ Փաշինյանը չպետք է լինի այդտեղ. «Նա չի կարող որեւէ բանակցություն վարել որեւէ երկրի որեւէ քաղաքական գործչի հետ կամ որեւէ ֆորմատով նա չի կարող որեւէ բանակցությունների ներկա լինել։ Նրա՝ մեկ ժամ ավելի մնալը լուրջ վտանգ է սպառնում մեր երկրի անվտանգությանը»:
Հարցին՝ իշխող ուժի այն պատգամավորներին, որոնք կմիանան ընդդիմադիրներին, անվտանգության երաշխիքներ կտրվե՞ն, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Գիտակցության եկող բոլոր մարդիկ բոլոր ձեւերով երաշխավորված են իրենց անվտանգության հետ կապված հարցերում։ Ընդհանրապես անսխալական մարդիկ չկան։ Բայց սխալը զգալով՝ հետ չկանգնելն արդեն հանցագործություն է»։
Վահրամ Բաղդասարյանը նաեւ վստահ է`ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հրաժարականին հարցը չի հասնի. «Ես գիտեմ, որ Օնիկ Գասպարյանը, ընդհանրապես ԳՇ-ն, սկզբունքային է։ Չեմ կարծում, որ նրանք հետքայլ կանեն իրենց որոշումից, դա արդեն լուրջ վտանգ կսպառնա: Եթե բանակն անում է հայտարարություն եւ փոխվում է այդ հայտարարությունը։ Չեմ կարծում»: Վահրամ Բաղդասարյանը նաեւ ասաց, որ անհրաժեշտություն չի տեսնում, որպեսզի ընդդիմադիր գործիչները հանդիպեն Օնիկ Գասպարյանի հետ. «ԳՇ-ն արդեն իր քայլը կատարել է, արդեն հանրությունը պետք է անի հետեւություններ։ Բայց եթե Օնիկ Գասպարյանի կողմից կլինի առաջարկություն, մենք պատրաստ ենք հանդիպել»:
Կարդացեք նաև
Վահրամ Բաղդասարյանը նաեւ չցանկացավ մեկնաբանել «Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի այն տեսակետը, որ բանակը նման քայլի չպետք է գնար: «Ո՞վ, այն, որ բանակին հորդորում էր, որ կարելի կրակե՞լ։ Նման հայտարարություն անելուց հետո ես չեմ ցանկանում մեկնաբանել իր՝ որեւէ հայտարարություն»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ