Լրահոս
Օրվա լրահոսը

«Թող զինվորականները ավտոմատներով դուրս գան փողոց ու գնդակահարեն մեզ». «Հրապարակ»

Փետրվար 26,2021 10:36

Հայաստանում ներքաղաքական լարված իրավիճակը երեկ հասավ կուլմինացիային։ ԶՈՒ գլխավոր շտաբը հայտարարություն տարածեց՝ նշելով, որ պահանջում են ՀՀ վարչապետի եւ կառավարության հրաժարականը։

Իշխող խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը, պնդում է, որ բանակը խառնվել է քաղաքական գործընթացներին, հղում է անում Սահմանադրության 14-րդ հոդվածին եւ հիշեցնում, որ դա անթույլատրելի է. «Մարդիկ  խախտում են Սահմանադրությունը եւ քիթները խթում իրենց չվերաբերող տիրույթ»։ Մեր դիտարկմանը, թե քաղաքական շրջանակները պնդում են, որ վտանգված են երկրի անվտանգությունն ու ինքնիշխանությունը, ուստի բանակն այս իրավիճակում չէր կարող անտարբեր մնալ, իշխանական պատգամավորն այսպես արձագանքեց. «Դե, որ երկրի անվտանգության հարցն է, թող զինվորականները ավտոմատներով դուրս գան փողոց ու գնդակահարեն մեզ, հանձին ինձ՝ Աղազարյան Հովիկի»։

Հետաքրքրվեցինք՝ կարդացե՞լ է ԳՇ հայտարարության տեքստը, համաձայն չէ՞, որ իշխանությունը, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, այլեւս չի կարողանում արդյունավետ կառավարել։ «Դե, դրա համար եմ ասում՝ թող դուրս գան, մեզ գնդակահարեն եւ իշխանությունը վերցնեն իրենց»։

Հարցրինք՝ ո՞վ պետք է պահանջի վարչապետի եւ կառավարության հրաժարականը, որ համարեք՝ դա ժողովուրդն է․ նախկին, ներկա նախագահների, կաթողիկոսների, քաղաքական ուժերի, գիտնականների, դասախոսների եւ պարզապես հազարավոր քաղաքացիների պահանջը բավարար չէ՞։ «Էդ բոլոր պահանջողները, թերեւս բացի կաթողիկոսներից, իրավունք ունեն պահանջելու, ես որեւէ մեկի նկատմամբ ոչինչ չունեմ, բայց բանակը դրա իրավունքը չունի, ինքը պիտի ձենը կտրի, վեր ընգնի տեղը, ԳՇ պետն էլ, իր տեղակալներն էլ»։ Ինչո՞ւ։ «Սահմանադրության 14-րդ կետի համաձայն»։ Իսկ եթե պետություն ենք կորցնո՞ւմ… «Ո՞վ է որոշում»։ Ես էլ եմ հարցնում՝ ո՞վ է որոշողը, եթե «Իմ քայլում» կարծում են, որ արտահերթ ընտրությունների պահանջ չկա։ «Հիմա շտաբի պետի ու ժողովրդի կարծիքը հարաբերակցության մե՞ջ է դրվում։ Ժողովուրդն է պահանջողը»։ Հովիկ Աղազարյանն ասաց, որ քաղաքացիներին Հանրապետության հրապարակ կանչելով, ըստ էության, փորձելու են ճշտել՝ ունե՞ն ժողովրդի աջակցությունը, թե՞ ոչ։ Մեր հարցին՝ եթե Ազատության հրապարակում ավելի շատ մարդ հավաքվի, քան Հանրապետության հրապարակում, Նիկոլ Փաշինյանը գնալո՞ւ է։ «Բա իհարկե»։

Նշենք, սակայն, որ երեկ բազմաթիվ ահազանգեր հնչեցին, որ պետական հիմնարկներում՝ նախարարություններում, թաղապետարաններում, մարզպետարաններում, բանկերում եւ այլ հաստատություններում մարդկանց պարտադրում են մասնակցել Փաշինյանի հրավիրած հանրահավաքին։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728