Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլը չի հասկանում, թե ինչ է նշանակում ԳՇ-ի հայտարարությունը. դա վերջնական դատավճիռ է. Վազգեն Մանուկյան

Փետրվար 26,2021 10:40

«Ոչ մի սադրանք տեղի չի ունեցել, ամեն ինչ նորմալ է»,- Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

Հիշեցնենք, երեկ երեկոյան շարժման անդամները վրաններ տեղադրեցին Բաղրամյան պողոտայում`ԱԺ-ի մատույցներում: Ընդդիմադիրները գիշերն անցկացրել են վրաններում: Վազգեն Մանուկյանը «գիշերը շատ ուշ» է գնացել տուն, առավոտյան շուտ կրկին միացել է ցուցարարներին:

Այսօր ժամը 11. 00-ին խորհրդարանում կրկին նախատեսված է ԱԺ խորհրդի նիստ, որը կորոշի`ԱԺ արտահերթ նիստ անցկացնել-չանցկացնելու հարցը: Ժամը 13.00-ին, ընդդիմությունը Բաղրամյան պողոտայում հանրահավաք է հրավիրել: Հանրահավաքից հետո կրկին երթ կլինի, որը կավարտվի Բաղրամյան պողոտայում: Թե հետո ինչ կլինի`զարգացումները ցույց կտան:

«Ինձ չի հետաքրքրում, թե իշխանությունն ինչ է մտածում. ես տեսնում եմ, որ իշխանությունն արդեն 90 տոկոսով ամեն ինչ կորցրել է, գրեթե ոչ մի հենարան չունի»,- հարցին`երեկվա իրադարձություններից ի՞նչ տպավորություն է ստացել, հնարավո՞ր է իշխանությունն ընկրկի, պատասխանեց Վազգեն Մանուկյանը:

«Ամբողջ խնդիրն այն է, որ տաքարյուն մարդիկ կան, ասում են՝ վճռական գործողություններ անենք: Բոլոր վճռական գործողություններն արված են, հոգեվարքի մեջ է իշխանությունը: Պետք է համաժողովրդական շարժում լինի, իսկ ես գիտեմ, որ ժողովուրդը շրջաններից ցանկություն ունի գալու Երեւան: Ուզի-չուզի պետք է գնա»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե ԳՇ-ի հայտարարությունը վտանգի տակ է դնում Հայաստանի անվտանգությունը, Վազգեն Մանուկյանը հակադարձեց. «Հայաստանի անվտանգությունը գտնվում է զրո վիճակում: Ցավն այն է, որ Հայաստանի անվտանգությունն ավելի խախտել գրեթե հնարավոր չի, չնայած Նիկոլը բավական մեծ փորձեր կատարում է: «Իսկանդերի» մասին խոսելով ինքն ավելի նվազեցրեց պաշտպանության մակարդակը: Պարզ է, որ բանակը հեղաշրջում չի արել, չնայած եթե հեղաշրջում էլ աներ, ես դեմ չէի լինի: Բանակն ապահովում է երկրի անվտանգությունը եւ գտնում է այն թիրախը, որն է թշնամին: Փաստորեն բանակը ասաց, որ հիմա անվտանգությանը սպառնում է Նիկոլ Փաշինյանը եւ նա պետք է հեռանա: Դա իրենց իրավասությունների մեջ մտնող հարց էր»:

Նիկոլ Փաշինյանի կողմից երեկ կազմակերպված հանրահավաքի եւ երթի մասին խոսելով էլ, Վազգեն Մանուկյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանը «մեծ ցանկություն կունենար», որ բախումներ լինեն. «Մարտի 1-ին ո՞վ էր մարդկանց ուղարկում բախումների: Նիկոլ Փաշինյանը կուզենար, բայց բան չեղավ: Կարծում եմ՝ մեծ խոհեմություն էր, որ մենք այնպես արեցինք, որ բախում չլինի»:

Իսկ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի վրա ճնշումներին, որպեսզի հրաժարական տա, Վազգեն Մանուկյանը մամուլից է տեղեկացել. «Բայց հասկանալի է, որ հրաժարական չի տա: Խելոք մարդ է, ինչո՞ւ պետք է նման բան անի: Նիկոլը չի հասկանում, թե ինչ է նշանակում, երբ բանակն ասում է՝ այս մարդը պետք է գնա: Դա վերջնական դատավճիռ է»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728