Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ես ապշած եմ մարդկային անբարոյականության մաստեր կլասից, որը երեկ ցույց տվեց Նիկոլ Փաշինյանը». Արծվիկ Մինասյան

Փետրվար 26,2021 11:44

Խեղաթյուրելով իրականությունը, Նիկոլ Փաշինյանը ԳՇ հայտարարությունը ներկայացրեց իբրեւ հեղաշրջման փորձ, ինչից շատ արագ օգտվեցին Թուրքիան եւ Ադրբեջանը, ինչը Հայաստանը պատվազրկելու փորձ է. այս մասին, Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչ, ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը:

Հիշեցնենք, երեկ երեկոյան, շարժման անդամները վրաններ տեղադրեցին Բաղրամյան պողոտայում`ԱԺ-ի մատույցներում:

Ընդդիմադիրները գիշերն անցկացրել են վրաններում:

«Պատվազրկված անձնավորությունն այլեւս ոչ մի արգելք չունի»,- ասում է Արծվիկ Մինասյանը`Նիկոլ Փաշինյանի մասին:

Երեկվա իր վարքագծով`հակընդդեմ հանրահավաք հրավիրելով, ըստ Արծվիկ Մինասյանի, Նիկոլ Փաշինյանը`«գլխավոր սադրիչը», փորձում էր քաղաքացիական բախումների տանել, ինչը ձախողվեց հանրության եւ ընդդիմադիր քաղաքական, հասարակական գործիչների խոհեմության եւ ողջախոհության արդյունքում:

Արծվիկ Մինասյանը Նիկոլ Փաշինյանի կողմից «անամոթության, անբարոյականության մաստեր կլաս» է որակում այն, որ իր կազմակերպած հանրահավաքում նա ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին էր դիմում`«Օնիկ ջան»-ով, այն պարագայում, երբ մինչ այդ վերջինիս ազատման առաջարկ էր ներկայացրել. «Զուգահեռաբար փորձում է մտնել մարդկային այնպիսի հարաբերությունների մեջ, իբր ոչինչ չի եղել, մինչդեռ ամբողջությամբ հաստատվել է փաստը, որ անհավասար պատերազմը սադրելը, պատերազմը կանխամտածված տանուլ տալը, հայրենիքի զգալի մասը թշնամուն հանձնելու ուղիղ մեղադրանքը հենց իրեն է հնչեցված, ինքն է պատասխանատուն եւ գլխավոր մեղավորը»:

«Ես ապշած եմ մարդկային անբարոյականության մաստեր կլասից, որը երեկ ցույց տվեց Նիկոլ Փաշինյանը»,- ասաց բանախոսը`հավելելով, թե չի պատկերացնում`ինչպե՞ս նա կարող էր գրկել զոհվածի ծնողին, երբ այդ երեխան հենց իր մեղքով էր զոհվել:

Երեկվա իրադարձություններից Արծվիկ Մինասյանի չորրորդ արձանագրումն այն է, որ մեր ժողովուրդը հայրենիքի փրկությունն իր համար հետեւողականորեն դարձրել է ապրելակերպ եւ սա է մեր հիմնական շարժիչ ուժը ու սա նշանակում է, որ բողոքները չեն դադարելու, մինչեւ «դավաճանը չհեռանա»:

Արծվիկ Մինասյանը հայտարարում է ԳՇ-ն քաղաքական ուժերի հետ պայմանավորվածություններ չի ունեցել, չունի եւ բանակի`քաղաքական գործընթացներին խառնվելու մասին Նիկոլ Փաշինյանի եւ «Իմ քայլի» ներկայացուցիչների բոլոր հայտարարություններն անհիմն են: Նա նաեւ տեղեկացրեց ընդդիմադիր գործիչների հանդիպումների մասին  իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ. «Հուսանք, որ այսօր մի բան կստացվի»:

Հնարավոր ձերբակալությունների սպառնալիքները, ըստ բանախոսի, ընդդիմադիրներին չեն կաշկանդելու, ավելին, իրենց շարքերն ամրանում են, քանի որ պայքարը ոչ թե աթոռակռվի համար է, այլ հայրենիքի փրկության:

Նիկոլ Փաշինյանն այսօր նաեւ գրառում է կատարել, թե իր պաշտոնավարման օրոք բանակում աշխատավարձեր են բարձրացել, բարեփոխումներ են եղել: Արծվիկ Մինասյանն ասում է`Նիկոլ Փաշինյանն ինչ սուտ ասես`կարող է խոսել, բայց փաստն այն է, որ իր կառավարման երեք տարիների ընթացքում բանակը հեղինակազրկվեց, կազմաքանդվեց, պետությունից հեռացվեցին մեր արտաքին հիմնական դաշնակիցները եւ նման սարսափելի պարտություն արձանագրեցինք: Իսկ այժմ, Արծվիկ Մինասյանի գնահատմամբ, Նիկոլ Փաշինյանը շարունակում է «իր ապազգային, ապիկար քաղաքականության» եւ իր իշխանության պահպանման համար: Նա վստահեցնում է`հարուցվող քրեական գործերը դեռ շատ բան կբացահայտեն եւ շատերը պատիժներ կկրեն, բայց այն, որ պաշտպանական շրջանի ղեկավարների 90 տոկոսին ազատել է եւ նոր ղեկավարներ նշանակել, դա խոսում է ռազմական գործից ակնհայտ անգրագիտության մասին, եթե դա հետեւողական ծրագիր չէ:

Անդրադառնալով ՌԴ ՊՆ-ի երեկ տարածած այն հայտարարությանը, որ 44-օրյա պատերազմում «Իսկանդեր» չի կիրառվել, Արծվիկ Մինասյանի գնահատականը նույնն է`կամ իշխանությունը ապիկար եւ անգրագետ է, կամ հատուկ ծրագիր է իրականացնում:

Ընդդիմության հետ քաղաքական խորհրդակցությունները Արծվիկ Մինասյանը բացառում է: «Պարզ քայլը հրաժարականն է: Ինչի՞ց է վախենում, եթե իր 80-ից ավելի պատգամավորները կան այստեղ: Նշանակում է, նա չի վստահում անգամ իր 80-ից ավելի պատգամավորներին»,- ասաց Արծվիկ Մինասյանը` հավելելով, որ նաեւ չի հասկանում, թե այդ մարդիկ ինչու՞ են շարունակում մնալ այս «ֆեյք» կառավարության կողքին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728