Լրահոս
Օրվա լրահոսը

«Հրապարակի ընդդիմությունը եւ իշխանությունը իրար որպես ոչնչացման ենթակա թշնամիներ են դիտարկում»

Փետրվար 26,2021 13:30

«Մենք 2018-ի զարգացումների հետ հսկայական հույսեր կապելով՝ այն հեղափոխություն անվանեցինք, բայց այդ զարգացումների արդյունքում իշխանության եկած մարդիկ ու ուժը, պարզվեց, միայն իշխանության զավթման ծրագիր են ունեցել։

Այսօր կարող ենք փաստել՝ հեղափոխություն չի եղել։ Իշխանությունների սեղանին հեղափոխական օրակարգ չի եղել»,- «Առավոտի» զրուցակիցն է իրավապաշտպան, հասարակական գործիչ Վարդան Հարությունյանը:

– «Բոլորը պետք է գիտակցեն, որ անվտանգության համակարգի հետ կատակներ չեն անում։ Մեր երկիրը այն վիճակում չէ, որ չկարողանա պաշտպանել իր քաղաքացուն եւ մեր պետականությունը։ Եվ եթե մտածում են շենքեր գրավելու մասին, պետք է մտածեն նաեւ, որ շենքերը գտնվում են պետական պահպանության տակ, իսկ դա նշանակում է, որ պետությունը շենքերը չի պահում, պետականությունն է պահում, եւ նա մոնոպոլ իրավունք ունի կրակելու», իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի այս հայտարարությունը` ընդդիմադիր գործիչների` «ժողովրդական ապստամբության» հնարավորությունների մասին, մեծ աղմուկի տեղիք տվեց, այն ընկալվեց իբրեւ պետության` «կրակելու լեգիտիմ իրավունքի» արդարացում: Պարոն Քոչարյանը հետո պարզաբանեց` ասելով. «Մենք արդեն երկու անգամ՝ 1999թ. հոկտեմբերի 27-ին եւ 2020թ. նոյեմբերի 10-ին, ականատես ենք եղել ռոմանտիկների կողմից «կայծակնային» արագությամբ պետական պահպանության տակ գտնվող շենքերի գրավմանը եւ դրա հետեւանքներին, ուստի ժողովրդի վստահությունը վայելող իշխանությունը չի պատրաստվում կրավորական դիրք ընդունել հակապետական ծրագրերի վերաբերյալ հայտարարություն անողների եւ դրանք իրականացնողների նկատմամբ, հատկապես՝ հետպատերազմյան այս բարդ ժամանակահատվածում»։

Ի՞նչ տպավորություն ունեք ընդդիմություն-իշխանություն այս դեռ հեռակա վեճից, ինչի՞ կհանգեցնի այս առճակատումը:

– Այսօր հրապարակում եղած ընդդիմությունը եւ գործող իշխանությունը նույն դաշտից են։ Նույն կերպ են տեսնում աշխարհը եւ քաղաքական պայքարի մասին ունեն նույն պատկերացումները։ Նույն բառապաշարն են օգտագործում։ Իրար որպես ոչնչացման ենթակա թշնամիներ են դիտարկում։ Այս համատեքստում զարմանալի չէ, որ սկսում են խոսել արդեն ապստամբությունների, շենք-շինություններ գրավելու ու գրավողների վրա կրակելու մասին։ Քաղաքական գործիչների համար մեկ խնդիրը, եթե նրանք իրոք քաղաքական գործիչներ են, եթե իրենք իրենց այդպիսին իրոք համարում են, պետք է լինի քաղաքական պայքարը քաղաքական հարթությունում պահելը։ Ցավոք, տարիներ շարունակ հակառակ դրսեւորումների ականատեսն ենք եղել։ Հայաստանյան իշխանությունները միշտ էլ ընդդիմությանը որպես թշնամիներ են դիտարկել, իսկ այսօր նաեւ ընդդիմություն կոչվածն է այդ դաշտում։ Հին ավանդույթները շարունակվում են՝ մեկ տարբերությամբ, երեկվա անհանդուրժող իշխանավորներն են այսօր «ընդդիմություն» ցուցանակի տակ հանդես գալիս, իսկ իշխանությունում ճիշտ իրենց պես մտածողներն են։ Հուսանք՝ գործը ապստամբություններին ու կրակոցներին չի հասնի, բայց այս կարգի ու այս որակի պայքարը, ատելության այս չափաբաժինը, որ կա՝ անթույլատրելի է։

– Այս օրերին զուգահեռներ են անցկացվում 2018-ի` արագաչափերը փակելու, Ռադիոտունը գրավելու, փողոցներ փակելու գործողությունների, դրանց մասով իրավական գործընթացի բացակայության եւ այժմ` ոստիկանների «առատության», ցուցարարների նկատմամբ բիրտ ուժի կիրառման հետ: Հեղափոխությամբ իշխանության եկած եւ Հայաստանը «ժողովրդավարության բաստիոն» համարող իշխանության գործողությունները համարժե՞ք են ստեղծված իրավիճակին:

– Ոստիկանների առատությունն, իհարկե, աչք է ծակում։ Հեղափոխությամբ իշխանության եկած ուժի գործողություններն առաջին հերթին համարժեք չեն 2018-ի ոգուն, պատկերացումներին ու ծրագրերին։ Այս իշխանությունը՝ իր իշխանության գալուց անմիջապես հետո ապրել ու գործել է ի հեճուկս 2018-ի հեղափոխության։ Նրանց գործողությունները դուրս են եղել այդ հեղափոխության տրամաբանությունից։ Մենք 2018-ի զարգացումների հետ հսկայական հույսեր կապելով՝ այն հեղափոխություն անվանեցինք, բայց այդ զարգացումների արդյունքում իշխանության եկած մարդիկ ու ուժը, պարզվեց, միայն իշխանության զավթման ծրագիր են ունեցել։ Այսօր կարող ենք փաստել՝ հեղափոխություն չի եղել։ Իշխանությունների սեղանին հեղափոխական օրակարգ չի եղել։ Սակայն, անկախ գրանցված արդյունքից, 2018-ի զարգացումներին անդրադառնալիս չպետք է մոռանանք, որ այն համաժողովրդական շարժում էր, որը տեղի չէր ունենա, եթե ժողովուրդը ընտրություններով իշխանություն փոխելու հնարավորություն ունենար։ Տարիներ շարունակ նման հնարավորության բացակայությունը հանգեցրեց 2018-ի ապրիլ-մայիսին։ Իսկ նման համաժողովրդական շարժումներն ունենում են իրենց տրամաբանությունը, այդ ընթացքում կարող են տեղի ունենալ անարձագանք մնացած գործողություններ, որոնք մեկ այլ իրավիճակում լուրջ հակազդեցության կարժանանան։ Ասենք, օրինակ, 1989-90 թվականներին երկրի սահմանները պաշտպանելու նպատակով կազմակերպված ջոկատները առգրավում էին ոստիկանական բաժիններում կամ զորամասերում պահվող զենքը եւ անպատիժ էին մնում։ Այլ իրավիճակում սա ծանրագույն հանցագործություն է։ Նման շատ օրինակներ կարելի է վկայակոչել եւ մեր, եւ այլ ժողովուրդների պատմությունից։ Չսխալվելու կամ կանխակալ չերեւալու համար դեպքերը պետք է դիտարկել զարգացումների համատեքստում։

– Ձեր կարծիքով նորմա՞լ է, որ պատերազմի խայտառակ պարտության, արդյունքում նաեւ Հայաստանից տարածքներ զիջելու, հինգ հազարի հասնող զոհերի, տասը հազարի հասնող վիրավորների, հազարավոր վտարանդի դարձած մարդկանց համար պատասխանատու իշխանությունը փորձում է մեղավորներ գտնել` մեկ նպատակով, որ իրենք չհեռանան իշխանությունից:

– Ավելի մեծ ցինիզմ լինել չի կարող։ Սա խոսում է այն մասին, որ այս մարդկանց համար իշխանություն ունենալն ինքնանպատակ է։ Ցանկացած պարագայում ձգտում են օր ավելի մնալ իշխանության, չհասկանալով, որ իրենց իշխանավարման յուրաքանչյուր հաջորդ օրը երկրի համար նոր խնդիրներ է առաջացնում։ Հենց միայն այն պատճառով, որ նրանք Հայաստանից դուրս Հայաստանի շահերը ներկայացնելու ու պաշտպանելու կարողություն ու հնարավորություն չունեն։ Պարտությունը զրկել է նրանց այդ հնարավորություններից։ Սեփական մեղքը չտեսնելը, այլ մեղավորներ փնտրելու ու մատնանշելու փորձերը տհաճ են ու հակակրանք են առաջացնում։ Կամայական իշխանություն, որի իշխանավարման ընթացքում նման պարտություն է արձանագրվում, անկախ ունեցած մեղքի չափից, պարտության արձանագրման հաջորդ օրը պետք է հեռանար։ Եթե, իհարկե, գնահատում են պետությունը եւ հասկանում են, թե ինչ է իշխանությունը։ Մեր դեպքում գործ ունենք սեփական ցանկություններին ու մղումներին պետական շահը ստորադասող, ընդհանրապես, պետության հաշվին ինքնահաստատվել փորձող մարդկանց խմբի հետ։

– Հետպատերազմյան շրջանում ակտիվ բանավեճ սկսվեց, որ ժամանակին Տեր-Պետրոսյանը ճիշտ էր, պետք էր դեռ այն ժամանակ գնալ զիջումների: Նորմա՞լ է, որ դեռ այն ժամանակ` հաղթած Հայաստանը պատրաստ էր զիջումների, այսօր արդեն ականատես ենք լինում զիջումների` ոչնչի դիմաց, իսկ Ադրբեջանն, ինչպես այն ժամանակ, այնպես էլ այժմ, առավելապաշտական դիրքերից է խոսում: Ո՞րն է մեր սխալը:

– 1997-98 թվականներին խոսք չի գնացել զիջումների մասին։ Խոսք է գնացել փոխզիջումների մասին, ինչի արդյունքում խաղաղություն կհաստատվեր, կսկսվեր հաշտության գործընթաց եւ տեղի կունենար ապաշրջափակում։ Կունենայինք բոլորովին այլ տարածաշրջան եւ այդ տարածաշրջանում բոլորովին այլ Հայաստան։ Ցանկացած հակամարտություն պետք է ավարտ ունենա։ Եթե չես ցանկանում, որ այդ ավարտն արձանագրի քո պարտությունը կամ քո կրախը՝ պետք է կարողանաս հաշվել ու հիմնվելով այդ հաշվարկի վրա՝ կանխատեսել։

Պետք է կարողանաս համադրել քո ու հակառակորդիդ հնարավորությունները։ 90-ականների երկրորդ կեսին արված տրամաբանական հաշվարկները ցույց էին տալիս, որ Ադրբեջանը՝ օգտագործելով իր ռեսուրսները, անկասկած, հզորանալու է, իսկ Հայաստանը՝ լինելով շրջափակված՝ չի կարողանալու մեծ տնտեսական հաջողություններ արձանագրել։ Այստեղից եզրակացություն՝ հաջորդ պատերազմը մեր օգտնին լինել չի կարող։ Էլ չասած, որ պատերազմի մշտական սպառնալիքի պայմաններում ապրելն ինքնին վատ բան է եւ օր առաջ պետք է վերջակետ դնելու ճանապարհներ փնտրել։ Բայց գտնվեցին մարդիկ, որոնք ակնհայտ փաստերն անտեսելով՝ դեմ գնացին փոխզիջումների ու հնարավոր հաշտության ծրագրին։ Այդ մարդիկ հայտնի են՝ Վազգեն Սարգսյան, Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Սամվել Բաբայան, Վարդան Օսկանյան եւ այլն։ Մարդկանց մի ոչ մեծ խումբ։ Այսօր սրանց հարց պետք է ուղղվի։ Նրանք պետք է բացատրություն տան։ 1998-ի հունվարին այս մարդիկ բեկել են մեր ընթացքը, ապա՝ 20 տարի շարունակ արել են ամեն ինչ, որ խնդիրը չլուծվի, որ լուծումը որքան հնարավոր է՝ հետաձգվի, որ, վերջին հաշվով, լինի այս պատերազմը եւ արձանագրվի այս պարտությունը։ Նիկոլ Փաշինյանը այս պարտության առաջին պատասխանատուն չէ։ Նա կարող է համարվել պատերազմի սկսման պատճառ, կարող է մեղադրվել, որ պատերազմը կանխելու փորձեր չի արել։ Հակառակը՝ ամբոխահաճո իր ելույթներով, անհետեւողական ու վայրիվերո իր քայլերով, բանակցային ընթացքի տրամաբանությունը չհասկանալով, սեփական բացառիկության մասին ունեցած առասպելով տարված եւ իր անձնական հնարավորությունները գերագնահատելով՝ իրավունք է տվել Ալիեւին, որ սկսի պատերազմը։ Իսկ պատերազմի հնարավորության, պատերազմի մշտական սպառնալիքի պատճառը թվարկված մարդիկ են։

Համաձայն չեմ հարցում ձեւակերպված այն մտքի հետ, թե «հաղթած Հայաստանը պատրաստ էր զիջումների, այսօր արդեն ականատես ենք զիջումների՝ ոչնչի դիմաց, իսկ Ադրբեջանն, ինչպես այն ժամանակ, այնպես էլ այժմ, առավելապաշտական դիրքերից է խոսում»: Արդեն ասացի, հաղթած Հայաստանը 1998-ին ոչ թե զիջումների, այլ փոխզիջումների էր գնում։ Ադրբեջանն էլ առավելապաշտական դիրքերից չէր հանդես գալիս։ Խնդիրը պետք է լուծվեր երկկողմանի զիջումներով։ Այսօր բոլորովին այլ իրականություն է։ Փոխզիջման մասին խոսք լինել չի կարող։ Հայաստանը ոչինչ չի զիջում, հայկական կողմից դիմադրության չհանդիպելով՝ ուղղակի վերցնում են այն՝ ինչ կարողանում են կամ ինչ հարկ են համարում եւ չեն էլ բավարարվում։ Այսօրվա եւ 1998-ի միջեւ համեմատության եզրեր մատնանշելը սխալ է։

– Մինչ քաղաքական, ռազմական շրջանակները վիճում-բանավիճում` միմյանց ծաղրում-նախատում են «Իսկանդերի» կրակել-չկրակելու կամ «տասը տոկոսով» կրակելու, Հայաստանում գրանցված «Բոինգ» ինքնաթիռի` անհասկանալի պայմաններում Իրանում հայտնվելու, Աբու-Դաբիում` ռազմական ցուցահանդեսին Հայաստանի խայտառակ մասնակցության մասին, հայկական բանակում, արձակուրդ վերադարձած զինվորները հրաժարվում են վերադառնալ իրենց ծառայության նախկին վայրերը, այդ թվում՝ նաեւ Արցախ, ծնողների քաջալերումներով`լքում են զորամասը: ՊՆ-ն հայտարարեց ծառայողական քննության նշանակման մասին, բայց այս երեւույթի արմատներն ավելի խորն են գնում: Ի՞նչ ուղերձ կա սրա տակ թաքնված:

– Սա խոսում է պետական մեքենայի խափանումներով աշխատելու կամ չաշխատելու մասին։ Այդ մեքենան աշխատեցնողները անհրաժեշտ հմտություններ չունեն։

Չեն կարողանում ու չեն կարողանալու։ Ինչ վերաբերում է «Իսկանդերին», ապա նորություն չէ՝ Փաշինյանը շատ հաճախ է արտահայտում մտքեր, որոնց մեկնաբանմամբ կամ հերքմամբ հետագայում՝ իր հետ միասին ողջ իր թիմն է զբաղվում։ Շատ ավելի լավ կլինի չխոսել ու խնդիրներ չառաջացնել։ Բայց չխոսելու համար նույնպես որոշակի պատրաստվածություն է պետք։ Պետք է հասկանալ լրագրողի, ընդդիմադիր գործչի ու պետության առաջին դեմքի տարբերությունը։ Պետք է հասկանալ՝ ի՞նչ է նշանակում լինել վարչապետ։ Պետք է կանխատեսել, թե ինչ վնաս կհասցնի պետությանն արտաբերած այս կամ այն խոսքը։ Մեր դեպքում ականատես ենք պատասխանատվության ու հետեւողականության իսպառ բացակայության։

– Հայաստանյանը մտել է ճանապարհների ապաշրջափակման փուլ, խոսվում է Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման, առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման մասին, սակայն ՊԵԿ նախարարը լրագրողների հետ զրույցում հստակ պատասխաններ չտվեց, քանի որ չկան հստակ հաշվարկներ: Փաստորեն, մտել ենք մի գործընթացի մեջ, որում ունենք միայն իշխող ուժի ներկայացուցիչների ուրախ տոնայնությունը: Պատկերացումներ ունե՞ք, ինչի՞ կարող են հանգեցնել այս գործընթացները:

– Ավելի քան բանական է, որ երկիրն իր հարեւանների հետ պետք է ունենա եւ բաց սահմաններ, եւ դիվանագիտական հարաբերություններ։ Երբ խոսում ենք 1998-ին առաջարկված լուծումների մասին՝ առաջին հերթին պետք է գիտակցենք, որ այն ժամանակվա առաջարկվող լուծումները, ինչպես նաեւ սեղանին եղած հաջորդ լուծումները նախատեսել են ապաշրջափակում եւ որպես հետեւանք, իհարկե, դիվանագիտական հարաբերություններ։ Հայաստանը չի կարող եւ չպետք է հավերժ մնա շրջափակված վիճակում։ Բայց այս պատերազմը եւ այս պարտությունը շատ բարդ վիճակի մեջ են դրել մեզ։ Ըստ էության հայկական կողմը իր շահերն սպասարկել չի կարողանում։ Վճռորոշ է պարտված իշխանության ներկայությունը։ Իշխանություններն անկարող են, իսկ մեր հարեւանները՝ ագրեսիվ։ Այս տարբերակով ապաշրջափակում ասվածը կարող է շահավետ լինել միայն մեր հարեւանների համար, իսկ Հայաստանը կրկին կարող է դուրս մնալ տարածաշրջանային զարգացումներից։ Նոր մարտահրավերների պարագայում նոր ու կարող իշխանություններ են պետք։

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Հ. Գ. Հարցազրույցն արվել է մինչեւ երեկ տեղի ունեցած զարգացումները:

«Առավոտ» օրաթերթ

26.02.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728